Շարմազանովը մեկնաբանում է Պուտինի հայտարարությունը

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան բավական դրական է գնահատում: 168.am-ի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը նշեց, թե այցը աննախադեպ էր իր արդյունքներով և, դիմելով քննադատներին, ասաց, թե ՀՀ շարքային քաղաքացին «իր մաշկի վրա» կզգա այդ այցի դրական արդյունքները:

«Բոլոր այն սպեկտիկները, ովքեր կասկածանքով էին մոտենում, որ այդ այցով շոշափելի լուրջ առաջընթաց կնկատվի նաև Հայաստանի հասարակ քաղաքացու կյանքում, սխալվեցին: Ես կարող եմ ընդամենն ասել, որ Հայաստանի հասարակ քաղաքացին իր մաշկի վրա կզգա այդ այցի դրական արդյունքները»:

Ըստ նրա՝ Վ. Պուտինի այցով նախևառաջ ևս մեկ անգամ վերահաստատվեց Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական համագործակցությունը: Շարմազանովը հիշեցրեց, որ Հայաստանն ապրում է մի տարածաշրջանում, որտեղ անվտանգության խնդիրը գլխավորն է, ապա նշեց, թե առանց անվտանգության ու խաղաղության երաշխիքի դժվար թե կարողանանք խոսել սոցիալական, տնտեսական բարեփոխումներից, ժողովրդական զարգացումներց.

«Մեր դաշնակից երկրի նախագահի այցը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստան-Ռուսաստան ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական դաշնակցային հարաբերությունները պետք է շարունակվեն, դա հավելյալ երաշխիք է անվտանգության համար»:

Կարդացեք նաև

Մեջբերելով Պուտինի խոսքերը՝ նա ընդգծեց, թե ԼՂՀ-ի հարցում բացառապես քաղաքական և խաղաղ լուծում պետք է լինի: «Կարևորագույն է նաև գազի սակագնի փոփոխությունը: Եթե այսօր 270 դոլար է, ապա փոխվում է 189 դոլար, և ես կարծում եմ՝ դա շոշափելի դրական տեղաշարժ է մեր հասարակ քաղաքացու կանքում: Մեր տնտեսվարողները կարող են նավթամթերքը գնել առանց երեսուն տոկոս մաքսատուրքի, ինչը ևս առաջընթաց է: Պարոն նախագահը շատ ճիշտ նշեց, որ այս այցը նոր էջ է խորհրդանշում հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում: Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ հասարակ քաղաքացու համար, հարցնում եմ սկեպտիկներին»:

Մեր հարցին, թե Պուտինի հայտարարությունը, թե ՌԴ-ն չի հեռանալու Հարավային Կովկասից և՞ս դրական է, Էդուրադ Շամազանովը պատասխանեց, թե շատ բնական է, որովհետև յուրաքանչյուր մեծ երկիր ունի իր աշխարհաքաղաքական շահերը, ավելին՝ դա դրական հայտարարություն է Հայաստանի համար:

«Ես ցավում եմ, որ որոշ «վերլուծաբաններ» և մարգինալ, լուսանցքում հայտնված քաղաքական գործիչներ Պուտինի այդ հայտարարությունը փորձում են այլ կերպ մեկնաբանել: Երբ որ մեր դաշնակից երկրի ղեկավարն ասում է, որ չեն գնալու Հարավային Կովկասից, դա նշանակում է, որ ռուսական ռազմաբազան մնալու է Հայաստանում, որ ՀՀ-ը ՌԴ-ի ներքին գներով իրավունք ունի ռազմատեխնիկա գնել հենց Ռուսաստանից, Հայաստանը ուժեղացնելու է իր մասնակցությունը ՀԱՊԿ և հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունում»:

Շարմազանովը հավելեց, որ Հայաստանը որպես ռազմական միավորում ընտրել է ՀԱՊԿ-ն և Վ. Պուտինի հայտարարությունը արդարացնում է այս ընտրությունը: «Ցավում եմ, որ ՀՀ-ում կան մարդիկ, քաղաքական գործիչներ, ովքեր նույնիսկ ՀՀ պետական շահերից բխող հայտարարությունը փորձում են ձևափոխել ու ներկայացնել այլ կերպ»,- եզրափակեց Է. Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս