ՕԵԿ-ը դատի է տալիս «Ժողովուրդ» թերթին

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե ՕԵԿ-ը միշտ արել է հնարավորը՝ ԶԼՄ-ների ազատության համար: Ըստ նրա՝ լրատվամիջոցները պետք է ապահովեն խոսքի ազատությունը ու հանրությանը մատուցեն բազմաբովանդակ տեղեկատվություն՝ լրագրողական էթիկայի ու պրոֆեսիոնալ նորմերի սահմաններում: Հովհաննես Մարգարյանը նաև նկատեց, որ մամուլում իրենց շատ են քննադատել, սակայն իրենք սվիններով չեն ընդունել այդ լրատվամիջոցներին, հարկ եղած դեպքում հերքել են կամ զգուշացրել: «Նման վերաբերմունք է եղել նաև «Ժողովուրդ» օրաթերթի նկատմամբ, սակայն վերջիններս չարաշահեցին մեր համբերատար վերաբերմունքը և զգուշացումները, ավելին՝ շրջանցելով լրագրողական էթիկան ու տարրական նորմերը, նրանք շարունակեցին մեզ վարկաբեկող նյութերը՝ մեղադրելով Քրեական օրենսգրքով պատժելի հանցագործությունների մեջ: Սրա մեջ միտում ենք տեսնում, և ժողովրդական խոսք կա՝ այլևս համբերության բաժակը լցվել է»,- հայտարարեց ՕԵԿ պատգամավորը: Ուստի, նրա փոխանցմամբ, իրենք պատրաստել են համապատասխան նյութեր, որոնք ներկայացնելու են դատարան, որպեսզի դրանք ուսումնասիրվեն ու ձեռնարկվեն օրենքով սահմանված միջոցներ մեղավորներին պատժելու համար:

Տեսանյութեր

Լրահոս