Տերն ու ծառան

«ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի ձևակերպումները վկայում են, որ Ռուսաստանն անգամ չի իջնում Հայաստանն իր վասալը համարելու մակարդակին: Հայաստանն ավտոմատ դառնում է «ՀայՌուսգազարդի» շահույթն ապահովող սպառողների մի տարածք: Ռուսներն այս տարածքը մյուսներից առանձնացնելու, չշփոթելու համար համաձայն են պայմանականորեն կոչել Հայաստան:

Սակայն սա, որքան հասկանում ենք, 30.000 քառ. կմ սպառողական այս շուկայի վերջնական անվանումը չէ: Կա՞ երաշխիք, որ առաջիկա 30 տարիներին մեր երկրի անվանումն իրանական, թուրքական որևէ փոխառություն չի լինի: Համաձայնագիրը գործելու է մինչև 2043 թվականը` Հայաստանի համար ստորացուցիչ պայմաններով: Եթե այն վավերացվի, ապա Հայաստանի համար ավելի պատվաբեր կլիներ, որ Ռուսաստանը հարձակվեր մեր երկրի վրա ու անհավասար մարտում գրավեր այն: Այդ դեպքում գոնե պատմական օրինաչափությունը կգործեր:

Կարձանագրեինք, որ պայքարեցինք, դիմադրեցինք, սակայն ուժերն անհավասար էին, ու մեզ գրավեցին: Գոնե կպարտվեինք ատոմային մի տերության: Իսկ հիմա պարտվում ենք մի խումբ ստախոս, իշխանությունը բռնազավթած մարդկանց: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում ներկայացրեց փաստեր. ըստ այդմ` երբ Սերժ Սարգսյանը հերյուրանք էր համարում գազի գնի բարձրացումը, արդեն իսկ գազը թանկացել էր: ՀՀ էներգետիկայի նախարարը ևս պարբերաբար ստում է` լրագրողների և պատգամավորների հարցերին պատասխանելով, թե գազը չի թանկացել: Ու հանկարծ պարզվում է, որ 2011-ից Հայաստանում գազը թանկացել էր, սակայն խորհրդարանական և նախագահական ընտրություններին լրացուցիչ անհարմարություններ չունենալու նպատակով այդ հանգամանքը ժողովրդից թաքցվել է:

Սա ստերից մեկն է, որը բացահայտվեց: Իսկ ի՞նչ երաշխիք, որ ժողովրդին չեն խաբում այլ հարցերում: Օրինակ, չի բացառվում, որ Հայաստանը վաղուց արդեն ՌԴ կազմում է, իսկ մենք այդ մասին չգիտենք: Ռուսաստանն Ադրբեջանին է վաճառում զենք, մեզ ասում են` մի՛ անհանգստացեք, Ռուսաստանը մեր անվտանգության երաշխավորն է: Սակայն Ռուսաստանը մեզ չի համարում գործընկեր:

Եվ, անկեղծ լինենք, իրեն հարգող որևէ պաշտոնյա, ղեկավար այս կարգի ցածրակարգ, ոչ պրոֆեսիոնալ, շողոմ գործընկերների հետ հարաբերվելն իր պատվից ցածր կհամարեր: Ի վերջո, ռուս պաշտոնյաների հանդեպ իշխանությունների նվաստացուցիչ, անարժանապատիվ սեթևեթանքները զզվելի են անգամ մեզ համար: Երեկ խորհրդարանում հարցի քվեարկությունը տեղափոխվեց այլ օր, քանի որ քվորում չկար: Տարածվեց լուրը` ՀՀԿ-ական պատգամավորները քվեարկության չեն եկել:

ԱԺ փոխխոսնակ Է. Շարմազանովի խոսքը, թե՝ «Ապագա սերունդների և մեր պետության շահը պահանջում է, որ մենք վավերացնենք այս պայմանագիրը», նշանակում է, որ ՀՀԿ-ական պատգամավորները պետք է կատարեն իրենց վերապահված միակ գործողությունը, որի համար աշխատավարձ ու ամիսը մեկ անգամ էլ ծրար են ստանում` սեղմեն համապատասխան կոճակը: Եթե սա, իրո՛ք, մի չտեսնված պայմանագիր է` միտված Հայաստանի ապագային, ինչո՞ւ հանրապետականներն այն հենց երեկ չվավերացրեցին: Ի՞նչ են ցանկանում ասել. իբրև թե` իրենք չեն ուզում, դիմադրում են, սակայն ստիպվա՞ծ են: Իսկ բարձր աշխատավարձ ուզում են, ԱԺ նախագահի գլխավորությամբ տուրիստական շրջագայությունների մասնակցել` հարկատուների հաշվին, ուզում են: Պատասխանատվություն կրել չեն ուզում:

ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու: ԲՀԿ-ն չի մասնակցելու քվեարկությանը: Հետո՞ ինչ: Համաձայնագիրը քննադատելն իրենից արժեք չի ներկայացնում: Սոցցանցում քննարկվող տարբերակը ևս` նիստը խանգարելը, ամեն գնով այն տապալելը ևս կարճատև արդյունավետություն ունի, եթե չկան այն տասնյակ-հազարավոր մարդիկ, որոնք չեն ցանկանում սեփական երկրում սոսկ սպառողի կարգավիճակում ապրել: Հասարակության օրակարգում պետք է լինի մեկ հարց` գործող իշխանությունների հրաժարականը: Հարցերը` իսկ ովքե՞ր են փոխարինելու նրանց, երկրում անկայունություն կլինի, այս դեպքում երկրորդական են: Հիմա խնդիրը կոնկրետ անձանց մեջ է և ոչ թե` համակարգի:

Հայաստանում բոլորը հասկանում են մեր աշխարհագրական դիրքի, պատմության առանձնահատկությունները, դրանց պատճառած բարդությունները: Ամեն ինչ, ամեն դժվարություն կարելի է տանել արժանապատվորեն: Եվ բոլորս այդպես էլ վարվել ենք 88-92 թվականներին: Արժանապատիվ, լեգիտիմ իշխանությունների դեպքում ևս պատրաստ ենք տանել օբյեկտիվ դժվարությունները:

Սակայն ասիական շողոքորթությունը քաղաքականության հետ շփոթող իշխանություններ ունենալը, որոնք հասարակության հետ որևէ հետադարձ կապ չունեն, նոնսենս է: Երկրի իշխանավորները խաբում են ժողովրդին, ուղղակի ստում են: Սա չափազանց կարևոր հանգամանք է, որը կասկածի տակ է դնում նրանց նախորդ և ապագա բոլոր քայլերը: Ներողություն և հրաժարական: Հակառակ դեպքում փայտը չափազանց շատ է ճկվում: Վրեժխնդրությունը հատուկ է ոչ միայն դանիացի արքայազններին:

Տեսանյութեր

Լրահոս