
Սաակաշվիլին ափսոսանք է հայտնել, որ զրկվել է Ուկրաինա այցելելու հնարավորությունից

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ցավում է, որ մոտակա շաբաթներին չի կարող մեկնել Ուկրաինա: Այս մասին Սաակաշվիլին գրել է Facebook սոցցանցի իր էջում.
«Դժբախտաբար, ամեն ինչ այնպես է դասավորվում, որ ես չեմ կարող մոտակա շաբաթներին ճամփորդել իմ երկրորդ հայրենիքում՝ Ուկրաինայում, սակայն իմ սիրտն ու հոգին իմ ուկրաինացի քույրերի ու եղբայրների հետ է, որոնք պայքարում են իրենց անկախության, ազատության և իրենց եվրոպական արժանի ապագայի համար: Ես վստահ եմ, որ վերստին կկարողանամ ժողովրդավարության տրիումֆը տոնել հիանալի ու ազատ քաղաք Կիևում: Փա՛ռք Ուկրաինային»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Սաակաշվիլիին և Վրաստանի մի շարք քաղաքացիների անցանկալի անձ են ճանաչել Ուկրաինայում, որոնց մուտքն արգելվել է երկիր: Դրա հետ կապված՝ Վրաստանը նոտա է հղել Ուկրաինային: