Բաժիններ՝

Քանդել՝ նորը չկառուցելու համար. գանձապետարանի լուծարման հիմնական պատճառը «ատկատնե՞րն» են

Մոտ 3 ամիս առաջ 168.am-ը գրել էր, որ կառուցվածքային փոփոխությունների անվան տակ լուծարվում է ՀՀ գանձապետական համակարգը, և արդեն իսկ լուծարվել են Երևանի ու Աբովյանի տարածքային գանձապետական բաժինները։ Ընդ որում, դա արվում է առանց ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխության, իսկ գանձապետական համակարգը ստեղծվել և գործում է հատուկ գանձապետական համակարգի մասին օրենքով։ Այսինքն՝ համակարգին վերաբերող բոլոր փոփոխությունները պետք է իրականացվեն օրենսդրական փոփոխությունների միջոցով։

Պարզվում է՝ այս տարվա մայիսից ՀՀ կառավարությունը որոշումներ է ընդունել և միայն իր որոշումների հիման վրա է լուծարում գանձապետարանները, այդպիսով՝ անտեսելով Ազգային ժողովը: 168.am-ի հարցմանն ի պատասխան` ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ մինչ օրս կառավարության որոշումներով նախարարության կառուցվածքից դուրս է եկել 7 տեղական գանձապետական բաժին ՝ Երևանի N2, Երևանի N3, Երևանի N4, Վաղարշապատի, Աբովյանի, Արմավիրի, Աշտարակի բաժինները : Պաշտոնապես դա հիմնավորվում է «գանձապետական համակարգում իրականացվող բարեփոխումներով՝ պետական բյուջեի ծախսերի իրականացման էլեկտրոնայնացմամբ և ծախսեր իրականացնող համայնքներին և կազմակերպություններին կենտրոնական գանձապետարանի միջոցով ուղղակի ծախսեր կատարելու հնարավորության ընձեռմամբ»:

Խնդիրն այն է, որ կառավարությունը համակարգի «բարեփոխման» այս որոշումը բավականին անաղմուկ է ընդունել, ընդ որում, շրջանցել է Ազգային ժողովին, փոխանակ օրենսդրական փոփոխության միջոցով իրականացներ դա: Չէ՞ որ, միևնույն է, խորհրդարանական մեծամասնությունն այդ աթոռները զբաղեցնում է կառավարության ներկայացրած նախագծերը հաստատելու համար: Կառավարությունը, թերևս, ջանացել է խուսափել ԱԺ սակավաթիվ ընդդիմադիրների կողմից բարձրացվելիք աղմուկից և, անպատժելիության վստահությամբ, առաջ տարել սեփական որոշումները:

Սակայն գանձապետարանի լուծարման հիմնական պատճառը, ըստ անկախ փորձագետների, բյուջետային «ատկատներն» են: Գանձապետարանի հիմնական գործառույթը բյուջետային ծախսերի նկատմամբ նախնական հսկողությունն է, որն այժմ վերացնում են: Այսինքն, ստացվում է, որ ՀՀ կառավարությանն ու ֆինանսների նախարարությանը ֆինանսական կարգապահություն և կանխիկ հոսքերի արդյունավետ կառավարում պետք չէ: Գանձապետարանի բացակայության պայմաններում ֆինանսների նախարարությունը չի կարող իմանալ Լոռվա կամ Շիրակի մարզերին տրված բյուջետային հատկացումների հետ կապված ինչ վիճակ է, ինչ մնացորդ կա, այսինքն` տեղական բոլոր օղակներին տրվում է բյուջետային փողերի վրա «խաղեր տալու» հնարավորություն: Գանձապետարանի վերացմամբ նաև հավելյալ ռեսուրսներ են հայտնվում բանկերում տեղադրելու համար, և շուտով ականատես կլինենք, որ բանկերի շրջանառությունն ավելանում է: Իսկ հայտնի է, որ բանկերի բարգավաճման գործում հետաքրքրված է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կարդացեք նաև

Բացի գանձապետարանից, նախարարության կառուցվածքում նաև այլ փոփոխություններ են կատարվում: Մեր հարցադրումներին՝ 2013 թ. մայիսից հետո (երբ նախարար նշանակվեց Դավիթ Սարգսյանը) ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմում ի՞նչ փոփոխություններ են եղել, կա՞ն արդյոք կրճատումներ, եթե այո, ապա ինչո՞վ է դա պայմանավորված, գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից նպատասխանեցին, որ «նախարարության գործառույթներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով պետական կազմակերպությունների մոնիթորինգի վարչության փոխարեն կառուցվածքում ավելացել է հաշվետվությունների ուսումնասիրության բաժինը: Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում՝ ՀՀ վարչապետի որոշումների համաձայն, կրճատվել է 54 հաստիքային միավոր, որից 42-ը՝ տեղական գանձապետական բաժիններում»:

Խնդիրն այն է, որ, մեր տեղեկություններով, աշխատանքից ազատված փորձառու ու բանիմաց մասնագետների փոխարեն Դ.Սարգսյանը որպես փորձագետ աշխատանքի է ընդունել նորավարտ երիտասարդների, որոնք իրենց գիտելիքներով, բնականաբար, զիջում են նախկիններին: Ընդ որում՝ փորձ ձեռք բերելու կարիք ունեցող այս փորձագետները վճարվում են շատ ավելի բարձր, քան բազմամյա ստաժով աշխատակիցները: Վերջիններիս 80-100 հազար դրամ աշխատավարձի փոխարեն, մեր աղբյուրների փոխանցմամբ, նրանք ստանում են 250 հազար դրամ վարձատրություն: Նախապատվությունը նորեկներին տալով, հավանաբար, ցանկանում են խուսափել փորձված աշխատակիցների «ավելորդ» հարցերից:

Նախարարությունից հաստատեցին, որ այս տարվա մայիսից ի վեր աշխատակազմում կնքվել է փորձագետների 38 աշխատանքային պայմանագրեր՝ տարբեր ժամկետներով: Սակայն նշեցին, թե փորձագետների միջին ամսական աշխատավարձը կազմում է 96,174 ՀՀ դրամ, իսկ նախարարության աշխատակիցների միջին ամսական աշխատավարձը 131 հազար ՀՀ դրամ է:

Թե իրականում ինչն-ինչոց է, և որքանով այս «բարեփոխում» կոչվածը կօգնի համակարգն առավել արդյունավետ դարձնել, թերևս, տեսանելի կլինի ոչ հեռու ապագայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս