Բաժիններ՝

Ուկրաինայից հետո ժողովրդավարացման հերթը կհասնի Ռուսաստանին. Բժեզինսկի

Բրիտանական The Financial Times թերթում հրապարակվել է ամերիկացի հանրահայտ քաղաքագետ, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Զբիգնև Բժեզինսկու հոդվածը, որում նա կանխատեսել է, որ Ռուսաստանը նույնպես կդառնա ժողովրդավարական երկիր, ինչպես և Ուկրաինան.

«Ինչ էլ որ լինի, Ուկրաինայի իրադարձությունները պատմականորեն անդառնալի են և տանում են դեպի աշխարհաքաղաքական վերափոխման: Ամենայն հավանականությամբ, Ուկրաինան ավելի շուտ կդառնա ժողովրդավարական Եվրոպայի մասնիկը, քան՝ Ռուսաստանը: Ռուսաստանը կհաջորդի նրան, եթե միայն չմեկուսացնի իրեն և չվերածվի կիսալճացած կայսերական վերապրուկի:

Անկախության 20 տարիներին ուկրաինական բացվող պատմության հանդեպ հպարտության աճը և Եվրոպայի հետ կապերից արևմտյան հարևանների ունեցած տնտեսական օգուտները տեսնելը Ուկրաինայում ձևավորում են նոր մտածելակերպ: Այն հենված է ոչ թե հակառուսական տրամադրությունների, այլ՝ երկիրը Եվրոպայի անքակտելի մաս կազմելու պատմական նույնականացման վրա:

Հենց դրա համար էլ անխուսափելի է Եվրոպայի հետ Ուկրաինայի մերձեցումը: Ապշեցուցիչ է, որ անգամ հարևան Բելառուսում, ուր իշխում է Լուկաշենկոյի ավտորիտար վարչակարգը, սկսում է ի հայտ գալ նմանատիպ արևմտյան կողմնորոշում: Ռուսաստանի վրա այդ իրադարձությունները կազդեն երկարաժամկետ հեռանկարում:

Կրեմլի ընթացիկ աշխարհաքաղաքական նպատակը, որը ձևակերպվել է կայսերական անցյալին կարոտող Վլադիմիր Պուտինի կողմից, կայանում է Ռուսական հին կայսրության՝ նոր տեսքով համարժեքի կամ առավել ժամանակակից Խորհրդային Միության վերստեղծման մեջ:

Թվում է, թե պարոն Պուտինը միամտորեն կարծում է, որ հետխորհրդային երկրների առաջնորդներն անկեղծ ընդունում են կառույցում Կրեմլի ենթակայության տակ գտնվելու դերը: Ղեկավարներից ոմանք իսկապես երբեմն բանավոր անում են նման բան, սակայն դա լինում է ելնելով անհրաժեշտությունից և ոչ թե նրանց համոզմունքների պատճառով է:

Ներկայիս Ռուսաստանն այն դրության մեջ չէ, որպեսզի ուժով վերականգնի երբեմնի կայսրությունը: Նա չափազանց թույլ է, չափազանց հետամնաց է և չափազանց աղքատ է: Միայն ժամանակի հարց է ռուսական սոցիալական ընտրանու կողմից նրա գիտակցումը, որ Պուտինի ապաշնորհ քայլերն ունեն հաջողության հասնելու բավական սահմանափակ հնարավորություն:

Վաղ թե ուշ նա կդադարի նախագահ լինելուց: Դրանից քիչ անց Ռուսաստանը և հատկապես ստեղծվող նոր միջին դասը կգա այն եզրահանգման, որ միակ խելամիտ ուղին իրական ժամանակակից ու ժողովրդավարական երկիր դառնալն է և հնարավոր է նաև եվրոպական առաջատար երկիր դառնալը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս