Իրանը միջուկային հարցի վերաբերյալ որևէ խոստում չի տվել. ISNA
Թեհրանը որևէ պարտավորություն չի ստանձնել միջուկային հարցի վերաբերյալ՝ որպես Միացյալ Նահանգների հետ հնարավոր նախնական համաձայնագրի մաս, սա կլինի բանակցությունների առանձին թեմա, հաղորդում է ISNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան դիվանագետի։
Washington Post թերթը, հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդել է, որ Իրան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը, որը դեռևս վերջնականապես չի կնքվել, նախատեսում է, որ Թեհրանը պետք է հրաժարվի բարձր հարստացված ուրանի իր պաշարներից:
«ԱՄՆ-ի հետ միջուկային հարցերի և բարձր հարստացված ուրանի վերաբերյալ նախնական համաձայնագրի նախագծում մյուս կողմին որևէ պարտավորություն չի տրվել»,- ISNA-ն մեջբերում է իրանցի դիվանագետի խոսքերը, ում ինքնությունը չի բացահայտվում:
Նրա խոսքով, եթե ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնեն, միջուկային հարցը կդառնա 60-օրյա բանակցությունների առարկա, որի դիմաց ԱՄՆ-ն պետք է վերացնի պատժամիջոցները և ապասառեցնի ակտիվները, իսկ ամերիկյան ուժերը պետք է լքեն Իրանին հարակից տարածքները։



