Ընդդիմությունը հերթական անգամ դուրս է եկել սահմանադրական մայրուղի

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցություններ ստորագրահավաք են սկսել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի որոշ դրույթներ հակասահմանադրական ճանաչելու պահանջով Սահմանադրական դատարան  դիմելու համար: Ինչպես մեր թղթակցին հայտնել է նախաձեռնող խմբի անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, արդեն հավաքվել է մոտ 40 ստորագրություն, իսկ ՍԴ-ում հայցն ընդունելու  և լսելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն: Հիմա նախաձեռնող խմբի անդամները նախապատրաստում են հայցի իրավական հիմնավորումները: Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ ընդունված օրենքի մեջ Սահմանադրության հետ ունեցած խնդիրն այն է, որ խախտվում է մարդու սեփականության, սեփական միջոցներն իր հայեցողությամբ տնօրինելու իրավունքը: Կուտակային կենսաթոշակների մասին օրենքով քաղաքացին պարտադրված է իր եկամուտից որոշակի  գումար մուծել կենսաթոշակային ֆոնդերին, որպեսզի հետագայում կենսաթոշակ ստանա: Պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող ակտիվիստները հայտարարում էին, որ կենսաթոշակ ստանալը մարդու իրավունքն է և ոչ թե՝  պարտականությունը:

Պարզ է, որ Սահմանադրական դատարանը ոչ թե իրավական, այլ քաղաքական հարց է լուծելու: ՍԴ-ն ոչ թե որոշելու է՝  օրենքն իսկապե՞ս հակասահմանադրական է, թե՞ ոչ, այլ պետք է որոշի՝  բավարարե՞լ ոչ իշխանամետ պատգամավորների հայցը՝  դրանով վատ վիճակի մեջ դնելով կառավարությանը և իշխանությանն ընդհանրապես, թե՞ մերժել այս հայցը՝  պաշտպանելով իշխանության շահերը: Քանի որ երբևէ չի եղել մի դեպք, որ ՍԴ-ն ընդդիմադիր կամ ոչ իշխանամետ պատգամավորների կողմից ներկայացված հայցը բավարարի, մենք ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին հարցրեցինք, թե արդյո՞ք նախաձեռնող խմբի անդամները հույս ունեն, որ ՍԴ-ն դեմ կգնա կառավարությանը և կբավարարի իրենց հայցը: «Անձամբ ես ոչ մի ակնկալիք չունեմ Սահմանադրական դատարանից և համոզված եմ, որ հայցը մերժվելու է»,- ասում է Նաիրա Զոհրաբյանը: Այդ դեպքում տրամաբանական հարց է առաջանում, թե ինչո՞ւ են դիմում դատարան, եթե գիտեն, որ մերժվելու են: «Ընթացակարգն այդպիսին է, պետք է դիմել ՍԴ, և ՍԴ որոշումն ունենալուց հետո՝  նոր մտածել, թե ինչ ուղղությամբ շարժվել»,- ասում է ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Իսկ ո՞րն է հաջորդ քայլը, ոչ իշխանամետ պատգամավորները և պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի և հիմնադրամների դեմ պայքարողները որոշե՞լ են, թե ինչ են անելու ՍԴ բացասական վճռից հետո: «Երբ վճիռը կլինի, նախաձեռնող խումբը կհավաքվի և որոշում կկայացնի»,- պարզաբանում է Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ էության, նախաձեռնող խմբի անդամները ՍԴ դիմելով՝  փորձում են ցույց տալ, որ իրենք գնացին մինչև վերջ. փորձեցին ԱԺ-ում օրենսդրական փոփոխություն իրականացնել, չստացվեց, փորձեցին ՍԴ-ի միջոցով օրենքը հակասահմանադրական ճանաչել և դադարեցնել դրա գործողության մեջ մտնելը՝  դարձյալ չստացվեց: Նախաձեռնող խումբը մտադիր է հայցով ՍԴ դիմել դեկտեմբերի 17-ին: ՍԴ-ն մի քանի օր կքնննարկի այս հայցը և կմերժի այն: Այդ ժամանակ բոլորը զբաղված կլինեն ամանորյա հոգսերով, և հունվարի 1-ից օրենքը կմտնի ուժի մեջ: Սա առաջին դեպքը չէ, որ ընդդիմությունը գնում է Սահմանադրական ճանապարհով, և նրանք շատ լավ գիտեն, թե ուր է տանում այդ ճանապարհ. փակուղի:

Միակ բանը, որ կարող են անել ոչ իշխանական ուժերը ՍԴ-ի բացասական վճռից հետո, օրենքը նախապատրաստած և ԱԺ ներկայացրած կառավարության հրաժարականը պահանջելն է: Բայց դա ևս անօգուտ զբաղմունք է, քանի որ կառավարությունը խորհրդարանական մեծամասնություն ունի:

Տեսանյութեր

Լրահոս