Որքան գումար են ծախսել նախարարությունները սեմինարների և համաժողովների վրա
«168 Ժամը» ՀՀ բոլոր նախարարություններից և կառավարությանն առընթեր մարմիններից հետաքրքրվել է, թե 2012թ. հունվար ամսից մինչև 2013թ. հունիս ամիսը պետական բյուջեից որքա՞ն գումար են ծախսել սեմինարների և համաժողովների կազմակերպման վրա:
Ի պատասխան մեր հարցման` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից պատասխանել են, որ նշված ժամանակահատվածում կազմակերպվել են թվով 27 տեղական և միջազգային սեմինարներ, համաժողովներ և աշխատանքային այլ հավաքույթներ: Կազմակերպված միջոցառումներից 16-ի ծախսերը հոգացել է նախարարությունը, մյուսների ծախսերը՝ միջազգային կազմակերպությունները, իսկ մյուսների համար էլ ծախսեր չեն պահանջվել: 16 միջոցառումների վրա նախարարությունն ընդհանուր առմամբ ծախսել է 57 մլն դրամ:
Այսպես՝ «ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի ռուսական կողմի և հանձնաժողովին կից գործարար խորհրդի նիստի» վրա, որին մասնակցել է 80 մարդ, ծախսվել է 4 մլն 937.000 դրամ. այդ գումարից 340.000 դրամը ծախսվել է հուշանվերների ձեռքբերման համար, 2 մլն 150.000 դրամ էլ կազմել են հյուրանոցի և սննդի ծախսերը: Մեկ այլ` «Համամարդկային արժեքները և մշակութային բազամազանությունը 21-րդ դարում. զբոսաշրջության նշանակությունը» թեմայով միջազգային համաժողովի վրա նախարարությունը ծախսել է 28 մլն 956.000 դրամ, որից 1 մլն դրամն օգտագործվել է հուշանվերների ձեռքբերման համար, 9 մլն 708.000-ը՝ հյուրանոցի և սննդի ծախսերի:
Մինսկում տեղի ունեցած Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ համատեղ նիստին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մասնակցել է 2 անձ: Այս միջոցառման վրա կատարված ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 1 մլն 120.000 դրամ, որից 181.965 դրամն օրապահիկի համար է տրամադրվել:
Տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ 1 մլն 384.800 դրամ գումար է ծախսվել երկու միջոցառման վրա: 2012թ. սեպտեմբերի 17-78-ն անցկացվել է կապի տարածաշրջանային համագործակցության միջազգային համագործակցության համակարգման հարցերով հանձնաժողովի 26-րդ նիստը, որին մասնակցել է թվով 23 հյուր: Այս նիստի կազմակերպման համար ընդհանուր առմամբ ծախսվել է 998.000 դրամ, որից 300.000 դրամը տրամադրել են կոնֆերանս դահլիճի վարձակալմանը, 640.000 դրամը՝ սննդի կազմակերպման և սպասարկման դիմաց, իսկ 58.000-ը՝ հուշանվերների: Հեռահաղորդակցության միջազգային միության գլխավոր քարտուղար Հ. Թուրեի գլխավորած պատվիրակության ընդունելության վրա նախարարությունը ծախսել է 386.800 դրամ:
ՀՀ արտաքին գործերի նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2012թ. հունվարից մինչև 2013թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել են թվով 5 տեղական և միջազգային սեմինարներ, համաժողովներ և աշխատանքային այլ հավաքույթներ: Դրանց վրա ընդհանուր առմամբ ծախսվել է 1 մլն 763.603 դրամ: Այսպես, ՆԱՏՕ-ի պատվիրակության՝ 2012թ. փետրվարի 25-ից մինչև մարտի 2-ը Հայաստանում գտնվելու ընթացքում ԱԳՆ-ն ծախսել է 438.300 դրամ, որից 104.300-ը ճաշի գումարն է, 176.000-ը՝ թարգմանչական ծառայությունները, 66.000-ը՝ սրահի վարձակալությունը: «Համագործակցային անվտանգության ամրապնդումը. ՆԱՏՕ-ի նոր գործընկերային քաղաքականության հավելյալ ներդրումը» սեմինարի վրա ծախսվել է 809.650 դրամ: Դրանցից ճաշի գումարը կազմում է 642.150 դրամ, գրասենյակային ծախսերը՝ 33.450 դրամ, հուշանվերների գումարը՝ 59.800 դրամ, տրանսպորտային ծախսերը՝ 74.250 դրամ:
Ըստ Տարածքային կառավարման նախարարության տրամադրած տեղեկությունների՝ նշված ժամանակահատվածում անցկացվել է 7 միջոցառում: Դրանցից երկուսի դեպքում նախարարությունը ծախսել է գումարներ, իսկ 5-ի դեպքում՝ ոչ: Երկու միջոցառումների ընդհանուր ծախսը կազմել է 6 մլն 459.120 դրամ:
Օրինակ՝ «Աջակցություն պետական միգրացիոն ծառայությանը` ուղղված միգրացիայի կառավարման ուժեղացմանը Հայաստանում» խորագրով թվինինգ ծրագրին մասնակցելու նպատակով 2012 թվականի սեպտեմբերի 6-7-ը Հայաստան է ժամանել 5 անձից կազմված Շվեդիայի թագավորության պատվիրակությունը: Կատարված ընդհանուր ծախսը կազմել է 763.020 դրամ, որից տրանսպորտային ծախսերը կազմել են 200.000 դրամ, սննդի ծախսերը՝ 281.520 դրամ, տարածքի վարձակալումը՝ 72.000 դրամ, կազմակերպչական այլ ծախսերը՝ 209.500 դրամ:
Գերատեսչություններից ամենածախսատարը ՀՀ սփյուռքի նախարարությունն է: ՀՀ սփյուռքի նախարարությունը նշված ժամանակահատվածում անցկացրել է 6 համաժողով, որոնց ծախսերն ընդհանուր առմամբ կազմել են 25 մլն 746.518 դրամ: Այդ ծախսերից 6 մլն 461.000 դրամը հյուրանոցային ծախսերն են, 1 մլն 038.000-ը՝ տպագրությունն ու պաստառները, 2 մլն 444.000-ը՝ սուրճի ընդմիջման, ֆուրշետի կազմակերպումը, 1 մլն 456.800 դրամը՝ գրենական պիտույքների ձեռքբերումը, 768.000-ը՝ հուշանվերների ձեռքբերումը, 145.000-ը՝ ծաղիկների և ծաղկեպսակների գումարը:
Անցկացված միջոցառումների վրա պետական ֆինանսավորման հաշվին գումար չեն ծախսել ՀՀ արտակարգ իրավիճակների, Առողջապահության, Արդարադատության, Բնապահպանության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները: Միջոցառումների ֆինանսավորումն այս դեպքում կատարվել է միջազգային կազմակերպությունների կողմից: