«Տրակտորային հեղափոխություններ» Թաիլանդում ու Ուկրաինայում (տեսանյութեր)
Russia Today հեռուստաալիքի փոխանցմամբ՝ շինարարական տեխնիկան քանիցս դարձել է աշխարհի տարբեր երկրներում գործող իշխանություններին տապալելու յուրօրինակ խորհրդանիշ: Ընդդիմադիրներն այն կանոնավորապես օգտագործում են վարչական շենքերն ու կառավարությունների շտաբ-բնակարանները գրոհելու համար:
Երեկ Թաիլանդում բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք ձգտում են հասնել վարչապետ Յինգլակ Չինավատի հրաժարականին, գրոհել են կառավարության շենքը: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել նրանց նկատմամբ և բարիկադներ է կառուցել: Ընդդիմադիրները բուլդոզեր են կիրառել՝ կառավարական շենքի դարպասները խոցելու համար:
Դրա նախօրեին էլ նման մարտավարություն Ուկրաինայում կիրառել են ընդդիմության կողմնակիցները: Կիևում նախագահի նստավայրի պաշարումը շարունակվել է ավելի քան երեք ժամ: Այստեղ նույնպես ոստիկանների դեմ կիրառվել է բուլդոզեր:
Նշվում է, որ 2000 թվականին Հարավսլավիայում տեղի ունեցած իրադարձություններն անգամ անվանվել են «բուլդոզերային հեղափոխություն»: Այդ ժամանակ ցուցարարները ծանր տեխնիկայի օգնությամբ գրոհել են կենտրոնական հեռուստատեսության շենքը:
Տրակտորի վարորդ Լյուբիսավ Ջոկիչը դարձել է հեղափոխության խորհրդանիշը: Նա բուլդոզերով խոցել է հեռուստակենտրոնի դարպասները՝ գտնվելով ինքնաձիգների կրակահերթի տակ: Բելգրադի իրադարձություններն ավարտվել են նախագահ Սլոբոդան Միլոշևիչի տապալմամբ: Նա հրաժարական տվեց 2000 թվականի հոկտեմբերի 6-ի երեկոյան, և երկիրը գլխավորեց Վոիսլավ Կոշտունիցան: