Էխինացեան ինֆեկցված, կծած վերքերի բուժման բուսական դեղամիջոց
Հարբուխն ու կոկորդում քերվածության զգացողությունը մեզանից յուրաքանչյուրին տարին առնվազն մի քանի անգամ անհանգստացնում են: Երեխաները միջին հաշվով տարեկան 8 անգամ հիվանդանում են սուր շնչառական հիվանդություններով: Եվ զարմանալի չէ, որ այդ ախտանշանների դեպքում կիրառում են ինչպես ժողովրդական լայն տարածում ունեցող մեթոդներ (սև պղպեղով օղի, չոր մանանեխով գուլպա, քացախով մերսումներ և այլն), այնպես էլ հին և նոր սերնդի դեղամիջոցներ:
Զուր չէ ասված, որ բուժվելու պարագայում հարբուխը տևում է 7 օր, չբուժվելու` 1 շաբաթ: Այս առումով սուր շնչառական հիվանդություններով տառապողներին ավանդական դեղամիջոցների հետ մեկտեղ բժիշկները նշանակում են այլընտրանքային բուժիչ միջոցներ, որոնց մեջ էխինացեան իր ուրույն և պատվավոր տեղն ունի:
Մինչ օրս այն համարվում է մրսածության պատճառով առաջացող հիվանդությունների բուժման և կանխարգելման նպատակով ամենահաճախ նշանակվող բուսական դեղամիջոցը: Մասնագետների կարծիքով` այս բույսը օժտված է իմուն համակարգի բջիջների` մակրոֆագերի և նեյտրոֆիլային գրանուլոցիտների, խթանման հատկոuթյամբ: Հարց է ծագում. իրա՞վ էխինացեան այդչափ օգտակար է, թե՞ ոչ: ԱՄՆ-ի Առողջապահության պետդեպարտամենտի պատվերով անցկացված կլինիկական փորձարկումների արդյունքները ևս մեկ անգամ ստիպեցին կասկածի տակ առնել մրսածության դեմ պայքարի այդչափ սիրելի դարձած միջոցի` էխինացեայի արդյունավետությունը:
Փորձարկումներին մասնակցում էին Վիսքոնսին նահանգի համալսարանի թվով 148 ուսանող: Նրանցից յուրաքանչյուրի մոտ հիվանդության նշանները (նախանշված 15 ախտանիշներից առնվազն 2-ը) ի հայտ եկան փորձարկումներն սկսելուց ոչ շուտ, քան 36 ժամ առաջ: Հարկ է նշել, որ ուսանողներից և ոչ մեկը մինչ կլինիկական փորձարկումները սկսելը բուժմանն ուղղված որևէ քայլ չէր ձեռնարկել: Հիվանդները, որոնց պայմանականորեն 2 խմբի էին բաժանել, սկսեցին ընդունել ակտիվ նյութ կամ պլացեբո դեղապատիճներ (ընդ որում, առաջին 1-2 շաբաթների ընթացքում` օրական 6 անգամ, 4 դեղապատիճ, այնուհետև նույն քանակությամբ դեղապատիճներ` օրը 3 անգամ հաճախականությամբ):
Փորձարկումները բավականին անսպասելի արդյունքներ ունեցան. թե’ էխինացեա, և թե’ «դատարկ»դեղապատիճներ ընդունած հիվանդների մոտ հիվանդությունը մոտ 6 օր տևեց: Ընդ որում, փորձարկվող 2 խմբերի հիվանդների մոտ ախտանշանների արտահայտվածությունը և հիվանդության տևողությունը նույնն էին: Գիտնականները եկան այն եզրահանգման, որ դեղապատիճի տեսքով էխնիացեան սուր շնչառական հիվանդությամբ և մրսածության ախտանշաններ ունեցող երիտասարդների մոտ բնավ էլ մոգական բուժիչ հատկություններով աչքի չընկավ:
Արդարամիտ լինելու համար ասենք, որ փորձարկումների արդյունքում ձեռք բերված տվյալները ընդհանրական չեն և չեն վերաբերում էխինացեա պարունակող բոլոր դեղամիջոցներին: Գիտնականները շեշտում են, որ խոսքը միայն նեղատերև էխինացեայի չորացրած արմատների (50% [123մգ.]), ալ կարմիր էխինացեայի արմատների (25% [62 մգ.]) և նույն ալ կարմիր էխինացեայի տերևների (25% [62 մգ.]) խառնուրդների հիմքով պատրաստված դեղապատիճներին է վերաբերում: Գիտնականները նաև հիշեցնում են, որ փորձարկումներին մասնակցած երիտասարդները որևէ քրոնիկ հիվանդությամբ չեն տառապել: Այս պարագայում տեղին է հիշեցնել նաև, որ նախկինում էխինացեայի հիմքով պատրաստված այլ դեղամիջոցների արդյունավետությունը ստուգող փորձարկումները դրական արդյունքներ են ունեցել (հիմնականում դրանք այլ բուսական ծագում ունեցող դեղամիջոցների հետ համակցված լուծված մզվածքներ էին): Բացի այդ, ավելի վաղ անցկացված կլինիկական փորձարկումներին մասնակցող անձինք միջին տարիքի և մրսածության պատճառով առաջացող հիվանդությունների հանդեպ առավել հակվածություն ունեցող մարդիկ էին: Թերևս այս պատճառով է ձևավորվել այն կարծիքը, որ էխինացեան առավել արդյունավետ ազդեցություն է ունենում թույլ իմուն համակարգ ունեցող մարդկանց բուժման պարագայում:
Այս դեպքում միգուցե հարկավոր էր պարզապես նախապատվություն տալ թրմուկներին և լուծված մզվածքներին` մոռանալով դեղապատիճի կամ դեղահաբի տեսքով էխինացեայի մասին: Գուցե և, բայց դեպքերն այլ ընթացք ստացան: Բժիշկներ Բրինկենբորնի, Շախի և Դեգենրինգի կողմից իրականացված հետազոտությունները հաստատեցին ալ կարմիր էխինացեայի տերևների (95 %) և արմատների (5%) հիմքով ստացված Echinaforce դեղամիջոցի կլինիկական արդյունավետությունը մրսածության հետևանքով առաջացող հիվանդությունների բուժման պարագայում: Իսկ մեկ այլ հետազոտության արդյունքում, որն իրականացրել էին բժիշկներ Գրիմմը և Մելլերը, պարզվեց, որ փորձարկմանը մասնակից հիվանդների խմբի մոտ, որոնք ընդունել էին ալ կարմիր էխինացեայի ջրիկ լուծված մզվածք և պլացեբո, բուժման արդյունքում էական տարբերություններ չարձանագրվեցին: Վաշինգտոնյան համալսարանին կից մանկաբուժության ինստիտում անցկացված փորձարկումների շրջանակներում, որի ընթացքում երեխաները ստանում էին էխնիացեա և պլացեբո, ապաքինման ժամանակահատվածի, ինչպես նաև հիվանդության բարդության և ընթացքի առումով որևէ տարբերություն չարձանագրվեց: Ավելին, էխինացեա ընդունած երեխաներից ոմանց մոտ ի հայտ եկավ մաշկի ալերգիկ ցան, որն, իհարկե, բուժման անհրաժեշտություն չառաջացրեց, բայց և այնպես, ապացուցվեց, որ ալերգիկ ցանն անմիջական կապ ուներ հենց էխինացեայի հետ: Ինչ վերաբերում է էխինացեայի կանխարգելիչ հատկությանը, ապա բժիշկների պնդմամբ դա զուտ վիճակագրական սխալմունքի արդյունք է:
Մի քանի տարի առաջ շնչուղիների ինֆեկցիոն հիվանդություններով զբաղվող մասնագետների մի խումբ (Cochrance Acute Respiratory Infections Group) ճշմարտությունը բացահայտելու փորձեր արեց: Բժիշկները էխինացեայի արդյունավետության (ոչ արդյունավետության) հարցին մասշտաբային մոտեցում ցուցաբերեցին` կատարելով մրսածության պատճառով առաջացող հիվանդությունների բուժման և կանխարգելման նպատակով օգտագործվող բոլոր էխինացեա պարունակող դեղամիջոցների մեթա-անալիզ: Նպատակային հետազոտության մեջ ներառվեցին ինչպես էխինացեա պարունակող դեղամիջոցներ, այնպես էլ պլացեբո: Այդ փորձարկումների ընթացքում գիտնականները բացառեցին այլ դեղամիջոցների կիրառումը` նպատակ ունենալով ստանալ էխինացեա պարունակող դեղամիջոցների ազդեցության ճշմարիտ պատկերը: Իրականացվեցին թվով 18 փորձարկումներ, որոնցից 8-ի ժամանակ էխինացեան օգտագործում էին մրսածության պատճառով առաջացող հիվանդությունների կանխարգելման նպատակով, իսկ մյուս 8-ը միտված էին վերին շնչուղիների ինֆեկցիոն հիվանդությունների բուժմանը:
Ընդհանուր առմամբ բոլոր փորձարկումներին մասնակցեցին թվով 3 հազ. 396 մարդ: Համաձայն նպատակային հետազոտությունների արդյունքների` էխինացեա պարունակող դեղամիջոցները կարող են արդյունավետ լինել սուր շնչառական հիվանդությունների առաջին ախտանշանների դեպքում: Սակայն ստացված արդյունքները բավարար չէին դեղամիջոցների ընդունմանը վերաբերող որևէ դեղաչափ սահմանելու համար: Չհաստատվեց նաև սուր շնչառական հիվանդությունների կանխարգելման նպատակով էխինացեա պարունակող դեղամիջոցների երկարաժամկետ ընդունման նպատակահարմարությունը: Սուր շնչառական հիվանդությունների առումով ալ կարմիր էխինացեայի կամ նեղատերև էխինացեայի չորացրած արմատներից ստացված սպիրտային լուծված մզվածքի կանխարգելիչ ազդեցությունը ևս չապացուցվեց: Ինքնին հասկանալի է, որ այս պարագայում կասկածներն ավելի շատ են, քան համոզվածությունը:
Ավելին, «Annals of Internal Medicine» ամսագրում տպագրված հոդվածում բժիշկ Ռ.Բ. Թերների կայացրած«դատավճիռն» էլ ավելի ջախջախիչ էր. «… Չնայած այն հանգամանքին, որ էխինացեա պարունակող դեղամիջոցները մեր օրերում լայնորեն կիրառվում են այլընտրանքային բժշկության մեջ` ապացուցողական բժշկության չափորոշիչներին համապատասխանող տվյալները, որոնք ձեռք են բերվել մինչ օրս, բավարար չեն, որպեսզի խորհուրդ տանք կիրառել այդ դեղամիջոցները ավանդական բժշկության մեջ»:
Հնդհանուր տեղեկություններ
«Մարգագետինների հրաշք ծաղիկ», «ամերիկյան ոսկե ծաղիկ», «մայրամուտի արև». ահա այսպես են անվանում էխինացեային Հյուսիսային Ամերիկայի հնդկացիները: Հյուսիս-ամերիկյան ավանդական բժշկության մեջ էխինացեայի շատ տեսակներ վաղուց ի վեր օգտագործվում էին վերքերը մշակելու և դարմանելու, միջատների և սողունների խայթոցները մեղմելու, ինչպես նաև լուրջ ինֆեկցիոն հիվանդությունները բուժելու նպատակով: Դեղաբանության եվրոպական ձեռնարկներում հիշատակվում են էխինացեայի երկու տարատեսակներ. Echinacea purpurea L. Moench. (ալ կարմիր էխինացեա, ալ կարմիր ռուդբեկկիա) և Echinacea angustifolia DC (նեղատերև էխինացեա): Բուժման նպատակով օգտագործվում են էխինացեայի ծաղկաբույլը, տերևները, ընդերացողունն ու արմատները:
Ալ կարմիր էխինացեան գետնասող կոճղարմատով բազմամյա խոտաբույս է: Էխինացեայի ցողուններն ուղղաձիգ են, ունեն մինչև 80 սմ բարձրություն, որոնք ավարտվում են մանր զամբյուղիկներից կազմված վահանաձև ծաղկաբույլերով: Զամբյուղիկները հիշեցնում են մոտ 5 մմ-անոց թերթիկներից կազմված ծաղիկ, որի թերթիկները բաղկացած են 5 սպիտակ և վարդագույն լեզվակներից կամ 14-20 գլանաձև թերթիկներից: Արմատամերձ տերևները ունեն վարդակաձև կառուցվածք, իսկ ցողունից աճող տերևները որոշ հատվածներում երկփեղկված, իսկ որոշ հատվածներում բազմափեղկված և կարճ են: Ալ կարմիր էխինացեան հունդասերմային բույս է, որի ծաղկման շրջանը սկսվում է հունիսին իսկ սերմերը հասունանում են հուլիս ամսին: Նեղատերև էխինացեան աչքի է ընկնում առավել սուր և ամբողջական տերևներով:
Երկու տեսակ էխինացեաների հայրենիքն էլ Հյուսիսային Ամերիկան է: Ռուսաստանում ալ կարմիր էխինացեան սկսել են մշակել XIX դարի սկզբին: Էխինացեայի այս տեսակը մշակում են նաև Ուկրաինայում, Հյուսիսային Կովկասում և ընդհանրապես հյուսիսին հարող շրջաններում:
Ըստ www.orangeblog.am-ի