
Թոմ դը Վաալը կանխատեսում է՝ «բողոքի ակցիաները Հայաստանում լուրջ բնույթ կստանան». Ազատություն

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հարցազրույցը Վաշինգտոնում գործող «Կարնեգի» հիմնադրամի առաջատար վերլուծաբան, կովկասյան հարցերով փորձագետ Թոմ դը Վաալի հետ:
Թամրազյան. – 2013 թվականն արդեն անցյալ է, և տարածաշրջանում, ինչպես նաև Հայաստանում բազմաթիվ կարևոր զարգացումներ եղան: Բայց կարևորագույն հարցերից մեկը, որ կուզենայի տալ, և որի շուրջ այս օրերին քննարկումներ են ընթանում, Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղվածության նշանակալի փոփոխությունն էր` Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը: Ի՞նչ կարող ենք սպասել այս 180 աստիճան շրջադարձից, որը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արեց անցած տարվա սեպտեմբերին: Դա կհանգեցնի՞ Հայաստանի քաղաքական կյանքի որակի փոփոխության` նկատի ունեմ քաղաքականության և հայաստանյան իշխանությունների վարքագծում տոտալիտար միտումների ի հայտ գալուն:
Դը Վաալ. – Դա մեծ հարց է, որը բազմաթիվ բաղադրիչներ ունի` ինչպես Հայաստանի ներքաղաքական կյանքին, այնպես էլ առհասարակ Մաքսային միությանը վերաբերող: Սկսենք նրանից, որ Հայաստանը առայժմ պարտավորություն է ստանձնել Մաքսային միությանը անդամագրվելու, բայց սա երկարաժամկետ գործընթաց է:
Կարծում եմ Հայաստանը, և կոնկրետ նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում էր բաց պահել իր հնարավորությունները, նա ուզում էր թե՛ Եվրոպայի, և թե՛ Ռուսաստանի հետ համագործակցել, սակայն փաստորեն քաղաքական պատճառներով, և իհարկե, Ռուսաստանի ճնշման տակ, նա ստիպված էր ընտրություն կատարել և ընտրել Ռուսաստանը: Բայց կարծում եմ, որ Մաքսային միության հետ կապված շատ հարցեր կան` այն առումով, թե որքանո՞վ այն կենսունակ կլինի: Մենք արդեն իսկ տեսնում ենք որոշակի հակազդեցություններ, դժգոհություններ Ղազախստանի նախագահ Նազարբաևի և Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի կողմից: Նրանցից յուրաքանչյուրը սեփական, մյուսներից տարբերվող մոտեցումներ ունի Մաքսային միությանը: Նրանք այն համարում են առավելապես տնտեսական համագործակցության սերտացման միջոց, այդպիսին է, մասնավորապես, Ղազախստանի դիրքորոշումը: Մինչդեռ Վլադիմիր Պուտինի համար սա ավելի շատ այսպես ասած` քաղաքական պրոյեկտ է: Այնպես որ, կարծում եմ՝ մենք որոշակի խնդիրներ ենք տեսնելու Մաքսային միության հետ կապված և եթե-ները` այն առումով, թե այս միությունը առհասարակ կկայանա՞ և կգործի՞, շարունակում են մնալ:
Թամրազյան. – Մեկ այլ հարց Մաքսային միության մասին: Ձեր կարծիքով, ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները նման մեծ ջանքեր գործադրում ՄՄ-ին միանալու գործընթացն արագացնելու ուղղությամբ: Նկատենք, որ նույնիսկ ռուսաստանյան պաշտոնյաներն են ընդունում, որ Հայաստանը անսովոր փութաջանություն է ցուցաբերում միացման գործընթացն արագացնելու հարցում` ասենք «Ճանապարհային քարտեզի» մշակման, ստորագրման և այլ հարցերում: Ի՞նչ եք կարծում, ի՞նչն է այս փութաջանության պատճառը, ի՞նչ կա թաքնված դրա ետևում:
Դը Վաալ. – Կարծում եմ դա բացատրվում է նրանով, որ Հայաստանը չի ցանկանում հայտնվել վակուումում, հետ մնալ: Երեք տարի տևած արդյունավետ գործընթացից հետո` Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մասին է խոսքը, երբ խնամքով ու մեծ ծավալի աշխատանք էր իրականացվել, հիմա, հանկարծ, Հայաստանը 180 աստիճան շրջադարձ կատարեց, և կարծում եմ բավական դժվար էր նման քայլի գնալը, դա նաև քայլ էր, որը լավ չընդունվեց հայաստանյան հասարակության բազմաթիվ շերտերի կողմից, և այժմ, թերևս, եթե Ձեզ դնեք Հայաստանի իշխանությունների տեղում, պարզ է, որ ավելի լավ է արագացնել և ի վերջո որոշակի օգուտներ քաղել Ռուսաստանից, քան մնալ ձեռնունայն:
Հիմա` ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակի մասին ձեր հարցին, կարծում եմ, որ այո, սա իսկապես որոշակի հետևանքներ կունենա ներքին քաղաքականության առումով: Կարծում եմ, որ հասարակությունն Հայաստանում այնքան ռուսամետ տրամադրվածություն չունի, որքան քաղաքական էլիտան: Ժողովուրդն ուզում է տեսնել Ռուսաստանին որպես անվտանգության երաշխավորի, հասարակությունը կողմ է Ռուսաստանի հետ կապեր ունենալուն, սակայն վերջին տասը տարիներին մենք տեսնում ենք, որ հայաստանյան հասարակությունը աճ է ապրել, և ասում է` Հայաստանը Հայաստան է, Ռուսաստանը` Ռուսաստան, և չի ցանկանում այս` գաղութայինի նմանվող հարաբերությունը Ռուսաստանի հետ, որը հենց այն է, ինչ տալիս է Մաքսային միությունը: Միևնույն ժամանակ, քաղաքական էլիտան, ինչպես գիտենք, շատ ռուսամետ է, նույնիսկ եթե նայենք նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, նա մի շարք բավական ռուսամետ հայտարարություններ է արել վերջին մեկ-երկու տարում: Եվ ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը զգում էր այդ ճնշումը` «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանի, իր նախորդի` Ռոբերտ Քոչարյանի կողմից, և այս որոշումն ընդունելու նպատակներից մեկը ներքին քաղաքական ճակատում պրոռուսական ճնշումներից, ներքին քաղաքական դաշտում Կրեմլի աջակցությունը ստանալու ճնշումներից ձերբազատվելն էր:
Թամրազյան. – Կարծում եք՝ իսկապես կա՞ր այդ ճնշումը, և ոչ իշխանական ու ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ուժը միահամուռ ուժերով նախագահ Սերժ Սարգսյանին ստիպել են մտնե՞լ Մաքսային միություն: Նրանք իսկապես պրոռուսական պահվածք ունեին և սպառնում էին ապստամբություն բարձրացնել, բայց իսկապե՞ս կար նման սպառնալիք Սերժ Սարգսյանի համար և նա չէր կարող ընդդիմանալ դրան:
Դը Վաալ. – Դե, կարծում եմ, որ ոչ թե այժմեական` այսօրվա ճնշում էր, այլ մի ճնշում, որի մասին Սերժ Սարգսյանը, որպես շախմատիստ, ով սովոր է մի քանի քայլ առաջ մտածել, եթե ոչ երկրի ռազմավարական տեսլականի առումով, ապա գոնե ներքաղաքական խաղերի առումով, տեսնում էր, և 2018-ի նախագահական ընտրություններին ընդառաջ, սպառնալիք էր տեսել իր ներքաղաքական հենարանի համար: Թերևս, չնայած դեռ վաղ է այդ մասին խոսելը, նա ցանկանում է փոխել Սահմանադրությունը և այդպիսով որոշակիորեն պահպանել իր իշխանությունը Հայաստանում: Եվ ակնհայտ է, որ դա անելու համար շատ լավ ապահովագրություն կարող է դառնալ Վլադիմիր Պուտինի և Կրեմլի աջակցությունը ստանալը: Իհարկե, սրանք ընդամենը ենթադրություններ են:
Թամրազյան. – Հայաստանյան քաղաքացիական հասարակությունը և ակտիվիստները մտահոգություններ են հայտնում, որ այս քայլով` Մաքսային միությանը միանալով, և Կրեմլի հետ մերձենալով, Հայաստանի իշխանությունները ավելի ավտորիտար դիրքորոշումներ կորդեգրեն խոսքի ազատության և այլ ազատությունների հարցում, և տոտալիտար ռեժիմների այս ակումբին միանալը կփչացնի նաև հայաստանյան քաղաքական դաշտը:
Ի՞նչ կասեք այս մասին:
Դը Վաալ. – Իհարկե, ավելի ժողովրդավար դառնալու` Հայաստանի հնարավորությունները չեն ավելանա, և ակնհայտ է, որ եթե եվրոպական մոդելը ենթադրում է միացում ժողովրդավարական պետությունների ակումբին, ապա Մաքսային միությանը անդամակցելը նշանակում է միանալ ավտորիտար ռեժիմների ակումբին: Սակայն կարծում եմ, որ ի վերջո Հայաստանը նաև ժողովրդավարության էլեմենտներ ունի խորհրդարանում, մամուլը, թեև ամբողջովին ազատ չէ, սակայն հնարավորություն տալիս է տարբեր տեսակետներ հնչեցնելու, հասարակությունը բավական ակտիվ է: Այնպես որ չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը կարող է այդքան «ձգել պտուտակները», նույնիսկ եթե ցանկանա: Ավելին, ես կարծում եմ, որ նա ցանկանում է ամեն դեպքում բաց պահել հնարավորությունները, չփակել դեպի Եվրոպա և ԱՄՆ տանող ճանապարհը, և նա գիտի, որ եթե ավելի ավտորիտար դառնա, Բրյուսելին և Վաշինգտոնին դա դուր չի գա, դուր չի գա նաև Սփյուռքին:
Կարծում եմ ցանկացած հայ գործչի խնդիրը, և սա վերաբերում է, մասնավորապես, Սերժ Սարգսյանին, այն է, որ նա փորձում է միաժամանակ մի քանի ձի քշել, և վախենում է ցած ընկնելուց:
Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: