ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը՝ նույն դաշինքում

Փետրվարի 3-ին՝ ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին  օրը, Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը պատրաստվում է բարձրացնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Ֆորմալ առումով անվստահության հարցը կբարձրացնի ՀԱԿ խմբակցությունը, իսկ նրան կաջակցեն ԲՀԿ, ՀՅԴ, հնարավոր է՝ նաև «Ժառանգություն» խմբակցությունները: Առայժմ ՀԱԿ հիմնավորումները պաշտոնապես հրապարակված չեն, բայց կարելի է ենթադրել, որ դրա հիմքում լինելու է տնտեսական իրական աճի բացակայությունը, աղքատության բարձր մակարդակը և այն նվազեցնելու կառավարության անկարողությունը, գների և եկամուտների տարբերության շարունակական մեծացումը, գործարարության համար պայմանների վատթարացումը, հարկային բեռի ավելացումը և այդ ամենի հետևանք՝ շարունակական արտագաղթը, որը վաղուց արդեն բնորոշվում է՝ որպես փախուստ: Քանի այս հիմնավորումները պաշտոնապես ներկայացված չեն, խորհրդարանի ոչ իշխանական խմբակցությունները չեն շտապում կարծիք հայտնել, թե ինչպիսին կլինի իրենց վերաբերմունքը ՀԱԿ նախաձեռնության նկատմամբ: Չնայած պարզ է, որ կառավարության գործունեության գնահատականը բոլորի համար էլ նույնն է, և այն բացասական է:

Հայտնի է, որ խորհրդարանում ներկայացված ոչ իշխանական ուժերը բավարար ազդեցություն չունեն կառավարությանն անվստահություն հայտնելու համար: Նրանք միասին ունեն ընդամենը 53 մանդատ, մինչդեռ անհրաժեշտ է ևս 13 պատգամավորի աջակցություն՝ խորհրդարանում մեծամասնություն ունենալու համար: Արդյո՞ք ՀԱԿ-ը հերթական քաղաքական ակցիան է կազմակերպում խորհրդարանում՝ փորձելով շահել կառավարությունից դժգոհ հասարակության համակրանքը, թե՞ այդ նախաձեռնությունը կարող է ունենալ նաև գործնական նշանակություն:

Վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ կառավարությանը կարող են անվստահություն հայտնել ոչ միայն ոչ իշխանական պատգամավորները, այլ նաև նրանք, ում սովորաբար ընդունված է համարել կառավարության քաղաքական հենարանը` ՀՀԿ խմբակցությունը: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կառավարության ղեկավարի հասցեին հնչեցված քննադատությունից հետո ՀՀԿ-ական պատգամավորներն իրենց աջակցությունը հայտնեցին ոչ թե կառավարությանը և նրա ղեկավարին,  այլ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նրանք համարում են, որ Ռոբերտ Քոչարյանը միանգամայն իրավացի է իր գնահատականների մեջ, և նա միակը չէ, ով քննադատում է կառավարության գործունեությունը:

Նման գնահատականները նշանակում են, որ ՀՀԿ-ական պատգամավորները քաղաքականապես ավելի նպատակահարմար են համարում սատարել նախկին նախագահին, քան գործող վարչապետին: Սա կարող է նշանակել ոչ միայն այն, որ նրանք կիսում են նախկին նախագահի գնահատականները, այլ նաև այն, որ համարում են, որ նախկին նախագահն ապագայի ավելի մեծ հեռանկարներ ունի, քան գործող վարչապետը:

Եթե ՀՀԿ-ականները կառավարության անվստահության հարցի քննարկման ժամանակ քվեարկեն այնպես, ինչպես արտահայտվում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատականները մեկնաբանելիս, ապա կասկած չկա, որ կառավարությունը չի ունենա բավարար աջակցություն իր գործունեությունը շարունակելու համար: Ֆորմալ առումով նրանք դեմ դուրս չեն գա նաև գործող նախագահ Սերժ Սարգսյանին, քանի որ նա ևս բացասաբար է գնահատել կառավարության գործունեությունը, երբ հայտարարել է, որ, եթե կառավարությունը չապահովի 7 տոկոսանց տնտեսական աճ, այն պետք է հրաժարական տա:

Ինչպես տեսնում եք, ընդամենը մեկ ամիս հետո կարող է տեղի ունենալ ազգային համաձայնության յուրօրինակ դրսևորում առաջին, երկրորդ և երրորդ նախագահների խորհրդարանական կողմնակիցների միջև՝ ի դեմս կառավարությանն անվստահություն հայտնելու  նախաձեռնության:

Տեսանյութեր

Լրահոս