Մարդկանց պարտության չտանելը՝ հիմնական սկզբունք
«Քաղաքացիական պայմանագիրն» այլեվս կառավարման խորհուրդ ունի
Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Քաղաքացիական պայմանագիրը» (ՔՊ) պաշտոնապես հրապարակվեց այս տարվա հուլիսի 24-ին, և հայտարարվեց դրա գործունեության մեկնարկի մասին:
Երեկ հրապարակվեց «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի կազմը` Նիկոլ Փաշինյան, Սասուն Միքայելյան, Արայիկ Հարությունյան, Արսեն Խառատյան, Լենա Նազարյան, Մարինե Մանուչարյան և Ալեն Սիմոնյան: Ն. Փաշինյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագրի» նպատակն է Հայաստանում ժողովրդավարության հաստատումը և դրա արդյունքում Սերժ Սարգսյանի ու նրա թիմի հեռացումն իշխանությունից։ Ընդ որում` քաղաքական նոր սուբյեկտը չի պահանջելու Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը, այլ իր գործունեությամբ հասնելու է նրան, որ ՀՀ «զարգացման հիմնական խոչընդոտ Սերժ Սարգսյանն իր թիմով կհեռանա իշխանությունից»:
«Որևէ բան չենք պահանջելու` «պահանջելու» համար: Մեզ համար կարևոր սկզբունք է մարդկանց պարտության չտանելը, որովհետև քաղաքացու յուրաքանչյուր պարտություն ավելի է խորացնում հուսահատությունը, որ գոյություն ունի: Մենք ստանձնելու ենք այնպիսի պարտավորություններ, որ իրականության մեջ հնարավոր կլինի իրագործել»,- նշեց Ն.Փաշինյանը: Նա նաև պարզաբանեց ՀԱԿ-ի հետ իր հարաբերությունները` նշելով, որ դա կախված է նրանից, թե ի՞նչ նկատի ունենք` ՀԱԿ ասելով. «ՀԱԿ կուսակցության հիմնադրմանը չեմ մասնակցել, ՀԱԿ առաջնորդն ու դրա մաս կազմող ուժերը հայտարարել են, որ դաշինքը գոյություն չունի, իսկ խմբակցության անդամ եմ, բայց նախորդ նշած հանգամանքներն ազդեցություն ունեն դրա վրա»:
Ն.Փաշինյանը տեղեկացրեց, որ առաջիկայում կհրապարակվի «Քաղաքացիական պայմանագրի» վերադարձի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի վերջնական կազմը, որից հետո կձևավորվեն «Քաղաքացիական պայմանագրի» մյուս մարմինները` կենտրոնական գրասենյակը, տարածքային կառույցները Հայաստանում և արտերկրում:
Կառավարման խորհրդի առաջնային խնդիրներից մեկը լինելու է «Քաղաքացիական պայմանագրի» առաջին համաժողովի հրավիրումը` առնվազն 3 տարվա ընթացքում, որտեղ որոշում կկայացվի «Քաղաքացիական պայմանագրի» կազմակերպաիրավական հետագա ձևի մասին, և տեղի կունենան կառավարման մարմինների ընտրություններ:
Ի տարբերություն այլ քաղաքացիական միավորումների, օրինակ` Նախախորհրդարանի, «Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցելու է ընտրություններին, այդ թվում` բոլոր ՏԻՄ ընտրություններին: Այդ նպատակով «Քաղաքացիական պայմանագրի» համաժողովում որոշում կկայացվի համանուն կամ այլ անվանմամբ կուսակցություն ստեղծելու մասին: Մինչ այդ «Քաղաքացիական պայմանագիրը» կգործի հանրային ֆորմատով և կփորձի Հայաստանի ապագայի մասին ընդարձակ խոսակցություն սկսել ՀՀ քաղաքացիների, սփյուռքի հայության և Արցախի ժողովրդի հետ: Ըստ խորհրդի անդամների` «Քաղաքացիական պայմանագիրն» առաջին հերթին կլինի ՀՀ ապագայի նախագծման և այդ նախագիծը կյանքի կոչելուն ընդունակ քաղաքական, հանրային, տնտեսական լայն թիմի ձևավորման հարթակ: Ներկաները շեշտեցին, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կոլեգիալ մարմին է և չի ունենալու ղեկավար, որոշումները կայացվելու են կոնսենսուսով` առնվազն այնքան ժամանակ, մինչև խորհուրդը կընդունի կառույցի կանոնադրությունը:
«Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն ընդգծեց, որ այս նոր ուժը «չի գալիս ևս մեկով լրացնելու ներկայիս գործող կամ չգործող քաղաքական ուժերի շարքը», այլ գալիս է` հստակ գիտակցելով ժողովրդի հուսալքված վիճակը, որ միակ ելքը տեսնում է արտագաղթի մեջ, պահանջում է կոնկրետ քայլեր երկիրն այս օրհասական վիճակից դուրս բերելու համար: Նշելով, որ այդ նպատակով անհրաժեշտ է երկրի համար մտահոգ բոլորի` ազատամարտիկների, մտավորականների, բանվորների, գյուղացիների, գործազուրկների ու ձեռներեցների համախմբում այս գաղափարի շուրջ, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է դառնա այն ուժը, որը կհամախմբի նրանց: Ս.Միքայելյանը դիմեց իր մարտական ընկերներին` կոչ անելով Հայաստանի համար այս օրհասական պահին համախմբվել, քանզի «Եռաբլուրը չի ների այս լռությունը, երբ հայրենիքը տանում են կործանման»:
«Այդ առումով իմ այս ելույթն ընդունեք` որպես երդում ժողովրդի առջև` չշեղվել բռնած ուղուց, անել ամեն ինչ, որպեսզի մենք կարողանանք` տեսնել ժողովրդավար Հայաստան: Մենք` երդվյալներս, չպետք է թույլ տանք երկրի կործանումը: Մենք հաղթել ենք այս պատերազմում և պետք է կարողանանք ներքին քաղաքական խնդիրները հաղթահարել համախմբվածությամբ»,- ասաց Ս.Միքայելյանը:
Կառավարման խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» շատ լուրջ աշխատելու է երկրի սահմաններից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիներին և սփյուռքին ներգրավելու համար, քանի որ այսօր մարդկային ռեսուրսների լուրջ խնդիր կա, և պետք է դրսում գտնվող քաղաքացիներին ներգրավել, իսկ դրա համար պայմանագրի տեքստը նպաստավոր է: Ա. Հարությունյանը կարևորեց, որ անդամները քաղաքացիական ցանցի հետ բավականին սերտ հարաբերություններ ունեն, իսկ ՔՊ-ն ենթադրում է նման համախմբում և աշխատելու է նախաձեռնությունների կողմից առաջ քաշված խնդիրներին լուծում տալու ուղղությամբ:
Արևելագետ Արսեն Խառատյանը (ազգագրագետ Հրանուշ Խառատյանի որդին), ով ժամանել է ԱՄՆ-ից, իր օրինակով հորդորեց հայրենակիցներին` վերադառնալ և մասնակցել քաղաքական գործընթացներին. «Խորհուրդը հաստատելու է ներքևից եկած որոշումները: ՔՊ-ն ժողովրդավարության հիմնարար արժեքները չի անտեսում և պատասխանատվություն է դնում քաղաքացիների առջև, որը ժողովրդավարության սկզբունքներից է»:
Անդրադառնալով Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցելու մասին սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը` Ա. Խառատյանը հայտարարեց, որ կա մի շատ կարևոր հանգամանք. «Սերժ Սարգսյանը ոչ ինձ, ոչ էլ ՔՊ-ին չի ներկայացրել Մոսկվայում: Եվ այդ հայտարարությունն ինձ ու ՔՊ մյուս անդամներին չի վերաբերում: ՀՀ-ն, անշուշտ, պետք է ներգրավվի ինտեգրացիոն գործընթացներին` այսրկովկասյան, եվրոպական թե տնտեսական, քաղաքական կամ այլ ինտեգրացիոն գործընթացների, որոնցում կներգրավվեն նաև Ռուսաստանը կամ այլ երկրներ: Ամենևին խնդիրն այն չէ, որ ՌԴ-ն է ներգրավված դրանում: Խնդիրն այն է, որ ոչ մեկին պարզ չէ, թե ինչ փաստաթղթի մասին է խոսք գնում: Մաքսային միության հետ ՀՀ բանակցված փաստաթուղթը չի հրապարակվել: Եղել են քաղաքական հայտարարություններ, որ ՀՀ-ն ինքնիշխանության որոշակի կորուստ է ունենում: Չի բացառվում, որ այլ միությունների դեպքում ևս դա տեղի ունենա, բայց գլխավոր խնդիրն այն է, որ չի հստակեցվել Ղարաբաղի կարգավիճակը, և եթե միանում ենք որևէ միության, ապա Արցախի կարգավիճակը ո՞րն է լինում»:
«Մեր ավագ սերունդը, որ ԽՍՀՄ իշխանության ներքո է ապրել, գուցե ուրախ է, որ մենք մտնում ենք Ռուսաստանի լծի տակ: Մաքսային միություն մտնելով` երրորդ պետությունից ներկրում անելու դեպքում մեր մաքսազերծումը շատ բարձր կլինի, և Ռուսաստանը կձգտի, որ իր ապրանքատեսակները մտնեն ՀՀ, և մենք չենք կարողանա առանց ՌԴ թույլտվության` տնտեսական գործունեություն իրականացնել, այսինքն` առանց մեր տերերի: Մենք տեր ենք բերում մեր վրա և մենք ընդամենը կատարող կդառնանք: Համաձայն ենք համագործակցել ՄՄ-ի կամ ԵՄ-ի հետ, բայց հավասարը հավասարի հետ, ոչ թե վասալի կարգավիճակով»,- իր հերթին` հայտարարեց Ս. Միքայելյանը:
Ս.Միքայելյանը մատնանշեց մի կարևոր հանգամանք, որ ՀՀ-ն զենք-զինամթերքի մասին պայմանագիր ունի, և առանց ՌԴ թույլտվության չի կարող այլ երկրից սպառազինություն գնել. «Պատկերացնո՞ւմ եք` Ադրբեջանն ինչպես կհզորանա: Այսօր արդեն այն սպառազինությամբ ավելի հզոր է, քան Հայաստանը: Ժողովուրդը չի մտել ՄՄ, այլ մի անհատ, մի անձ իր կամքով ժողովրդին տանում է ՄՄ: Մարդիկ չեն հասկանում՝ ուր են գնում: Մենք ազատ, ինքնիշխան պետություն ենք, ու մեր ժողովրդի կարծիքը պետք է հաշվի առնեն պարոնայք սպաները և ինքնասպանները»: