«Մենք Լենինգրադի սպեցնազից ենք, մենք ուսանող չենք» (տեսանյութ)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանությունն, ինչպես տեղեկացրել ենք, անցավ բավական լարված մթնոլորտում: Տնտեսագիտական համալսարանի ուսանողներն այսօր անվտանգության աշխատակիցների դեր ստանձնելով՝ շրջափակել էին լսարանի հարակից ողջ տարածքը, բաժանվել էին խմբերի ու հսկում էին բոլոր մուտքերը: Իսկ բուհի ռեկտորը, ով նաև Տարոն Մարգարյանի գիտական աշխատության ղեկավարն էր, լրագրողներին հորդորում էր հեռանալ տարածքից:
«Դուք որ գալիս եք լսարան, դուք պարտավոր եք թույլտվություն վերցնել: Դուք ումի՞ց եք թույլտվություն խնդրել: Լրագրողը հո ամեն տեղ չի՞ մտնում»,- ասաց բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանը:
Նա հավաստիացնում էր, թե լսարանում տեղ չկա, այն այնքան մարդաշատ է, որ նույնսիկ մեկ հոգի ներս մտնել չի կարող: Բայց ինչպես ավելի ուշ պարզվեց` լսարանում ոչ միայն ազատ մեծ տարածություն կար, այլև` ազատ աթոռներ:
«Էսպիսի բան ոչ մի պաշտպանության ընթացքում, պատմության մեջ ոչ մի անգամ չի եղել, որ գան…»,- նշեց ռեկտորը: Լրագրողների դիտարկմանը, թե պաշտպանողը քաղաքապետ է, Աթոյանն այսպես արձագանքեց. «Պարոն Մարգարյանը ձեզ համար է քաղաքապետ, մեզ համար նա շարքային քաղաքացի է: Էսպես շոու սարքե՞լ… գնացե՛ք: Դուք եք խախտել օրենքը»:
Ուսանողներն էլ փայլուն կերպով ստանձնել էին անվտանգության աշխատակիցների դերը: Ուսանողական խորհրդի նախագահի գլխավորությամբ, նրանք ոչ միայն հսկում էին լսարանի դուռը, այլև` հորդորում հեռանալ, երբեմն նաև հայհոյանքներ էին հնչում: Երբ հետաքրքվեցինք, թե ինչո՞ւ են հսկում, արդյոք այս ժամին դասի չե՞ն, որ դասախոսությունը թողած եկել են անվտանգության աշխատակցի դերակատարում են ստանձնել, նրանցից մեկն ասաց. «Մենք Լենինգրադի սպեցնազից ենք, մենք ուսանող չենք»: