«Որքան շատ եք ձախողում, այնքան ավելի է մեծանում հաջողության հասնելու ձեր հնարավորությունը»
Ասում է Մոսկովյան «Սկոլկովո» կառավարման դպրոցի ստարտափ ծրագրերի տնօրեն,
«Սկոլկովո» Ստարտափ ակադեմիայի տնօրեն Լորենս Ռայթը
Լորենս Ռայթն այս օրերին գտնվում է Հայաստանում, մասնակցում է նոյեմբերի 28-29-ը կազմակերպված ArmNet միջոցառմանը: ArmNet-ի շրջանակներում տեղի ունեցավ «StartUp Day» միջոցառումը, որի ընթացքում «Սկոլկովո» Ստարտափ Ակադեմիայի փորձագետները, այդ թվում՝ Լ.Ռայթը, աշխատանքի արդյունավետ կազմակերպման, բիզնես մոդելավորման և ներդրումների ներգրավման թեմաներով սեմինարներ վարեցին:
– Ձեր ելույթում նշեցիք, որ շատ կարևոր է ունենալ Start-up բիզնես, և, որ այդ զգացողությունը շատ ավելին է, քան նույնիսկ երեխա ունենալու զգացումը, և այլն: Ինչո՞ւ եք այդպես կարծում, և ո՞րն է եղել Ձեր առաջին Start-up-ը, ե՞րբ եք այն նախաձեռնել:
– Իրականում ուզում եմ ասել, որ սեփական բիզնես ունենալը և ղեկավարելը հրաշալի փորձառություններից մեկն է մարդու կյանքում, ավելին է, քան որևէ մեկի մոտ աշխատելը: Ինքդ քեզ համար և քեզ մոտ աշխատելը նշանակում է` քո երազանքը կյանքի կոչել, զգալ քո երազանքը, ամբիցիաները, դա նշանակում է` անել այն, ինչ սիրում ես, և սիրել քո բիզնեսը: Սա հենց այն է, ինչ անում են լավագույն ընկերությունները: Ես ձեռնարկատիրական գործունեության մասին սովորեցի մեծ ընկերությունում աշխատելու ժամանակ, տարօրինակ գուցե թվա, սակայն ես աշխատեցի և սովորեցի նաև մի ընկերությունում, որը տալիս էր աշխատանք, սակայն, միևնույն ժամանակ, աշխատակիցներին նաև հնարավորություն էր տալիս այդ ընկերության բաժնետերը դառնալ:
Իսկ դա նշանակում է, որ դու ոչ թե պարզապես աշխատում ես մի ընկերությունում գումարի համար, այլ աշխատում ես մի տեղ, որը նաև քեզ է պատկանում: Այսպիսով, ընկերության աշխատակիցները հանդիսանում են այդ ընկերության թե՛ աշխատողները և թե՛ սեփականատերերը: Ընկերությունը, որում աշխատում էի, կամաց-կամաց մեծացավ, և մեծացան նաև մեր գործունեության շրջանակները: Պարզապես մի օր հասկացա, որ ինքս էլ կարող եմ այդ ամենն անել, և որևէ մեկի մոտ աշխատելու կարիք այլևս չկա: Եվ սկսեցի ընկերություններ հիմնադրել: Դա հրաշալի փորձառություն էր, ու ես սիրում եմ դա անել: Սեփական ընկերություն ունենալուց հետո այլևս չեմ պատրաստվում աշխատել մեծ ընկերության համար: Դա կարծես մի բան է, որը փորձելուց հետո այլևս չես ցանկանում գնալ և կրկին աշխատել մեկ այլ, թեկուզև որևէ մեծ ընկերությունում, այլ ցանկանում ես աշխատել քո սեփական ընկերությունում: Ես դա սկսեցի 1992թ.-ին, և այդ ժամանակից սկսած՝ հիմնադրել եմ թվով 5 նորաստեղծ ընկերություններ:
– Ո՞ր ոլորտներում են դրանք:
– Հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում են, տեխնիկական ծառայությունների, ֆինանսական ծառայությունների ոլորտներում և այլն, սակայն կրկին հիմնավորված են տեխնոլոգիաների և մաթեմատիկական մոդելների վրա: Այժմ ես օգնում եմ նորաստեղծ ընկերություններին` հաջողակ լինել, ինչը, կարծում եմ, ամենալավագույն ստարտափն է աշխարհում, որովհետև այժմ ես կարող եմ ոչ միայն զարգացնել իմ անհատական նորաստեղծ ընկերությունները, այլև օգնել հարյուրավոր այլ նորաստեղծ ընկերությունների, որպեսզի հաջողեն իրենց ձեռնարկատիրական գործունեության մեջ:
– Նշեցիք, որ անհրաժեշտ է ունենալ որոշակի կիրք՝ կատարած աշխատանքի նկատմամբ, և հաճույք ստանալ այն ամենից, ինչ կատարում եք:
– Այո, անպայմա՛ն:
– Ինչո՞ւ է դա այդքան կարևոր:
– Նոր ընկերություն ստեղծելն իրականում բավական դժվար գործ է, և այն իր մեջ նաև մեծ ռիսկեր է պարունակում: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ եթե դուք չեք սիրում այն, ինչ անում եք, եթե դուք կիրք չեք զգում այն ամենի նկատմամբ, ինչ անում եք, ապա չեք կարող անել այն անհրաժեշտը, որ պետք է կատարեք` հաջողության հասնելու համար: Խոսքը, մասնավորապես, զոհաբերությունների մասին է, երկար ժամերով աշխատանքի մասին է, ինչն անհրաժեշտ է Ձեր բիզնեսը հաջողակ դարձնելու համար: Շատ կարևոր է սիրել այն, ինչ անում եք, պետք չէ ինչ-որ բան անել զուտ գումար վաստակելու համար:
– Կարելի՞ է ասել, որ կհաջողես միայն այն դեպքում, եթե սիրես այն, ինչով զբաղվում ես` հաճույք ստանալով քո կատարած աշխատանքից:
– Ոչ ինքնաբերաբար (ավտոմատ կերպով), սակայն դա շատ կարևոր չափանիշ է, ու կարևոր է հասկանալ, թե ի՞նչն է քեզ երջանկացնում: Կան, իհարկե, տարբեր մեթոդներ և եղանակներ, թե ինչպե՞ս է պետք մտածել նորաստեղծ ընկերություն հիմնելիս, որպեսզի հաջողության հասնես: Ասվածը պարզապես ավելացնում է քո շանսերը հաջողակ դառնալու գործում: Ընկերություն ստեղծելու մասին կան բազմաթիվ դասեր, որոնք մենք սովորում և հասկանում ենք, երբ փորձառություն ենք ձեռք բերում: Պետք է հասկանալ, որ նորաստեղծ ընկերությունը՝ դա միայն մեծ ընկերության փոքր տարբերակը չէ, այն ունի շատ ուրիշ կանոններ, որոնք սովորեցնում են բիզնես դպրոցներում:
Նորաստեղծ ընկերությունների կանոնները վերաբերում են որոնմանը, փնտրմանը, երբ փորձում ես գտնել, թե ինչպիսի՞ն պետք է լինի քո բիզնես մոդելը, ո՞ւմ պետք է վաճառես քո ապրանքը կամ ծառայությունները, ովքե՞ր են լինելու քո հաճախորդները, ո՞րն է քո արժեքը, ի՞նչը պետք է ընկած լինի քո ծառայության կամ ապրանքի հիմքում, և ինչպե՞ս ես, ի վերջո, այդ ամենից գումար վաստակելու: Նորաստեղծ ընկերությունը կոչված է նոր բան փնտրելու, նոր յուրահատկություն գտնելու, թիմ ստեղծելու, բանակցություններ վարելու և մարդկանց հետ ճիշտ հարաբերություններ, կապեր ստեղծելու և պահպանելու:
Հարաբերությունները, ինչպես կյանքում, այնպես էլ բիզնեսում` հատկապես նորաստեղծ ընկերություն ստեղծելու ժամանակ, ամենադժվարն է, քանի որ մարդիկ տարբեր են, ուստի հարաբերությունները ևս տարբեր են: Այսպիսով, Դուք պետք է այս ամենի մասին մտածեք, սակայն, միևնույն ժամանակ, պետք է ոչ միայն մտածեք, այլև փորձարկեք այդ բոլոր գաղափարները, որպեսզի իրականում ավելի հստակ պատկերացում ունենաք ձեր ընկերության արժեքի, ձեր հաճախորդների կարիքների և ձեր գործունեության այլ բնութագրիչների մասին:
Գնացե՛ք, հարցրե՛ք մարդկանց, խոսե՛ք Ձեր հաճախորդների հետ, հարցեր տվեք նրանց և վեր հանեք, թե ի՞նչ են իրականում ուզում նրանք, ի՞նչ խնդիրներ ունեն, և այդ ժամանակ միայն հնարավոր է, որ դուք որոշակի փոփոխություններ կատարեք նաև Ձեր եզրակացություններում, Ձեր առաջարկներում և հաճախորդների հետ Ձեր հարաբերություններում: Այսինքն` դուք պետք է դուրս գաք և իրականում խոսեք մարդկանց հետ` նրանց հասկանալու համար և ամեն բան լավ պատկերացնելու համար: Միայն այդ ամենից հետո կարող եք իրականում հասկանալ, թե ինչի՞ մասին է լինելու Ձեր նորաստեղծ բիզնեսը:
Իրականում շատ մարդիկ են երազում այն մասին, թե ի՞նչ են ցանկանում ունենալ, սակայն ոչ բոլորն են նրանցից փորձում դա անել: Բայց անհրաժեշտ է փորձել և ուղղակի անել դա, և, փորձելուց բացի, կարևոր է չվախենալ ձախողումից: Այո՛, իրականում դուք պետք է հասկանաք, որ կարող եք նաև ձախողվել, և դա նորմալ է: Ձախողվելը վատ չէ: Միգուցե տարօրինակ հնչի, հայկական կամ ռուսական իրականություններում (մշակույթում) մարդիկ չեն ցանկանում ձախողվել, դա նրանց համար սարսափելի և ահավոր տhաճ բան է ու նաև վախեցնող երևույթ է:
Սակայն մենք պետք է փոխենք այդ մտածելակերպը, պետք է հաղթահարենք այդ ամենը և, ի վերջո, հասկանանք, որ որքան շատ եք ձախողվում, այնքան ավելի են բարձրանում ձեր` հաջողության հասնելու հնարավորությունները: Եթե դուք ձախողվեք 1,2,3 և ավելի անգամ, դա նշանակում է, որ ավելի է մեծանում հավանականությունը, որ դուք հաջողության եք հասնելու մոտ ապագայում, եթե, իհարկե, դուք այդ ամենից դասեր քաղեք, ձեր մտածելակերպը բաց է, և կմտածեք ձեր սխալներն ուղղելու մասին: Այս դեպքում ձախողումը բոլորովին էլ ձախողում չէ, այդ ձախողումը պարզապես մեկ քար է ավելացնում դեպի ձեր հաջողությունը: Մինչև չփորձեք՝ հաջողության հասնել, չեք կարող, ուրեմն դուք պետք է փորձե՛ք:
– Դուք «Սկոլկովո» Ստարտափ ակադեմիայի տնօրենն եք: Ի՞նչ ստարտափեր են այնտեղ ստեղծվում, արդյոք ՏՏ ընկերություննե՞րն են գերակշռում այդ նորաստեղծ ընկերությունների շարքում:
– Այո, իրականում ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերությունները բավական շատ են: Ընդհանուր առմամբ, դրանք մեզ մոտ կազմում են ընդհանուր նորաստեղծ ընկերությունների մոտ 70%-ը, սակայն «Սկոլկովոյում» միայն այդ ուղղությամբ չեն ընկերություններ ստեղծվում, այլև շինարարության, բժշկական ծառայությունների, բիոտեխնոլոգիաների և շատ տարբեր ուղղություններով: Օրինակ, ես վերջին 1 տարվա ընթացքում աշխատել եմ 68 նոր ընկերությունների ստեղծման վրա, դրանց ավելի քան կեսը ՏՏ-ի հետ կապ ունեն:
– Ստեղծված ընկերություններից քանի՞սն են հաջողություն ունենում:
– Դա կախված է նրանից, թե Դուք ի՞նչ նկատի ունեք՝ ասելով` հաջողակ նորաստեղծ ընկերություն: Մեկ տարում մեր ծրագրով անցած այդ 68 ընկերություններից 23-ն արդեն աճող ընկերություններ են, ինչը, կարծում եմ, վատ ցուցանիշ չէ: Այսինքն` մոտ 30% աճը, և դա բավականին լավ ցուցանիշ է: Մնացածն էլ վստահորեն հաջողության են հասնելու, միգուցե` ոչ առաջին տարում: Հիշեք ձախողվելու մասին իմ ասածը, դուք պետք է փորձեք, փորձեք և անընդհատ փորձեք, դա փորձառություն է, որն անհրաժեշտ է հաջողության հասնելու համար: Եթե հարցնեք հաջողակ մարդկանց, ապա նրանք ձեզ կասեն, որ անընդհատ փորձելու և չհանձնվելու արդյունքում են նրանք հաջողությունների հասել: Ձախողվել կարող են բոլորը, սակայն այդ ձախողումից դասեր քաղել, ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատել և հետևություններ անել ու չհանձնվել` կարող են ոչ բոլորը: Սակայն հենց նրանք են հաջողության հասնում:
Այսպիսով ես լիահույս եմ, որ նրանք բոլորը, ի վերջո, դառնալու են հաջողված ընկերություններ: Այն, որ այժմ մենք ունենք 23 աճող ընկերություններ, որոնք ստեղծել են մոտ 200 աշխատատեղ, ներգրավվել են 4 մլն դոլարի վենչուրային կապիտալ, իսկ այժմ գնահատվում են մոտ 35 մլն դոլար՝ դա միանշանակ ձեռքբերում է և տնտեսական արժեք է, որը ստեղծվել է մեկ տարվա ընթացում, և այդ ամենը` առանց որևէ պետական, կառավարական աջակցության, առանց դրամաշնորհների, առանց որևէ բանի. այդ ամենը մենք ինքներս ենք ստեղծել:
– Այդ մարդկանց մեջ կա՞ն հայեր:
– Այո, իհարկե, մենք հայեր ունենք մեր ստարտափների խմբերում: Այժմ ստարտափներից 3-ը հայեր են անում, որոնց հետ մենք հունվարին մեկնելու ենք Սիլիկոնային հովիտ: Ի դեպ, այս օրերին այստեղ «StartUp Day» մրցույթի մասնակից հայկական ստարտափ թիմերից հաղթող ճանաչված ընկերությունը, «Սկոլկովո» Ստարտափ Ակադեմիայի ուսանողների հետ համատեղ, կմեկնի Սիլիկոնային հովիտ, որտեղ երկու շաբաթվա ընթացքում կկազմակերպվեն հանդիպումներ առաջատար ընկերությունների ղեկավարների և վենչուրային հիմնադրամների հետ, կներկայացնեն իրենց Ստարտափ նախագիծը:
– Իսկ ի՞նչ համագործակցության ծրագրեր կան Հայաստանի հետ:
– «Սկոլկովոն» նաև հայկական նախագիծ է` Ռուբեն Վարդանյանի շնորհիվ, ով մեծապես աջակցել է «Սկոլկովոյի» կառավարման դպրոցի ստեղծմանը: Այսինքն` հենց հայերի մեծ աջակցության շնորհիվ է կառուցվել մեր դպրոցը, և մենք սիրում ենք աշխատել հայերի հետ: Եվ այս դպրոցում նույնպես ցանկանում ենք ավելի մեծ ծրագրեր իրականացնել Հայաստանի հետ: Մենք ցանկանում ենք զարգացնել մեր ծրագրերը Հայաստանի հետ: Հայաստանը մի վայր է, որտեղ կարող ես շատ բաներ անել, քանի որ այն փոքր երկիր է, իսկ ազդեցությունը դրա վրա կարող է բավականին մեծ լինել: Այսինքն` կարելի է այդ անբարենպաստ պայմանները վերածել բարենպաստ պայմանների, իսկ մինուսները դարձնել պլյուսներ:
Իհարկե, դուք կարիքն ունեք այդ ցանցի, դուք կարիք ունեք ուսուցիչների և ուղղորդողների, խորհրդատուների, ովքեր կարող են օգնել ձեզ: Եվ եթե դուք իրապես ցանկություն ունենաք սովորելու այլ մարդկանցից, ապա դուք պետք է բաց լինեք սովորելու համար և այդ ժամանակ դուք ավելի շատ հնարավորություն կունենաք նոր ինֆորմացիա ունենալու և հաջողության հասնելու: