Մոտենում են «մանթրաշի» օրերը
Չորս մանկահասակ երեխաների հայր Վարդանն ասում է՝ այս տարի Ամանորին ոչ միայն չեն սպասում, այլ՝ տոն օրերն իրենց նման ընտանիքների համար տխրության, իր խոսքով ասած՝ «մանթրաշի» օրեր են: Ամանորյա տոները Վարդանին ստիպում են երեխաների աչքերին չնայել, նրանց բազում հարցերին չպատասխանել, անհետանալ սենյակի մի անկյունում, որտեղ կմոռացվի «տոնը», երեխաների չարդարացված սպասումները, չգնված նվերները, չհնչած երգ ու երաժշտությունն ու երեխաների չիրականացած ուրախությունը:
«Զարմանալու բան չկա, մենակ մենք չենք, մեր նման շատ մարդիկ կան: Ամեն տարի, մեզ կոտորելով` նշում էինք, երեխեքին կարողանում էինք նվերներ առնել, բայց երեխեքը շատացան՝ կյանքն էլ ավելի դժվարացավ: Էս վերջին տարիներին էլ ընդհանրապես տոն սարքելու հնար չկա»,- ասում է վառարանը բառի բուն իմաստով գրկած 4 անչափահաս երեխաների հայրը՝ Վարդանը:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 4-րդ փողոցի, 49 տան բնակիչ Վարդանը հավատացնում է, որ մշտական աշխատանք ունենալու դեպքում ևս երեք երեխա կունենային, որովհետև ամուսնանալիս որոշել են յոթ երեխա լույս աշխարհ բերել: Հերմինեն ամուսնու ինքնավստահ հայտրարարությանն ականջալուր լինելով` ծիծաղելով հակադարձում է՝ «Որոշել էինք, բայց ես հիմա որոշումից հետ եմ կանգնել:
Ես էլ երեխա չեմ ունենա, թող ինքը ոնց ուզում ա ունենա: Շատ բարդ ա հիմա երեխա մեծացնելը, սկի էս չորսին չենք կարողանում մարդավարի պահել: Ուրիշ բան, որ Վարդանը նորմալ աշխատանք ունենա, ու իմանանք, որ կկարողանանք պահել»: Վարդանը մշտական աշխատանք չունի, շինարարության վրա բանվորություն է անում, բայց այդ աշխատանքը մի օր լինում է, մի քանի օր՝ ոչ: Հատկապես ձմռանն ավելի շատ գործազուրկ է, քան՝ աշխատանքով ապահովված: Անցյալ տարի երկու անգամ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` արտագնա աշխատանքի, բայց որոշ ժամանակ աշխատելուց հետո դատարկաձեռն վերադարձել է, քանի որ աշխատացրել, չեն վճարել:
«Ախր մեղք ա էս ժողովուրդը, փախնում-գնում են Ռուսաստան, էնտեղից կամ հանում, դուրս են շպրտում, կամ՝ ստրուկի պես աշխատացնում, փող չեն տալիս: Գալիս են հետ՝ սովից կոտորվում են: Էս տուպիկի մեջ մարդիկ վարի են գնում: Մենք էս իշխանությունից փող չենք ուզում, ողորմություն չենք ուզում, մենակ ուզում ենք նորմալ աշխատանք, որ մեր երեխեքի մոտ մեզ արժանապատիվ զգանք»,- ասում է Վարդանն, ով ամեն օր ականատես է լինում, թե ինչպես է 64 տարեկան ծեր մայրը փողոցներից, խանութներից կարտոն հավաքում, որ երեխաները չցրտահարվեն:
Յոթ հոգանոց ընտանիքը գոյատևում է տիկին Լուսիկի 16.000 դրամ կենսաթոշակով ու 44.000 դրամ աղքատության նպաստով, որը ստանալուն պես բաժանում են խանութներին, որոնցից ամեն օր պարտքով հաց են վերցնում: Երեխաների մայրը վստահեցնում է, որ երբեք չի եղել, որ նպաստի գումարը տուն բերեն:
«Գևորգս 8 տարեկան, դպրոցական ա: Հազիվ կարողանում ենք իր անհատական պարապմունքների գումարը վճարել ու մասամբ պարտքերը տալ: Հիմա մենակ մեկն ա դպրոցական, բայց որ պատկերացնում ենք` շուտով չորս դպրոցական ենք ունենալու՝ խելագարվում ենք: Հիմա շատ են ասում՝ շատ երեխաներ ունեցեք, ազգը հարստացրեք, բայց, հավատացե՛ք, շատ երեխա ունեցող, բազմազավակ ընտանիքները շատ դժվար են ապրում, անգամ օրվա հացը չեն կարողանում հայթայթել»,- ասում է 26-ամյա Հերմինեն, այնուամենայնիվ, ընդգծելով, որ իրենք պետության աջակցության հույսով չեն չորս երեխա լույս աշխարհ բերել, պարզապես սիրել են շատ երեխաներ:
«Քանի գնում` ապրելն անապրելի ա դառնում»
Լուսիկ տատն ամաչում է նկարագրել իրենց ամենօրյա կենսակերպը: Միայն ասում է՝ «Թշվառության մեջ ենք, բալիկ ջան, շատ թշվառ ենք ապրում: Էսքան տարվա մեջ չենք կարում մի քանի կոպեկ հավաքենք, որ գազը քաշենք: Պատկերացրու, գնում թուղթ, կարտոն, արկղեր, ինչքան թափելու բան կա, խանութներից հավաքում-բերում եմ, որ վառենք, տաքանանք: Քանի գնում, կյանքը, ապրելն ավելի անտանելի, ավելի ճիշտ՝ անապրելի ա դառնում: Առաջ մեր նման մարդիկ աշխատում, պատվով ապրում էին, իսկ հիմագ Ազգովի դարձել ենք թշվառ: Մի քանի հոգի խոզի բդով, խորովածով Նոր տարի են սպասում, իսկ ժողովուրդը ուզում ա աչքը փակի՝ Նոր տարին պրծած լինի»:
Տարեց կինը մեկ էլ մեր պաշտոնյաներին հորդորում է չծաղրել թոշակառուներին, քանի որ համատարած թանկացումներից հետո մի քանի հազար դրամով թոշակ բարձրացնելով` իշխանությունը ստորացնում է Հայաստանում ապրող տարեցներին: Վարդանն անկեղծանալով ասում է, որ ճիշտ է՝ ինքը լավ կրթություն ստանալու արժեքը չի գիտակցել, բայց երեխաների ապագայի վերաբերյալ շատ երազանքներ ուներ: Հիմա հասկանում է, որ երեխաների լավ կրթություն ստանալն էլ իրենից է կախված, բայց, քանի դեռ ինքը ընտանիքի օրվա հացը չի կարողանում վաստակելգ «Լավ կրթության համար երեխեքը պիտի մի քիչ ապահովված, աշխատանք ունեցող ծնողներ ունենան: Երբ առավոտից իրիկուն մտածում ես երեխեքիդ օրվա հացը վաստակելու մասին, էն էլ հարց ա՝ կկարողանա՞ս, թե՞ ոչ, ուսումը մղվում ա երկրորդ պլան: Հիմա մեկն ա, չենք կարողանում, շուտով չորս դպրոցական պահելը կդառնա ամենամեծ հոգսը»,- ասում է նա:
Դժվար է ասել` երկու սենյականոց անդուռ, անտանիք տան մեջ ապրող Վարդանի չորս երեխաներն ի՞նչ երազանքներ ունեն հիմա ու ի՞նչ երազանքներ կունենան ապագայում: 8 տարեկան Գևորգը չարությամբ, վիրավորված հայացքը թեքում է, երբ հայրն իր ներկայությամբ հայտարարում է, որ Ամանորը չեն նշելու: «Ոչինչ, տոնածառը կդնենք ու կուրախանանք: Անցյալ տարի բարձի տակ նվեր կար, ասում էին` Ձմեռ պապ ա եկել, բայց մենք գիտենք, որ Ձմեռ պապ չկա: Էս տարի ինքն էլ չի գա»,- ասում է ու դուռը շրխկացնելով փախնում է դուրս: