Պետության վախճանը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա պետական այցը Հայաստան, ըստ էության, դարձավ սեպտեմբերի 3-ին մեկնարկած Հայաստանի ինքնիշխանության նվաստացման գործընթացի վերջին ակորդը: Նախ` չնայած այցը երկկողմ հարաբերություններում ամենաբարձր՝ «պետական» մակարդակի այցելություն էր, սակայն Պուտինը ժամանեց ոչ թե Հայաստան պետության կարևոր ատրիբուտներից մեկը՝ մայրաքաղաք Երևան, այլ Գյումրի, որն իրականում Պուտինի համար Ռուսաստանի ռազմական համակարգի կարևոր ատրիբուտներից մեկն է: Պուտինը ցույց տվեց, թե որտեղ է սկսվում և ավարտվում Հայաստանի կարևորությունն իր համար:
Դրա անունն է` Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայան: Ու պատահական չէ, որ հենց Գյումրիում Պուտինն արեց իր այցի ամենակարևոր հայտարարությունը. Ռուսաստանը ոչ միայն չի պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասից, այլ հակառակը՝ ավելի է ամրապնդվելու: Մեծ հաշվով, Պուտինը Հայաստան էր այցելել հենց այս հայտարարությունն անելու համար: Նրա այցի ընթացքում տեղի ունեցած մյուս իրադարձությունները, ստորագրված մի քանի երկկողմ պայմանագրերը հենց այդ հայտարարության, այսինքն՝ Հայաստանում ռուսական ներկայության ամրապնդման տրամաբանության շրջանակներում էին:
Այդ թվում՝ «ՀայՌուսգազարդի» ՀՀ կառավարությանը պատկանող բաժնետոմսերի վերջին 20 տոկոսի հանձնումը «Գազպրոմին»: Բայց երեկ տեղի ունեցածն ավելին էր, քան «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի հանձնումը Ռուսաստանին, քանի որ Պուտինի երեկվա այցն իրականում Հայաստանի կապիտուլյացիան արձանագրելու նպատակ ուներ, ինչը տեղի ունեցավ «բարձր մակարդակով»:
Բայց մինչ Գյումրիում ու մնացած վայրերում իշխանության ներկայացուցիչները ցուցանում էին իրենց ոգևորությունն ու պատրաստակամությունը առ Վլադիմիր Պուտին, Երևանում հազարավոր քաղաքացիներ բողոքի ակցիա էին անցկացնում` ընդդեմ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության: Իշխանությունները դա ևս օգտագործեցին Պուտինին հաճոյանալու համար:
Երեկ Ոստիկանությունն ամենաբռնի մեթոդներով բերման ենթարկեց 100-ից ավելի քաղաքացիների, բռնություն կիրառելով անգամ կանանց նկատմամբ: Բայց եթե իշխանությունները քաղաքացիներին բերման ենթարկելով` ցանկանում էին Պուտինի «աչքից հեռու պահել», թե ինչպե՞ս են նրան վերաբերվում Հայաստանում, ապա դա միանգամայն հակառակ էֆեկտն ունեցավ. ողջ աշխարհը տեսավ, որ Հայաստանում կան քաղաքացիներ, ովքեր, ի տարբերություն իշխանությունների, չեն պատրաստվում համակերպվել երկիրը Պուտինին հանձնելու գաղափարի հետ:
Ի դեպ, Պուտինի աչքից, թերևս, չի վիպի նաև այն հանգամանքը, որ մինչ երեկ հարյուրավոր քաղաքացիներ իր դեմ բողոքի ակցիաներ էին իրականացնում Երևանում, Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը, բացառությամբ «Ժառանգություն» խմբակցության անդամների, խորհրդարանում ինքնամոռաց քննարկում էր պարտադիր կենսաթոշակային համակարգի մասին օրենքն ու Վերահսկիչ պալատի ծրագիրը: