
Երևանից դուրս գտնվող հյուրանոցներում տեղերի 80%-ն արդեն ամրագրված է

«Արմհոթելս» հյուրանոցներում տեղերի առցանց ամրագրման համակարգում ներգրավված հյուրանոցների սենյակների ընդհանուր քանակը մոտ 5000 է: Ամանորյա տոների օրերին դրանց մոտ 80%-ն արդեն ամրագրված է: Այս մասին 168.am-ին հայտնեց «Արմհոթելսի» տնօրեն Աշոտ Նազարյանը՝ նշելով, որ անցած տարվա համեմատ որոշ չափով պահանջարկի նվազում կա, ինչը գուցե կապված է այլ երկրներ զբոսաշրջային այցելությունների թվի ավելացման հետ:
Հյուրանոցային ծառայությունների գներն անցած տարվա համեմատ գրեթե չեն փոփոխվել. «Զբոսաշրջիկներին առաջարկվում է փաթեթ՝ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը, այսիքնն՝ 7 գիշերակացով, և փաթեթն արժե 100 հազար դրամից մինչև 700-800 հազար դրամ՝ կախված ծառայությունների ծավալից»:
Նրա խոսքով՝ ամանորյա տոները Երևանից դուրս հյուրանոցներում անցկացնում են ոչ միայն ունևորները, այլև միջին ու միջինից ցածր խավի մարդիկ. «Մեր առաջարկությունների սպեկտրը շատ լայն է՝ ամենաթանկից մինչև ամենաէժան: Առաջարկ ունենք նաև օրը 7500 դրամ՝ ներառյալ 3 անգամյա սնունդ»: Ա.Նազարյանը նկատեց, որ հյուրանոցների զբաղվածության մակարդակով հնարովոր չէ գնահատել բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի մասին, քանի որ 3 մլն բնակչության մեջ 5000 համարը (մոտ 10 հազար մարդ), շատ քիչ թիվ է գնահատականներ տալու համար: