Լևոն Զուրաբյան. Մարդիկ օրենքի լկտի խախտումներով պահվել են ոստիկանությունում
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով երեկվա ակցիաների արդյունքում ոստիկանություն բերման ենթարկված ցուցարարներին, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց. «Խաղաղ ցույցերի մասնակից քաղաքացիներից զատ, նրանց մեջ կային նաև լրագրողներ, անչափահասներ կամ պարզապես փողոցներից,կանգառներից պատահական մարդիկ: Կատարվել են խուզարկություններ, ոմանց նկատմամբ կիրառվել են բռնություններ, բերման ենթարկվածները ապօրինաբար զրկված են եղել փաստաբանանական օգնության հնարավորությունից, շատերն ամբողջ օրվա ընթացքում պահվել են ոստիկանական բաժանմունքներում առանց իրավական հիմքի՝ օրենքի լկտի խախտումներով: Այս գործողությունները չեն տեղավորվում ՌԴ նախագահի այցի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում, քանի որ եղել են և ապօրինի, և այցի բնականոն ընթացքի ապահովմանը անհամաչափ:
Ոստիկանության գործողությունները խաղաղ ցուցարարների դեմ խախտել են քաղաքացիների՝ հավաքների ազատության սահմանդրական իրավունքը, հասարակական կարգը ու ցույց են տվել իշխանությունների արհամարհանքը հիմնարար ժողովրդավարական ազատությունների նկատմամբ»,- նշեց նա:
Լևոն Զուրաբյանը հիշեցրեց, որ ընդամենը երկու ամիս առաջ ՀԱԿ-ը կրկին ԱԺ ամբիոնից դատապարտեց իշխանության «ավազակախմբերի ստոր հարձակումներն ակտիվիստների վրա»՝ նշելով. «Մենք տեսնում ենք, որ խաղաղ ցուցարարների դեմ բռնություն կիրառելը այս իշխանության գլխավոր բնութագիրն է: Մարտի մեկյան արյունահեղությամբ իշխանության եկած վարչախմբից այլ պահվածք ակնկալել հնարավոր չէ: Բայց հասկացեք վերջապես, որ ժողովրդավարական սահմանադրություն ունեցող երկրում ժողովրդի նկատմամբ բռնությամբ որևէ հարց չի լուծվում»:
Նա նշեց, թե սրա լավագույն օրինակն այն է, ինչ այսօր կատարվում է Ուկրաինայում. «Մինչև բռնության կիրառումը, հակասություններն այնտեղ տեղավորվում էին երկրի զարգացման մոդելի շուրջ բանավեճի, դեմոկրատական գործընթացի շրջանակներում: Խաղաղ ցուցարարների դեմ հակասահմանադրական գործողությունների կիրառումից հետո Ուկրաինայի ժողովուրդը արդեն գործ ունի Մարդու սահմանդրական իրավունքների խախտման հետ և հենց դրանով է պայմանավորված ընդվզման ծավալը»:
Նա հայտարարեց, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին, Հայ ազգային կոնգրեսը Աազտության հրապարակից սկսելու է Մարդու իրավունքների ավանդական երթը, որին միացել է նաև ՀԺԿ-ն: «
Մենք կոչ ենք անում Հայաստանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների վիճակով մտահոգ բոլոր քաղացիներին մասնակցել այդ երթին, ինչը թույլ կտա մեզ բոլորիս ավելի արդյունավետ պայքար տանել քաղաքացիների իրավունքների համար»,- եզրափակեց նա: