Ինչո՞ւ մարդիկ իրենց կյանքի առաջին տարիների մասին հիշողություններ չեն ունենում
Հայտնի է, որ մարդկանց մեծ մասն իրենց կյանքի առաջին տարիների մասին ոչ մի հիշողություն չեն ունենում: Հոգեբաններն ուսումնասիրություններ են կատարել` պարզելու համար, թե որ տարիքից է վաղ մանկության մասին հիշողությունը աղոտանում, իսկ հետո` անհետանում, հաղորդում է naked-science-ը:
Ըստ գիտնականների` մանկական ամնեզիան սկսվում է յոթ տարեկանում: Երեք տարեկան երեխան լավ հիշում է մեկ տարվա վաղեմության դեպքերը, այդ հիշողությունները պահպանվում են մինչեւ 5-6 տարեկանը, սակայն արդեն մեկ տարի անց դրանք անհետանում են:
Ութ-ինը տարեկան երեխաների միայն մոտ 35%-ն են հիշում այն իրադարձությունները, որոնք իրենց հետ կատարվել են մինչեւ երեք տարեկանը:
ԱՄՆ Էմորիի համալսարանի գիտնականներն իրենց ուսումնասիրությունների ժամանակ պարզել են, որ երեք տարեկան փոքրիկները երբեք չեն հիշում կատարվածի վայրն ու ժամանակը, իսկ ահա ավելի մեծերը կարող են պատմել մանրամասները: Իրադարձությունները, որոնց ժամանակն ու վայրը չեն հիշվում, ջնջվում են հիշողությունից: