2014 թվականին ամենաշատը ո՞ր երկրներում են սպասվում սոցիալական հուզումներ. The Economist-ի անդրադարձը
Բրիտանական The Economist թերթի վերլուծաբանները հրապարակել են աշխարհի 150 երկրում քաղաքական ու սոցիալական խնդիրների և սոցիալական հուզումների ռիսկայնության մասին իրենց ամենամյա վերլուծությունը: Երկրները դասակարգվել են 0-ից (շատ ցածր ռիսկայնությամբ երկրներ) մինչև 4 (շատ բարձր ռիսկայնությամբ երկրներ) բալանոց սանդղակով:
2014 թվականին ժողովրդական հուզումների շատ բարձր ռիսկային երկրների թվում ընդգրկվել է 19 երկիր: Հետխորհրդային տիրույթից այդ երկրների թվում ընդգրկվել է միայն Ուզբեկստանը: Մյուս 18 երկրներն են Արգենտինան, Բահրեյնը, Բանգլադեշը, Բոլիվիան, Բոսնիան, Եգիպտոսը, Հունաստանը, Գվինենա, Իրաքը, Լիբանանը, Լիբիան, Նիգերիան, Սուդանը, Սվազիլենդը, Սիրիան, Վենեսուելան Եմենը, Զիմբաբվեն:
«Բարձր ռիսկային» է ճանաչվել 46 երկիր, որոնց թվում են նաև Թուրքիան, Իրանը, Հորդանանը, Ուկրաինան, Ղազախստանը, Բելառուսը, Բրազիլիան, Բուլղարիան, Պակիստանը, Իսպանիան, ՀԱՀ-ը, Չինաստանը, Խորվաթիան, Կիպրոսը, Մոլդովան, Մեքսիկան, Տաջիկստանը, Ռումինիան, Ֆիլիպինները, Թուրքմենստանը, Ղրղզստանը:
Հայաստանն ընդգրկվել է «միջին ռիսկայնությամբ» երկրների թվում: Այս խմբում են հայտնվել նաև Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Իսրայելը: «Ցածր ռիսկայնությամբ» երկրների քանակը կազմել է 25, իսկ «շատ ցածր ռիսկայնությամբ» երկրներինը՝ 6 (Ավստրիա, Դանիա, Ճապոնիա, Լյուքսեմբուրգ, Նորվեգիա, Շվեյցարիա):
150 երկրներից 65-ում (43 տոկոս) բարձր կամ շատ բարձր է գնահատվել 2014 թվականին սոցիալական խռովությունների հավանականությունը: Նշվում է, որ վերջին 12 ամսվա ընթացքում բողոքի զանգվածային ակցիաներ են գրանցվել Ուկրաինայում, Բուլղարիայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Մեքսիկայում, Թունիսում, Եգիպտոսում ու Թուրքիայում: