«Այն միությունը, որը նախատեսում է ստեղծել պարոն Պուտինը, ավանտյուրա է…»
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի գնահատմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին նախորդող պատրաստական աշխատանքները «գավառամտության» արդյունք են:
168.am-ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն անդրադառնալով Գյումրիում և արդեն նաև Երևանում կատարվող աշխատանքներին, ասաց. «Բացասական եմ վերաբերում այս ամենին, սա գավառամտության դրսևորում և ցավալի է, որ 22 տարիների ընթացքում խորհրդային տապալումից հետո, մենք չկարողացանք վերականգնել մեր քաղաքակրթությունը, փոշիացրեցինք 22 տարիները: Ցավալի է, երբ նման վերաբերմունք ցուցաբերում են այն պետության ներկայացուցչի նկատմամբ, ով մասսայական ոչնչացման զենք վաճառեց Ադրբեջանին: Սա ոտնձգություն է մեր ինքնիշխանությանը և նման կերպ վերաբերմունք արտահայտե՞լ… գավառամտության դրսևորում է, որը մենք մեր միջից չենք հանել և սա է ձախողման պատճառը»:
Մեր հարցին, թե Վ. Պուտինը գալիս է Հայաստանի «սուվերենության հետևի՞ց», «Ժառանգություն խմբակցության ղեկավարը դրական պատասխան տվեց. «Իհարկե, գալիս է դրա համար: Բայց մյուս կողմից ինքը դեռ խնդիր ունի իր մեջ: Երբ մենք հետազոտում ենք պատմությունը, խորհրդային միության տնտեսությունը քանդվեց, հիմա էլ ՌԴ տնտեսությունն է քանդվում: Այն միությունը, որը նախատեսում է ստեղծել պարոն Պուտինը, ավանտյուրա է, չի էլ իրականանում…»:
168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով Հայաստանի սուվերենության վերաբերյալ նույն հարցադրմանը, ասաց. «Եթե մենք չկարողանանք սուվերենությունը պահել, ով ասես կտանի… մենք պետք է մեր սուվերենությանտերը լինենք»: