Ուսխորհդի նախագահը՝ Անի Զախարյանին. «Դե լավ էլի.. արդեն համը հանում եք» (տեսանյութ)
Այսօր Երևանի տնտեսագիտական համալսարանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանությանը մասնակցելու էր եկել նաև «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ, նախկին ՀՀԿ-ական Անի Զախարյանը:
Նա մոտ 20 րոպե ուզում էր ներս մտնել լսարան, որտեղ այդ պահին ընթանում էր Տ. Մարգարյանի թեզի պաշտպանությունը, բայց անվտանգության աշխատակիցները դերը ստանձնած ուսանողները քաշքշում էին Անի Զախարյանին` թույլ չտալով նրան ներս մտնել:
«Հանրապետական կուսակցության ուսխորհրդի չակերտավոր նախագահն է կանգնած ու ինձ թույլ չի տալիս մտնել: Ցանկացած միջոցառում, երբ տնտեսագաիտական համալսարանում փորձում ենք անցկացնել, խոչընդոտներ են ստեղծում հենց այս երիտասարդները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անի Զախարյանը:
Նշենք, որ այդ երիտասարդները ոչ միայն Տնտեսագիտական համալսարանի ուսանողներն են, ուսանողական խորհրդի անդամներ, այլև նրանցից ոմանք Երիտասարդ խորհրդարանի Հանրապետական կուսակցության պատգամավորներ են:
«Հանրապետական կուսակցությունը միշտ իր այս ապականված երիտասարդների միջոցով խեղաթյուրում է նաև հասարակությունը»,- իր նախկին կուսակցության մասին ասաց Անի Զախարյանը:
Ապա նա դիմեց բուհի անվտանգության համազգեստով աշխատակցին, ով այս ընթացքում լուռ հետևում էր երիտասարդների գործողություններին և չէր միջամտում, նույնիսկ հաճախ կատարում էր նրանց հրահանգները: Զախարյանը ոստիկանանին հայտնեց, թե երիտասարդներն իրեն ուժ կիրառելու միջոցով խոչընդոտում էին, հրում, որպեսզի նա չմտնի լսարան: «Ձեր հարցերի պատասխանը ստացեք ռեկտորից»,- պատասխանեց ոստիկանը:
Անի Զախարյանն էլ հակադարձեց. «Դուք հիմա մի կուսակցության շահե՞րն եք պաշտպանում, թե՞ օրենք… »:
Ուսխորհդի նախագահն էլ ասաց. «Դե լավ էլի.. արդեն համը հանում եք»:
Ուսանողներից մեկն էլ Անի Զախարյանին ասաց, թե նա «դեգրադացիայի» է ենթարկում «այս ժողովը»:
Բուհի ռեկտորի հետ էլ երկար բանավիճելուց հետո Անի Զախարյանն, ի վերջո, ներս մտավ ու հայտնեց նաև իր կարծիքը Տարոն Մարգարյանի ատենախոսության վերաբերյալ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: