Ուսանող-ծրագրավորողները «Հավելյալ իրականություն» խաղ են ստեղծել (տեսանյութ, լուսանկարներ)
Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի չորս ուսանող-ծրագրավորողներ` Գրիշա Թադևոսյանը, Արման Մալխասյանը, Նարեկ Հովսեփյանը և Գոռ Մաթևոսյանը, ինչպես նաև Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 3-րդ կուրսի ուսանող Ռուբեն Ոսկանյանը ստեղծել են մի խաղ, որի շնորհիվ կարելի է հայտնվել վիրտուալի և իրականի սահմանագծում:
Augmented reality («Հավելյալ իրականություն») խաղը հնարավորություն է տալիս միաժամանակ վիրտուալը տեղափոխել դեպի իրականություն և հետադարձ կապ ունենալ: Օրինակ` խաղը հնարավորություն է տալիս տեսախցիկի միջոցով հասկանալ իրական կյանքում կատարվող գործողությունները և միջամտել խաղի ընթացքին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց խաղի հեղինակներից՝ ծրագրավորող Գրիշա Թադևոսյանը: Նրա խոսքով` իրական կյանքում խաղի քարտերը հեռացնելիս, որի վրա պայքարում են մարտիկները, կարելի է խաղի մարտիկների պայքարը դադարեցնել վիրտուալ իրականությունում, կամ հակառակը` դրանք մոտեցնելիս մարտիկները սկսում են մենամարտել միմյանց հետ:
«Այսինքն` դուք ֆիզիկապես գամված չեք լինում էկրանին, նաև մասնակցում եք ֆիզիկական ներուժով. Օրինակ, երբ քարտերը շարժում եք, մարտիկները շարժվում են, իսկ նրանց պայքարը տեսնում եք էկրանին»,- ասաց ծրագրավորողը:
Ծրագրավորողների ստեղծած խաղի շնորհիվ, ինչպես նշեցինք՝ վիրտուալը կարելի է տեղափոխել իրականություն, իսկ դա հնարավոր է իրականացնել որևէ շարժական սարքի` սմարթֆոնի կամ պլանշետի տեսախցիկի օգնությամբ:
«Օրինակ, սմարթֆոնի միացված տեսախցիկը ճանաչում է իրական կյանքում առկա պատկերները` քարտերը, որոնք պարունակում են համապատասխան ինֆորմացիան, իսկ ծրագիրն ասես պատճեն է անում այդ ինֆորմացիան և տարածում այդ ամենը եռաչափ մարտիկների տեսքով, որոնք մենամարտում են»,- ասաց Գ. Թադևոսյանը:
Նշենք, որ ծրագրավորողներն իրենց Augmented reality կոչվող խաղը ներկայացրել էին «Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ-փառատոնին, որտեղ այն ճանաչվել է՝ որպես լավագույն խաղ: Խաղի վերջնական տարբերակը ծրագրավորողները նախատեսում են ավարտին հասցնել 2014 թվականին: Ի դեպ, մեր զրուցակիցը նշում է, որ սա դեռևս խաղի դեմո տարբերակն է: Ապագայում իրենք նպատակ ունեն խաղն ավելի զարգացնել և խաղի կառավարման տարբեր միջոցներ մտածել. օրինակ`մարտիկներն ապագայում հնարավոր է՝ մարտնչեն ձայնային կառավարման միջոցով: