
Ուկրաինայում անցանկալի անձ են ճանաչել Սաակաշվիլիին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան գնացել է ԱՄՆ-ի ու եվրոպական մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների սրմանը: Ռեգիոնների կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Օլեգ Ցարևը «Կոմերսանտ Ուկրաինա» պարբերականին հայտնել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և ԱԳՆ-ը բավարարել են 36 մարդու հարցում Ուկրաինա մուտք գործելու վրա արգելք դնելու մասին դիմումը:
Այդ անձանց թվում են հայտնվել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ԱՄՆ-ի ու Եվրոպայի երկրների քաղաքացիները: Նրանց բոլորին էլ կասկածում են երկրում տիրող իրավիճակն ապակայունացնելու շուրջ ուկրաինական ընդդիմության հետ խորհրդակցություններ անցկացնելու մեջ:
ԱՄՆ-ի, Գերմանիայի ու Վրաստանի 36 քաղաքացիների համար Ուկրաինա մուտք գործելու վրա արգելք դնելու նախաձեռնողն Օլեգ Ցարևն է: Նա դեկտեմբերի 8-ին համապատասխան հարցով դիմել է Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարային ու Անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոյին:
Արգելքի տակ ընկածների թվում են նաև Ջոն Հոփկինսի համալսարանին կից Անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնի գիտաշխատող Տարաս Կուզիոն, գերմանացի հայտնի քաղաքագետ Անդրեաս Ումլանդը, ինչպես նաև ամերիկացիներ Ֆինկ Բրայնը, Վասիլիկ Միրոնը, Ալեքսանդր Ռոսը: Անցանկալի անձանց թվում Սաակաշվիլիից բացի հայտնվել են նաև Վրաստանի 29 քաղաքացիներ:
Դեկտեմբերի 7-ին Սաակաշվիլին ելույթ է ունեցել «Եվրամայդանում» և աջակցել է Ուկրաինայի եվրաինտեգրման կողմնակիցներին: