Վազգեն Մանուկյան. Ռուսաստանը քաղաքականապես կուչ էր եկել, հիմա կամաց-կամաց թևերը տարածում է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած պետական այցի վերաբերյալ  «Անկախը» զրուցել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:

– Պարոն Մանուկյան, իշխանությունները Ռուսաստանի նախագահի այցն աննախադեպ են որակում` թվարկելով մի շարք դրական արդյունքներ:  Դո՞ւք ինչպես եք գնահատում այդ այցը:

– Նախևառաջ սա Պուտինի առաջին պետական այցն էր, որը միշտ էլ նշանակություն ունի, քանի որ անկախ Մաքսային միությունից, մենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության պայմանագիր ունենք կնքած, 90-ականներից Թուրքիայի և Իրանի հետ սահմանների պաշտպանությունը պայմանագրով տվել ենք Ռուսաստանին, ռազմական բազայի հետ կապված պայմանագիր ունենք և այլն: Դա նշանակում է, որ անվտանգության հարցերում Ռուսաստանը շատ կարևոր ռազմավարական գործընկեր է, և այդ առումով, իհարկե, այցը կարևոր էր:

Ինչ վերաբերում է ստորագրված որոշ փաստաթղթերին և որոշ խոստումներին, ապա հետագայում կերևա, թե դրանցից ինչ դուրս կգա: Ամեն դեպքում տնտեսական այնպիսի հարցեր են լուծվում, որոնք դրական ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի համար:

– Հայտարարվեց գազն առավել ցածր գնով ձեռք բերելու մասին, սակայն պարզվում է, որ Հայաստանում գազի սակագինը մնալու է նույնը, ի՞նչ է դա նշանակում:

– Երբ գազի մուտքի գինը բարձրացավ, այդ ժամանակ Հայաստանի կառավարությունը դիմեց Ռուսաստանին, և գրեթե ողջ ավելցուկը մեկ տարով սուբսիդավորվեց Ռուսաստանի կողմից: Բայց կենցաղային օգտագործման գազի գինը, միևնույն է, բարձրացավ, որովհետև «ՀայՌուսգազարդն» արդեն մի քանի տարի էր` իր ծախսերն ավելացնելու պահանջ էր դրել՝ աշխատավարձեր և այլն: Հանրային խորհուրդը, ի դեպ, կարծում էր, որ ներկայացված ծախսերը գերազանցված են ցույց տալիս: Այնուամենայնիվ, կառավարությունը գնաց այդ պահանջի կատարմանը, և գազի գինը բարձրացավ դրա պատճառով: Մյուս տարի, երբ Ռուսաստանի կողմից այլևս սուբսիդիա չլիներ, ապա պետք է ավելանար այդ ավելցուկի արժեքը, իսկ հիմա, փաստորեն, չի ավելանում և արդյունքում գազի սակագինը սպառողների համար մնում է նույնը:

– «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսի բաշխումը ռուսական կողմին ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար:

– Ցանկալի կլիներ, որ այդ 20 տոկոսը մենք չտայինք: Իսկ տնտեսական տեսանկյունից դա վճռական նշանակություն չունի: Եթե երկարատև ժամկետներով ենք նայում, մեր ազդելու հնարավորությունները էլի մնում են պետական մեխանիզմների, օրենքների միջոցով, բայց, ամեն դեպքում հաճելի չէ: Ես կարծում եմ, որ դա Ռուսաստանին պետք էր այնքանով, որ ցույց տա, թե ինքը ինչ-որ բան ստացել է ինչ-որ բանի դիմաց:

Ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ նախագահի հայտարարությունը, թե իրենք չեն հեռանալու Հարավային Կովկասից, ավելին՝ մտադիր են ամրապնդվել:

– Դա նորություն չէ: Միգուցե նորություն է բացահայտ հնչեցնելու տեսանկյունից: Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Անդրկովկասում առաջացավ ազդեցության վակուում, Ռուսաստանն այդ ժամանակ քաղաքականապես կուչ էր եկել, հիմա կամաց-կամաց թևերը տարածում է, իրեն ավելի ուժեղ է զգում, բնականաբար, պետք է փորձի բոլոր այն երկրներում, երկրամասերում, որտեղ ժամանակին Ռուսական կայսրությունը, հետագայում՝ Խորհրդային Միությունը ազդեցություն են ունեցել, վերականգնի: Իհարկե, այլ մեխանիզմներով՝ տնտեսական, ռազմական դաշինքների և այլն: Կհաջողվի՞ դա Ռուսաստանին, թե՞ ոչ` այլ հարց է, բայց դա ողջ աշխարհի աշխարհաքաղաքականությունն է:

Այնուամենայնիվ, այդ հայտարարությունը Հայաստանի համար լա՞վ է, թե՞ վատ:

– Լավի ու վատի հարց չկա, դա այդպես է: Դու կարող ես հերոսական ջանքերով դուրս գալ այդ ազդեցությունից և մտնել մեկ այլ ազդեցության տակ, բայց այս տարածաշրջանում որևէ այլ ազդեցություն չկրել, լինել հպարտ մենակության մեջ, ոչ ոք քեզ թույլ չի տա: Եթե նման քայլ անես, պետք է մտածես՝ ինչ ես կորցնում: Եվ ես կարծում եմ, որ մենք ավելի շատ կկորցնենք, քան կշահենք:

– Այսինքն` Ռուսաստանի ազդեցությունը կրելով մենք շահո՞ւմ ենք:

– Մենք Ռուսաստանից՝ որպես դաշնակցից, շատ դեպքերում դժգոհ ենք մնացել, որն արտահայտվել է, օրինակ, Ցեղասպանության ժամանակ: Երբեմն մենք հույս ենք դրել Ռուսաստանի վրա, բայց մեր հույսը չի արդարացել: Իսկ կա՞ մեկ ուրիշ երկիր, որն ավելի վստահելի է: Մեզ շատ ավելի «քցեցին» եվրոպական երկրները, հենց, օրինակ` Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և միշտ: Այդ տեսանկյունից պետք է նկատել, որ մենք երբեմն դժգոհ ենք լինում Ռուսաստանից, նրան չենք համարում հարյուրտոկոսանոց հենարան, բայց մյուս կողմից էլ փոխարինող այլ երկիր այս տարածաշրջանում գոյություն չունի: Հարյուրտոկոսանոց վստահություն քաղաքականության մեջ չկա, որովհետև ամեն երկիր ունի իր շահերը: Սակայն անվտանգության տեսանկյունից այսօր կարծես թե Ռուսաստանին ալտերնատիվ երկիր չի երևում:

Բացի անվտանգության ապահովումից, այլ տեսանկյունից, օրինակ՝ տնտեսական, Ռուսաստանի հետ մերձեցումը ի՞նչ է տալու Հայաստանին:

– Տնտեսական տեսանկյունից, եթե կարճատև՝ 5-10 տարի ժամկետով վերցնենք, մեր օգուտները Մաքսային միությունից անհամեմատ ավելի մեծ են, քան Եվրամիության ասոցացված անդամ լինելուց: Մենք ունենք մի քանի միլիոն հայրենակից Ռուսաստանում, լավ ուսումնասիրված շուկա, բավականին մեծ ազդեցություն, մեր ապրանքը դեռևս Խորհրդային Միության ժամանակներից ճանաչված է: Օրինակ` հայկական կոնյակը կամ Ջերմուկը Ռուսաստանում բրենդ է, իսկ Եվրոպայում` ոչինչ, կամ հայկական կոշիկները և այլն: Եվրոպական շուկա մտնելու և լուրջ առևտուր, ներդրումներ անելու համար մենք պետք է բավարարենք եվրոպական չափանիշները, իսկ դա բավականին ծանր պրոցես է, որի ընթացքում մենք շատ բան կկորցնենք:

Ինչ վերաբերում է երկարատև ժամկետներին, ապա դա քննարկելու հարց է: Եթե Ռուսաստանը լուրջ մոդեռնիզացիայի չգնա, մնա հումք վաճառող պետության կարգավիճակում և բավարարվի դրանով, ապա մեր տնտեսությունը տուժած դուրս կգա: Բայց կարծում եմ, այնուամենայնիվ, Ռուսաստանն էլ յուրովի ձգտում է եվրոպական ճանապարհով գնալուն և ջանքեր կգործադրի ներկա կարգավիճակից դուրս գալու համար, ինչը կնպաստի նաև մեր ձգտմանը` ունենալ ժամանակակից չափանիշներին բավարարող տնտեսություն և արտադրություն:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս