Բաժիններ՝

Պետությունը բանկերին թույլ չի տա գերշահույթներ ստանալ

Վերջին շրջանում պետական պարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է (տոկոսադրույքներն իջել են)։ Որոշ տեսակետների համաձայն՝ այդ ամենը ՀՀ առևտրային բանկերի սցենարով է ընթանում։ Բանկերը ցանկանում են սպեկուլյացիաների միջոցով գերշահույթներ ապահովել։ Այսինքն՝ նրանք ձեռք են բերում երկարաժամկետ պարտատոմսեր՝ էժան տոկոսադրույքներով, որոնք հետո առավել թանկ գնով վաճառելու են կենսաթոշակային հիմնադրամներին։ Այսինքն՝ տոկոսադրույքները կրկին աճելու են։

Մեդիամաքսը այս հարցի առնչությամբ մեկնաբանություն է խնդրել ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից։ Վերջինս նախ նշել է, որ տոկոսադրույքների բարձրացման մասին ենթադրությունները դժվար թե իրականություն դառնան, քանի որ իրենք ծրագրել են հաջորդ տարի շուրջ 20 մլրդ դրամով նվազեցնել պարտատոմսերի թողարկման ծավալը։ «Ինչ վերաբերում է լուրերին, թե բանկերը կարող են գերշահույթ ունենալ կենսաթոշակային հիմնադրամների հաշվին, ապա գործարքներում առաջին նման միտումը նկատելուն պես հնարավորություն կընձեռենք կենսաթոշակային հիմնադրամներին պարտատոմսեր գնել անմիջականորեն պետությունից՝ նախատեսելով ուղղակի վաճառքի հնարավորություն կամ շնորհելով հիմնադրամներին գործակալի կարգավիճակ»,- ասել է Դ. Սարգսյանը:

Այսինքն՝ Դ. Սարգսյանը, փաստորեն, զգուշացրել է, որ եթե ՀՀ առևտրային բանկերը չափից դուրս մեծ ախորժակ դրսևորեն և փորձեն գերշահույթներ ստանալ պետական պարտատոմսերը էժան գնելով ու թանկ վաճառելով, ապա պետությունը նրանց կզրկի միջնորդական դերից։ Այսինքն՝ կենսաթոշակային հիմնադրամները նրանց կարիքը չեն ունենա և կկարողանան ինքնուրույն պարտատոմսեր գնել։

Այս ամենի մեջ անհասկանալի է մնում միայն, թե ինչո՞ւ պետությունն ի սկզբանե կենսաթոշակային հիմնադրամներին նման հնարավորություն չի տալիս՝ շարունակելով կախման մեջ պահել բանկերից։ Տպավորությունն այնպիսին է, որ պետությունը բանկերին հնարավորություն է տալիս փող աշխատել, սակայն՝ «համը չհանել»։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս