Բաժիններ՝

Ինչպես են «զարգացնում» ջերմոցային տնտեսությունը

ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառված է ՀՀ գյուղացիական տնտեսություններում ջերմոցային տնտեսության խթանման հայեցակարգը, որը պարզապես բարի ցանկությունների շտեմարան է և չի հավակնում լուծել իրական խնդիրները: Ըստ փաստաթղթի՝ հայեցակարգի նպատակն է՝ «պետական նպատակային քաղաքականության» կիրառմամբ` ՀՀ գյուղացիական տնտեսություններում մինչև 1000 քմ տարածք ունեցող ջերմատնային տնտեսությունների զարգացումը, ջերմատնային տնտեսություններում ռիսկերի նվազեցման միջոցով ապահովագրական ընկերությունների համար գրավչության բարձրացումը:

Հայեցակարգով նախատեսվում է Ջերմատնային ասոցիացիայի ղեկավարության հետ բանակցությունների վարում` շրջանառու հիմնադրամի ստեղծման ուղղությամբ, որտեղ կուտակված ֆինանսական միջոցները նպաստավոր պայմաններով կհատկացվեն ջերմատների կառուցման, վերակառուցման, արդիականացման, ջրատաքացման արևային կոլեկտորների, ջերմային պոմպերի ձեռքբերման կամ այլ նմանատիպ աշխատանքների իրականացմանն աջակցելու համար: Նաև նախատեսվում է ջերմատները սպասարկող գյուղատնտես-մասնագետների պատրաստում, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից՝ ըստ մարզերի ջերմատների վիճակագրական հաշվառում և վիճակագրական հաշվառման վիճակի բարելավում: Այս ամենի արդյունքում, կառավարության չինովնիկների տրամաբանությամբ՝ առաջիկա 3-5 տարիների ընթացքում ջերմատնային տնտեսությունների տարածքը կավելանա մինչև 3 անգամ, ձմեռային ամիսներին հանրապետություն ներկրվող բանջարեղենը կփոխարինվի տեղական արտադրությամբ, իսկ գյուղացիական տնտեսությունների եկամուտներն էլ կավելանան:

Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ-ում շահագործվում է ավելի քան 145 հեկտար ջերմատուն: Ընդհանուր ջերմատների և ջերմոցների (հիմնական և ժամանակավոր կառուցված, ապակեպատ և թաղանթապատ ջերմատներ ու ջերմոցներ) մակերեսը կազմում է ավելի քան 500 հեկտար: ԱՎԾ տվյալներով՝ 2011-ին 97 հեկտար փակ գրունտում արտադրվել է 5986 տոննա բանջարեղեն, իսկ 2012-ին` 12 346 տոննա` 173 հեկտար պաշտպանված գրունտում:

«Այդ տեսքով այդ հայեցակարգն ավելի լավ է՝ չհաստատվի, քան հաստատվի»,- 168.am-ի հետ զրույցում նման կտրուկ գնահատական տվեց «Ջերմատնային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Պողոս Գևորգյանը, ով նույնպես մասնակցել է հայեցակարգի մշակմանը: Նա տեղեկացրեց, որ փաստաթուղթը նախապես մշակել են Գյուղատնտեսության նախարարության մասնագետների հետ, սակայն կառավարության աշխատակիցներն այն գրեթե ամբողջությամբ փոփոխել են և ոլորտի զարգացման համար կարևոր կետերը պարզապես դուրս թողել: Օրինակ՝ իրենք առաջարկներ էին ներկայացրել Էներգետիկայի և բնական պաշարների ու Ֆինանսների նախարարություններին, որ գազ օգտագործողների համար 10 հազար խմ շեմը ջերմատների դեպքում իջեցնեն 5000 խմ-ի, քանի որ փոքր ջերմատները (այդ կառավարության նշած 1000 քմ մակերեսով ջերմատները) այդքան գազ չեն սպառի, իսկ այդքան վճարել չեն կարող: Առաջարկել էին ջերմատները մտցնել գազ օգտագործողների առաջին կարգի մեջ, որոնց մատակարարումը վճարումների ուշացման դեպքում չի անջատվում: Առաջարկել էին նոր տեխնոլոգիական սարքավորումների ներմուծումն ազատել հարկերից:

Կարդացեք նաև

Ի դեպ, հայեցակարգում սարքավորումների ներկրումը հարկերից ազատելու մասին խոսք չկա, բայց ոլորտի զարգացման խոչընդոտների բաժնում խնդրի մասին նշված է. «Ջերմատնային կոնստրուկցիաների և ջերմատներում օգտագործվող սարքավորումների համար, ՀՀ ներկրելիս, կիրառվում է մաքսատուրք և հաշվարկվում է ավելացված արժեքի հարկ, որը խոչընդոտ է հանդիսանում հանրապետությունում նոր առաջավոր տեխնոլոգիաներով կառուցվող ջերմատների և դրանց համար սարքավորումների ներմուծման գործում»:

Պ. Գևորգյանի խոսքով, այս տարիների ընթացքում բազմաթիվ ներդրումային ծրագրեր չեն իրականացվել՝ կառավարության «աջակցության» հետևանքով: Մասնավորապես՝ իսրայելական ընկերություններից մեկն առաջարկել է սեփական միջոցներից 80% ֆինանսավորմամբ ջերմոցներ կառուցել Հայաստանում, գյուղացուն վճարել 1 տարվա աշխատավարձ, այդ ընթացքում բերքն իրենք ստանան, հետո ջերմոցը հանձնեն գյուղացուն: 1 ջերմոցի արժեքը մոտ 1.5 մլն դոլար է: Նման ծրագիր նույն ընկերությունն իրականացնում է Ղազախստանում, և արդեն 100 հա մակերեսով ջերմոցներ են կառուցել, ընդ որում՝ ֆինանսավորման մնացած մասը պետությունն է ստանձնել: Նման ջերմոցներում գազի ծախսը կկրճատվի առնվազն 30%-ով, իսկ բերքատվությունը կավելանա 3-3.5 անգամ: ՀՀ-ում ներդրումներ անելու համար ընկերությունն ընդամենը պահանջել է ՀՀ կառավարության երաշխիքը, որը չի ստացել, և ծրագիրը չի իրականացվել:

Մեկ այլ ծրագիր, ըստ Պ. Գևորգյանի, մշակվել էր և պետք է իրականացվեր ամերիկահայ մի ներդրողի հետ, ով, սակայն, ՀՀ-ում ընտրական վերջին գործընթացներից հետո գերադասել է այդ նույն ծրագիրն իրականացնել Վրաստանում:

Մինչ կառավարությունը կորոշի՝ ինչ-որ քայլեր անե՞լ, թե՞ չանել ջերմատների կառուցումն ու գործունեությունը խթանելու համար, հայկական բանջարեղենը մեծ պահանջարկ ունի արտերկրում, մասնավորապես՝ Ռուսաստանում: Սակայն, Պ. Գևորգյանի խոսքով, տեղական արտադրողները չեն կարողանում աճեցնել և արտահանել, արդյունքում՝ ՌԴ-ում վաճառվում է թուրքական ու ադրբեջանական բանջարեղենը՝ հայկականի անվան տակ:

Որքան էլ վիճակագրական պաշտոնական ցուցանիշները «փայլեցնեն»,  հասարակական կազմակերպության ղեկավարի տվյալներով՝ այս տարի՝ անցած տարվա համեմատ, տեղական ջերմատներում 300 հազար հատ սերմ քիչ է ցանվել, տնտեսվարման անբարենպաստ պայմանների պատճառով շատ ջերմատներ փակվում են՝ Սևանում, Գետափում, Դարակերտում և այլուր, իսկ նոր ջերմատներ չեն բացվել: Նա նշեց, որ այս ձմռան խստաշունչ եղանակն էլ իր հերթին՝ խանգարում է ջերմոցատերերին. «Նոր տարվա դեմ մենք արտադրանք չենք տա, թուրքական լոլիկն ու վարունգը կլցնեն շուկան: Մեր արտադրողները սպասում են, որ եղանակը մի քիչ տաքանա, հետո ցանեն, այլապես գազի ծախսը շատ է, շահավետ չէ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս