Իրանին պետք է հրավիրել «Ժնև 2» կոնֆերանսին. Բան Կի Մուն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը դեռ որոշում չի ընդունել հունվարի 22-ին կայանալիք «Ժնև 2» կոնֆերանսի մասնակիցների վերաբերյալ: Մունը Լիմայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ նախկինի նման կարծում է, որ հրավիրյալների թվում պետք է լինի նաև Իրանը:

Մունը հույս է հայտնել, որ մասնակիցների ցանկը կհամաձայնեցվի դեկտեմբերի 20-ին Ժնևում կայանալիք ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ներկայացուցիչների եռակողմ նախապատրաստական հանդիպման ժամանակ: Մունի խոսքերով՝ Սիրիայի հարցով իր հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին համակարծիք է իր հետ Իրանին հրավիրելու հարցում:

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է առանց որևէ նախապայմանի մասնակցել «Ժնև 2» կոնֆերանսին, եթե ստացվի նման հրավեր: «Ժնև 2»-ին Իրանի մասնակցությանը կտրականապես դեմ է սիրիական ընդդիմությունը, որը Թեհրանին մեղադրում է Սիրիական հակամարտության մեջ ներքաշվելու մեջ:

Տեսանյութեր

Լրահոս