
Ճապոնիան գնելու է հեղուկացված գազի փոխադրման 90 լցանավ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի առաջատար ծովային փոխադրողները մտադիր են մինչև 2020 թվականը ավելի քան 17.6 միլիարդ դոլար ծախսել հեղուկացված գազի փոխադրման լցանավերի գնման վրա:
Այդպիսի գումարով հնարավոր կլինի գնել մինչև 90 լցանավ: Ծովային փոխադրման Mitsui ընկերությունը պլանավորել է հեղուկացված գազի փոխադրման համար իր նավատորմը 70 լցանավից մեծացնել մինչև 110 լցանավի:
Nippon Yusen ընկերությունը մտադիր է գնել 30 լցանավ և դրանով իսկ իր լցանավերի քանակը հասցնել մինչև 100-ի, իսկ Kawasaki Kisen Kaisha-ն իր լցանավային նավատորմը մեծացնելու է 20 միավորով:
The National պարբերականի տվյալներով՝ 2012 թվականի ապրիլի դրությամբ աշխարհում առկա է հեղուկացված գազի 365 լցանավ: Լցանավերն անհրաժեշտ են Հյուսիսային Ամերիկայից ու Ավստրալիայից վառելիքի ներկրման համար: