Ամուսինը 100.000 դրամ տուգանք է վճարել՝ կնոջը հարվածներ հասցնելու և դաստակն այրելու համար

Ամուսինը առաջին ատյանի դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել իր կնոջ մարմնին տարբեր մասերին հարվածներ հասցնելու և չպարզված գործիքով նրա դաստակն այրելու մեջ: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, իր վճռում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը գրել է, որ դատաքննությամբ պարզվեց, որ 2013 թվականի հունիսի 18-ին Ա.Գրիգորյանը վերադարձել է իր բնակարան, ներս մտել ու նկատել, որ իրերը գտնվում են խառնված վիճակում: «Քիչ անց երկու սենյակները միացնող ընդհանուր դռնից ներս է մտել Հ. Հովհաննիսյանը և սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Անահիտ Գրիգորյանի հասցեին: Այդ ժամանակ Ա. Գրիգորյանը դռան վրայից վերցրել է բանալիները, որպեսզի այլևս իր վրա դուռը չփակեն, սակայն Հրաչիկ Հովհաննիսյանը պահանջելով վերադարձնել բանալիները, ձեռքերով հարվածել է Անահիտ Գրիգորյանի մարմնի տարբեր մասերին և չպարզված գործիքով այրել է նրա ձախ ձեռքը` պատճառելով առողջության թեթև վնաս առողջության կարճատև քայքայումով: Անահիտ Գրիգորյանը ցավից բացել է ձեռքի ափը և Հրաչիկ Հովհաննիսյանը վերցրել է բանալիները, որից հետո Անահիտ Գրիգորյանը դուրս է եկել փողոց ու զանգահարել ընկերուհուն` Ժաննա Պետրոսյանին, այնուհետև գնացել է ոստիկանություն և տվել համապատասխան հաղորդում»,- ըստ datalex-ի՝ նշված է դատավճռում: Դատարանը նշել է, որ Հ. Հովհաննիսյանի կատարած արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներին:

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել և դատապարտել 100.000 դրամի չափով տուգանքի: Նրա կնոջ կողմից ներկայացված քաղաքացիական հայցը բավարարվել է մասնակի: Հօգուտ Ա. Գրիգորյանի՝ Հ. Հովհաննիսյանից կգանձվի 30.000 դրամ:  Նշենք, որ դատարնի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարկումից մեկ ամիս անց: Մեկամսյա ժամկետում այն կարող է բողքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

Տեսանյութեր

Լրահոս