Մութ տեղեր կան, ամեն ինչ թաքուն է
Հայաստանում ռուսական գազի մատակարարման խճճված պատմությունը տնտեսագետ Վարդան Բոստանջյանի համոզմամբ` պայմանավորված է հայաստանյան իշխանությունների կողմից վարվող «թաքուն» քաղաքականությամբ:
Մեզ հետ զրույցում Վարդան Բոստանջյանն ասաց, թե խնդիրը «խոշոր առումով» նրանում է, որ գազի մատակարարման, սպառման ու շահագործման հարցերում հայաստանյան իշխանությունների կողմից «բացարձակապես թափանցիկություն գոյություն չունի»: Վարդան Բոստանջյանը շեշտեց, որ «գազի պատմությունից» տեղյակ չեն ոչ միայն քաղաքացիները, այլև` իշխանության «ամենաբարձր մակարդակները»: «Ամենաբարձր մակարդակներում կամ չեն տիրապետում խնդրին, կամ չեն ուզում բարձրաձայնել տեղի ունեցող «զարգացումները»: Դրա համար գազի հետ կապված անորոշ վիճակը մնալու է»,- նշեց նա:
Մեր հարցին` համաձա՞յն եք ընդդիմության կողմից հնչող տեսակետներին, թե ՀՀ իշխանությունները խաբում էին հասարակությանը, երբ հայտարարարում էին, որ ՄՄ-ին անդամակցությունը գազի գինը կնվազեցնի, անվտանգության նոր երաշխիքներ կտա, բայց որևէ մեկն իրականություն չդարձավ, Վարդան Բոստանջյանն այսպես պատասխանեց.
«Չեմ ուզում չհամաձայնել: Բոլոր պարագաներում, միայն այն, որ թափանցիկություն չկա, նշանակում է, որ ինչ-որ մի բան ցանկալի չէ, որ հասարակությունն իմանա: Եթե գազի սպառման հետ կապված հասարակությունը ամենատրիվիալ բաները պետք է չիմանա, նշանակում է, որ մութ տեղեր կան, թաքուն է»:
Այդուհանդերձ, նա ևս մեկ անգամ հայտարարեց, որ ինքը կողմ է ՄՄ-ին Հայաստանի անդամակցությանը, ապա անդրադառնալով տեսակետներին, որ Մաքսային միությունը չի կայանալու, ասաց. «Ես հիմքեր չեմ տեսնում` կարծելու, որ ՄՄ-ն չի կայանա, որովհետև Հայաստանը մեծ երկիր չէ, չի տիրապետում ռազմավարական բնույթի ռեսուրսների, ունի անվտանգության խնդիր, գտնվում է աշխարհաքաղաքական ոչ միանշանակ դաշտում… սրանք խոսում են այն մասին, որ բոլոր ուժեղ կենտրոնների կտրվածքով ՀՀ-ն պետք է հանգրվանի մի տեղում, որը Մաքսային միությունն է»:
Մեր հարցին, թե արդյոք «ՀայՌուսգազարդ» ընկերությանը պատկանող 20 տոկոս բաժնեմասի վաճառքը ռուսական «Գազպրոմ» ընկերությանը Ռուսաստանի մենաշնորհը Հայաստանում ամրապնդելու համա՞ր էր, Վ. Բոստանջյանը բացասական պատասխան տվեց:
«Չէ, ես բացարձակապես տենց չեմ կարծում: 20 տոկոս բաժնեմասի վաճառքը մեր կառավարողների ողորմելի կեցվածքի ու մոտեցման շնորհիվ եղավ: Ռուսաստանին մեղադրե՞լ այս հարցում… ՌԴ-ն ի՞նչ մեղք ունի, որ վաճառեցին: Ռուսաստանը մեղավոր է, որ մենք նման ծառայությունից օգտվո՞ւմ ենք… Չեմ ասում, որ ՌԴ-ին պետք է շնորհակալ լինենք` չէ, որովհետև Ռուսաստանն էլ իր շահերն ունի, բայց իր շահերը պաշտպանելով` Ռուսաստանը չի վտանգում մեր շահերը: Եթե մենք խոցելիություն ունենք` մենք ենք մեղավոր, ու մեզնից պետք է հարցնենք` ինչի՞ց է, որ խոցելիություն ունենք: Միայն թափանցիկության բացակայությունը պատճառ է, որ հասարակությունը որոշողներին չի վստահում, չի ընդունում»:
Իսկ իշխանափոխության դեպքում «խոցելիությունը» կվերանա՞: Այս հարցին ի պատասխան` Բոստանջյանը նախ` ծիծաղեց, ապա ասաց, թե հստակ պատասխան տալ չի կարող: Ամեն դեպքում նա ասաց, թե պետք է ունենալ իշխանություն, որն իր ժողովրդի, պետության մասին մտածում է, ստեղծում է նվազագույն պայմաններ, որ մարդիկ երկրից հեռանալ չցանկանան, և այլն: «Ամենալավ ցուցանիշը սա է: Թե չէ` համախառն ներքին արդյունքներ, միջազգային կազմակերպություններ, սրանք… »,- ասաց նա:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից գազի դիմաց կուտակված 300 մլն դոլարի պարտքի կեսը մարելու մասին հարցին, հետաքրքրվեցինք, թե հանուն ինչի՞ է ՌԴ-ն մարելու պարտքը, ինչին ի պատասխան` Բոստանջյանն ասաց. «20 տոկոսը որ հանձնեցինք, նշանակում է, որ ՌԴ-ն կիսեց պարտքը. կես պարտքը, ըստ էության, հավասար է բաժնեմասին»: Մեր դիտարկմանը, թե որևէ վերլուծություն չկա, որ 20 տոկոս բաժնեմասը հավասար էր 150 մլն դոլարին, տնտեսագետն այսպես արձագանքեց. «Դե հիմա… երբ տունը հրդեհ է, էլ չեն մտածում` մի՞ աթոռ փրկվեց ամբողջ մեբելի մեջ, թե՞ տասը աթոռ»:
«168 ԺԱՄ»