Բաժիններ՝

Հայ մասնագետների ստեղծած սարքը կօդափոխի բնակարանները՝ առանց պատուհանները բացելու

Այլևս օդափոխության համար պատուհանները բացելու կարիք չի լինի, այսուհետ տունը հնարավոր կլինի օդափոխել առանց պատուհանները բացելու` նոր սարքի միջոցով: Օդափոխության ջերմային վերականգնման սարքը (VHRD) մշակվել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոսների և ուսանողների համատեղ ջանքերով:

Հատկապես ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ընդունված նորմերին համապատասխան  ժամանակահատվածի օդափոխություն չեն կատարում` ջերմության կորուստ չունենալու պատճառով, մինչդեռ թարմ օդի ներմուծումը պետք է ստանդարտի ենթարկվի: Իսկ մենք բոլորս հաճախ այդ ստանդարտները խախտում ենք:  Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Ամերիկյան համալսարանի Ճարտարագիտության ֆակուլտետի Ճարտարագիտական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Արտակ Համբարյանը, ով նաև սարքի մշակման թիմի ղեկավարն է, և նշեց, որ իրենք առաջարկում են էներգաէֆեկտիվ օդափոխության նոր համակարգ`առանց ջերմության կորստի:

«Մեր ստեղծած նոր սարքը մի կողմից՝ հնարավորություն կտա ընդունված ստանդարտին համապատասխան՝ թարմ օդ ունենալ տանը, բայց դրա հետ մեկտեղ՝ չծախսել այդքան շատ էներգիա` տունը ջեռուցելու համար»,- ասաց Ա. Համբարյանը: Նրա խոսքով՝ սարքի  օգտակարության գործակիցը (ՕԳԳ)  87% է, և այն անհրաժեշտ է կիրառել հատկապես ննջասենյակներում`ողջ գիշեր թարմ օդ ունենալու համար, քանի որ անհրաժեշտ չափաքանակի օդափոխությունն էական  անհրաժեշտություն է՝ հատկապես քնելու ընթացքում:

Ա. Համբարյանը նշում է նաև, որ ներկայումս օդափոխությանը խոչընդոտում են նաև եվրոպատուհանները, որոնք ասես փակում են օդափոխությունը: «Եթե սովորական փայտե պատուհանները բավականաչափ ճեղքեր ունեն, ինչը նաև հնարավորություն է տալիս, որպեսզի սենյակում որոշակի օդափոխություն տեղի ունենա (ճիշտ է՝ էներգիայի կորստի հետ մեկտեղ), ապա եվրոպատուհանների պարագայում օդափոխության խնդիր կա»,- ասաց Ա. Համբարյանը` նշելով, որ իրենց առաջարկած տեխնոլոգիան ուղղված է հենց նման իրավիճակներին` առանց ջերմության կորստի օդափոխություն իրականացնելուն:

Կարդացեք նաև

Հարցին, թե այս դեպքում օդորակիչների կիրառումն անհրաժե՞շտ է, թե՞ ոչ, և ո՞րն է տարբերությունը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դրանք սառեցնում կամ տաքացնում են սենյակի ներսում առկա օդը, սակայն լիովին օդափոխություն չեն ապահովում, մինչդեռ մեր ստեղծած սարքը լիովին օդափոխություն է ապահովում, իսկ սենյակ մտնելիս թվում է, թե պատշգամբում ես գտնվում»:Նաավելացրեց, որ այդ սարքը լիարժեք  հնարավորություն կտա օդափոխություն կատարել՝ առանց պատուհանները բացելու: «Այս սարքը հոսանքից է սնուցում ստանում, սակայն հոսանք շատ քիչ է ծախսում, սարսափելի քիչ»,- ասաց Ա. Համբարյանը: Նա նշեց, որ իրենք դեռևս ստեղծել են սարքի նախատիպը, սակայն 2014 թվականի երկրորդ կիսամյակում կսկսեն սարքի մասսայական արտադրությունը: Նոր սարքը կարժենա մոտ 200 դոլար:

Նշենք, որ այս սարքի աշխատանքների իրագործմանը կնպաստի նաև վերջերս Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի շրջանակներում կազմակերպված «Գաղափարից՝ դեպի շուկա» դրամաշնորհային մրցույթում հաղթող ճանաչվելու հանգամանքը, որի արդյունքում թիմը ծրագիրն իրագործելու համար  ստացել էր 15.000 ԱՄՆ դոլար պարգև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս