Արտգործնախարարն ընդունեց Նոր Զելանդիայի վարչապետի հատուկ բանագնացին
Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Նոր Զելանդիայի վարչապետի հատուկ բանագնաց Ջիմ Բոլջերին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին շրջանում ակտիվացել են հայ-նորզելանդական կապերը, ինչի վկայությունն են անցած տարի իր կատարած այցը Նոր Զելանդիա և Հայաստանում Նոր Զելանդիայի առաջին դեսպանի նշանակումը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ջիմ Բոլջերը նշեց, որ Նոր Զելանդիան կարևորում է հարաբերությունների ընդլայնումը Հայաստանի հետ և ցանկանում է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
Զրուցակիցներն անդրադարձան քաղաքական և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղիներին:
Նախարար Նալբանդյանը հյուրին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության գործադրվող ջանքերը:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ։
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն