
Audi-ն առաջիկա 4 տարում բիզնեսի զարգացման վրա ծախսելու է 30 միլիարդ դոլար

Բրիտանական Financial Times թերթի փոխանցմամբ` գերմանական ավտոարտադրող Audi-ն մոտակա չորս տարվա ընթացքում բիզնեսի զարգացման վրա ծախսելու է 30 միլիարդ դոլար: Դա կլինի ընկերության պատմության մեջ խոշորագույն ներդրումային ծրագիրը:
Audi-ն այդ գումարի մեծ մասը` 70 տոկոս, ներդնելու է նոր մոդելների ստեղծման և նոր տեխնոլոգիաների ներդրման մեջ: Հիմնական ներդրումներն ուղղվելու են Գերմանիայում ընկերության գործարանների թարմացմանը: Բացի այդ, Audi-ն պատրաստվում է նոր գործարաններ բացել Մեքսիկայում ու Բրազիլիայում:
Պլանավորված է մինչև 2020 թվականը Audi-ի մոդելների քանակը 49-ից հասցնել 60-ի: Ընկերության մենեջերները խոստացել են ավտոմեքենաների տարեկան վաճառքը 1.5 միլիոնից հասցնել 2 միլիոնի:
Նոր մոդելների թվում նշվում են Audi A3 Sportback-ի հիբրիդային ու գազային տարբերակները, նոր սերնդի Audi TT-ը, Q1, Q4 ը Q6 քրոսովերները: Audi Group ընկերությունը մտնում է գերմանական Volkswagen ավտոկոնցեռնի մեջ: