
Եգիպտոսում նախագահական ընտրությունները կարող են նախորդել խորհրդարանական ընտրություններին

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Եգիպտոսի նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ մինչև խորհրդարանական ընտրություններ, և ոչ թե դրանցից հետո, ինչպես որ պլանավորված էր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եգիպտոսում իշխանությունը փոխանցելու «ճանապարհային քարտեզի» համաձայն, Եգիպտոսի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2014 թվականի փետրվար-մարտին, իսկ նախագահական ընտրությունները` ամռան սկզբին:
Մինչ այդ` 2014 թվականի հունվարի 14-ին ու 15-ին, Եգիպտոսում անցկացվելու է նոր Սահմանադրության վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե: Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը հայտարարել է, որ մինչև խորհրդարանական ընտրությունները նախագահական ընտրությունների անցկացումը չի հակասում իշխանության փոխանցման հաստատված պլանին: