Հրանտ Բագրատյանը՝ կազինոների մասին. Փորձ է արվում խոշորացնել բիզնեսը, դարձնել վերահսկելի, ինչ-որ տեղ քաղաքական վերահսկողություն սահմանել

«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունը նախատեսում է խաղատները տեղափոխել Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ և Մեղրի վարչական շրջաններ, բացառությամբ այն խաղատների, որոնք 40 մլրդ դրամի ներդրումները կկատարեն: Այս հնարավոր փոփոխությունն, ըստ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ «կազինոների» բիզնեսի խոշորացման քայլ է։

«Մի կողմ թողնեք կազինոները, բայց բացահայտ փորձ է կատարվում ամեն ձևով խոշորացնել բիզնեսը, դարձնել վերահսկելի, ինչ-որ տեղ քաղաքական վերահսկողություն սահմանել և այս տեսանկյունից ինչու պետք է կազինոների տեսակետից նույնիսկ փոքր բիզնեսը մեռնի։ Եթե, ինչպես ֆինանսների փոխնախարարն է ասում, այս բիզնեսին հատուկ վերաբերմունք ունենք, ապա ինչո՞ւ ենք 40 մլրդ ներդրման դեպքում ասում, թե եկեք Երևանում դա արեք,- նշեց նա, ապա ավելացրեց,-  Կամ սա բիզնես է՝ անկախ նրանից, կազինո՞ է, ինչ է, օրենքով թույլատրված է և այդտեղ մենք դիտարկում ենք, որ չի կարող լինել սելեկցիա, կամ էլ բարոյական հիմքեր ենք դնում. այդ դեպքում ընդհանրապես չենք անդրադառնում նման օրենսդրության փոփոխությանը»:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, օրենքում վերոնշյալ փոփոխության առաջարկի հեղինակ Վարդան Այվազյանն արձագանքեց Հրանտ Բագրատյանի դիտարկմանը՝ ասելով.  «Այո, այս ոլորտն, իմ խորին համոզմամբ, խնդիր ունի խոշորացման, ցիվիլ ճանապարհով իրականացման, ինչո՞ւ չէ՝ նաև կառավարության որդեգրած քաղաքականության շրջանակներում տվյալ տարածքների համաչափ զարգացմանը։ Եթե մենք թույլ ենք տվել այս բիզնեսի զարգացումը, տուրիզմի զարգացման հիմնախնդիրների հետ կախված խնդիրը, բնականաբար, հենց դրանից ելնելով դրույքաչափերի մեջ էական փոփոխություն կատարեցինք. 800 մլն իջեցրինք և դարձրինք 150 մլն այդ տարածքների համար, որոշակի առումով 120 մլն, անգամ մենք գնացինք մինչև սահմանային կետերը, որտեղ պետք է իջեցրեցինք 80 մլն»։

ՀՀԿ-ական պատգամավորի համոզմամբ՝ պետք է կանխել փոքր խաղատների համատարած սփռումըը։ «Այս պարագայում ունենալ փոքր, համասփռված փոքր խաղատներ, որտեղ 20 ապարատ ա ամեն մի անկյունում կամ ամեն մի փոքրիկ տեղում շահագործվում է։ Դրանից է շահագրգռված եղել, դրանով է առաջնորդված եղել իմ օրենսդրական փոփոխությւոններ իրակացնելու մասին նախաձեռնությունը»,- նշեց Վարդան Այվազյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս