Մեկ ամսում՝ մոտ 1 տոկոս գնաճ
2013թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.9% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 1.6%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.5%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.1% նվազում:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2013թ. հունվար-նոյեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.4%, ինչը 0.3 տոկոսային կետով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից (0.1%):
2013թ. նոյեմբերին 2012թ. նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 6.6%-ով, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 5.6%, ոչ պարենային ապրանքներինը` 3.9%, ծառայությունների սակագներինը` 10.1%, իսկ հունվար-նոյեմբերին 2012թ. հունվար-նոյեմբերի համեմատ` համապատասխանաբար 5.8%, 6.0, 4.7 և 6.1%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2013թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.5-1.2%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Կապանում: Մայրաքաղաքում սպառողական գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.8%-ով: