
Սիրիայի իսլամականները գրավել են Սիրիական ազատ բանակի գլխավոր շտաբն ու զինապահեստները

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ոչ վաղ անցյալում Սիրիայի իսլամականների կողմից ստեղծված «Իսլամական ճակատին» հաջողվել է զավթել Սիրիական ազատ բանակի զինապահեստները: Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների դիտարկման սիրիական խորհուրդը:
Վերջինիս հաղորդմամբ՝ մարտերը տեղի են ունեցել դեկտեմբերի 6-ի ողջ գիշերվա ընթացքում, դրանց արդյունքներով «Իսլամական ճակատին» հաջողվել է Թուրքիային սահմանակից Բաբ ալ-Խավայում գրավել Սիրիական ազատ բանակի գլխավոր շտաբն ու զինապահեստները:
Հիշեցնենք, որ սրանից օրեր առաջ հաղորդվել էր, թե ԱՄՆ-ն առաջին անգամ սկսել է բանակցել Սիրիայում գործող արմատական իսլամականների հետ՝ կապված նրա հետ, որ սիրիական չափավոր ընդդիմությունը՝ Սիրիական ազատ բանակը, կորցնում է իր ազդեցությունը: