Էդուարդ Շարմազանով. Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին.
«Վերջին օրերին մեր երկրի քաղաքական կյանքում տեղի ունեցավ երկու նշանակալի իրադարձություն: Նախ, Վիլնյուսում Հայաստանն ամենաբարձր մակարդակով ներկայացվեց ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովին, որտեղ նշվեց, որ ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությունն ու ժողովրդավարական բարեփոխումները մեր երկրում այլեւս անշրջելի են, եւ եվրոպական մոդելով Հայաստանի պետականության կառուցումն ու ամրապնդումը եղել է մեր պետության գիտակցված ընտրությունը:
Հարկ է նշել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մեր պետության առաջնորդը Վիլնյուսում վերահաստատեց մեր այն վճռականությունը, որ թուրքական ժխտողականության դեմ պայքարը պետք է շարունակվի՝ անդրադառնալով նաեւ Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակմանը:
Վիլնյուսում ազդակ հղվեց, որ հայկական կողմերը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ եւ քաղաքական կարգավորման կողմնակից են, եւ անհնար է հասնել հիմնախնդրի վերջնական հանգուցալուծմանը՝ առանց Արցախի ուղղակի մասնակցությանը բանակցություններին:
Երեկ տեղի ունեցավ ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նախագահի պետական այցը Հայաստան, որն աննախադեպ էր իր արդյունքներով եւ նոր էջ բացեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում:
Մեր ընդդիմախոսները պարբերաբար փորձում էին կասկածի ենթարկել որեւէ լուրջ դրական փոփոխության հնարավորությունը Հայաստանի շարքային քաղաքացու կյանքում:
Զերծ մնալով քաղաքական պոպուլիզմից` խոսեմ փաստերով: Դատեք ինքներդ: Նախ, հարկ է նշել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների բանակցությունների արդյունքներով ստորագրվեց 12 կարեւորագույն փաստաթուղթ, ամրապնդվեց Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական համագործակցությունը, ինչն ինքնին հավելյալ երաշխիք է մեր անվտանգության եւ խաղաղության համար:
Սա լա՞վ է, թե՞ վատ:
Ռուսաստանը նվազեցնում է Հայաստանին մատակարարվող գազի սակագինը՝ 1000 խմ-ի դիմաց նախկին 270 դոլարի փոխարեն սահմանելով 189 դոլար:
Սա դրակա՞ն է, թե՞ ոչ մեր քաղաքացիների համար:
Նավթի եւ նավթամթերքի համար Ռուսատանը հանում է օրենքով նախատեսված արտահանման 30 տոկոս մաքսատուրքը՝ սոցիալ-տնտեսական զարգացման աննախադեպ հնարավորություններ ստեղծելով:
Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ:
Լինելով ՀԱՊԿ անդամ՝ Հայաստանը ռուսական զենք եւ զինամթերք կգնի ներռուսաստանյան գներով:
Սա դրակա՞ն է, թե՞ ոչ:
Եզրակացությունը մեկն է: Անհերքելի է, որ շարքային քաղաքացին իր մաշկի վրա ուղղակիորեն կզգա այս պետական այցի դրական փոփոխությունները: Իսկ այն, որ մի քանի ընդդիմադիր գործիչներ դրանից կարող են տխրել, մեզ համար էական չէ»: