Բաժիններ՝

Սալմոնելոզները՝ որպես աղիքային վարակիչ հիվանդություն

Ինչպես սալմոնելոզը, այնպես էլ բակտերային և վիրուսային ծագում ունեցող մի շարք այլ աղիքային հիվանդություններ (որովայնային տիֆ, պարատիֆեր, դիզենտերիա, վիրուսային հեպատիտներ և այլն) փոխանցվում են կեղտոտ ձեռքերի, վարակված ջրի, սննդամթերքի միջոցով: Դրանք կարող են տարածվել ավերված բնակավայրերում, որտեղ խափանված են կոյուղին, ջրամատակարարման համակարգերը;

Սալմոնելոզի վտանգավոր աղբյուր են նաև սատկած անասունների դիակները: Դրա, ինչպես նաև՝ վերոհիշյալ հիվանդությունների կանխման համար առաջին հերթին՝ անհրաժեշտ է.

1. Խմելու և տնտեսական կարիքների համար օգտագործել միայն եռացրած կամ ախտահանիչ նյութերով վարակազերծած ջուր:

2. Անմիջապես ժամանակավոր սանհանգույց կառուցել և տեղ հատկացնել աղբի կուտակման համար:

Կարդացեք նաև

Սալմոնելոզներն առաջանում են սալմոնելային խմբին պատկանող մոտ երկու հազար տեսակի հարուցիչներից: Դրանց բնորոշ են կլինիկական արտահայտման տարբեր ձևերը: Սալմոնելոզների խմբին են պատկանում սննդային տոքսիկոինֆեկցիաները՝ որովայնային տիֆն ու պարատիֆը, ինչպես նաև՝ բուն սալմոնելոզը:

Սալմոնելոզը կարելի է համարել վաղ մանկական հասակի երեխաների հիվանդություն: Դա բացատրվում է վարակի նկատմամբ նրանց բարձր ընկալունակությամբ: Անհրաժեշտ է հիշել, որ վարակվում են նույնիսկ նորածինները:

Հիվանդության հարուցիչը՝ սալմոնելան, հայտնաբերել են ամերիկացի գիտնականներ Սալմոնը և Սմիթը՝ 1885 թվականին: Հետագայում տարբեր հեղինակներ հայտնաբերել և նկարագրել են նույն խմբին պատկանող բազմաթիվ հարուցիչներ: 1934թ. միջազգային կոնֆերանսում դրանք անվանվել են սալմոնելաներ՝ առաջին հայտնաբերող Սալմոնի անունով:

Սալմոնելաները շրջակա միջավայրում չափազանց կայուն են. չորացած կղանքային զանգվածում, հողում պահպանվում են տարիներ, -10 աստիճան ջերմության պայմաններում՝150 օր, սենյակի փոշում՝ 80 օր: 9 սմ հաստություն ունեցող 400գ մսի՝ սալմոնելաներ պարունակող կտորը վարակազերծելու համար պետք է եռացնել մոտ 2.5 ժամ:

Վարակի աղբյուր են հիվանդը և մանրէակիրը: Վերջինիս օրգանիզմում հարուցիչը կարող է պահպանվել օրեր և ամիսներ, եթե առկա են լյարդի, լեղուղիների, միզուղիների բորբոքային օջախներ՝ ողջ կյանքի ընթացքում: Վարակի աղբյուր են նաև ընտանի կենդանիները՝ կատուն, խոզը, մանր և խոշոր եղջերավոր անասունները, թռչուններից՝ աղավնին, բադը, սագը և հատկապես՝ հավը, ապա՝ ձկները, կապիկները, արջը, գայլը, կրիան, մկները, առնետները, ուտիճները:

Վտանգավոր են ոչ միայն միսն ու կաթը, այլև թռչնի ձուն, ընդ որում՝ կենսունակ սալմոնելաներ կարող են լինել ինչպես՝ ձվի կեղևի վրա, այնպես էլ՝ դրա պարունակության մեջ: Հիվանդությունն առաջանում է նաև հարուցիչներ պարունակող ջրից, ձվի փոշուց, կաթնամթերքներից, անասնակերից, ինչպես նաև՝ հիվանդին շրջապատող բոլոր առարկաներից, խնամող անձնակազմի աղտոտված ձեռքերից:

Վարակը հիմնականում փոխանցվում է սննդի, ջրի և շփման միջոցով: Վարակակիր մորից սալմոնելաները նորածնին են անցնում ներարգանդային կյանքում՝ ընկերքից  կամ ծննդաբերության ժամանակ:

Մինչև մեկ տարեկան երեխաները կարող են վարակվել օդակաթիլային ճանապարհով, երբ օդում պարունակվող հարուցիչներն օրգանիզմ են թափանցում ոչ թե բերանի խոռոչով, ինչպես լինում է սովորաբար, այլ քիթ-ըմպանով (սալմոնելոզի ռեսպիրատոր կամ գրիպանման ձևը): Օրգանիզմում հարուցիչները խախտում են աղիների լորձաթաղանթի կամ թոքահյուսվածքի ամբողջականությունը, անցնում մոտակա ավշահանգույցները, ավշի միջոցով՝ արյան մեջ, վերջինով՝ լյարդ, փայծաղ, ոսկրածուծ, երիկամներ, մակերիկամներ՝ նրանցում առաջացնելով բորբոքային օջախներ: Հետագայում մանրէներն օրգանիզմից հեռանում են մեզի, լեղու, թքի, կրծքի կաթի, կղանքի միջոցով:

Այսպիսով, ախտահարվում են բազմաթիվ օրգաններ, առաջանում է օրգանիզմի ընդհանուր վարակական տարածուն հիվանդություն:

Սալմոնելաները տեղակայվում են առկա բորբոքային օջախներում, և հիվանդը դառնում է մանրէակիր: Օրգանիզմի դիմադրողականությունը նվազելու դեպքում, արտաքին ու ներքին տարբեր ազդակների հետևանքով, հարուցիչներն ակտիվանում են, և հիվանդությունը սրանում է: Նման ազդակներ կարող են լինել սալմոնելոզային բարդությունները, գրիպը, սուր շնչառական հիվանդությունները, սննդի ռեժիմի խանգարումները,  արտաքին միջավայրի ջերմաստիճանի տատանումները, վնասվածքները և այլն:

Հիպոտրոֆիան, ռախիտը, էքսուդատիվ դիաթեզը, բնածին և ձեռքբերովի իմունային անբավարարությունը, ժամանակից շուտ արհեստական և խառը սնունդ տալը, ոչ ճիշտ խնամքն ու կենցաղային անբարենպաստ պայմանները ևս նպաստում են սալմոնելոզի սրացումներին, բուժման ընթացքի ձգձգմանը:

Պետք է հիշել, որ հիվանդին, ինչպես նաև՝ ապաքինված երեխային նոր սննդատեսակը տրվում է աստիճանաբար: Արգելվում են գրգռող, կծու, թթու սննդատեսակները:

Սնուցումը կազմակերպվում է միայն բժշկի խորհրդով:

Ժամանակին ձեռնարկված լիարժեք կոմպլեքսային բուժման դեպքում վաղ մանկական հասակի երեխաների մոտ սալմոնելոզն ընթանում է սուր վարակական հիվանդության ձևով, և երեխան առաջիկա 30-45 օրերի ընթացքում ապաքինվում է:

Ժամանակին ձեռնարկված, սակայն ոչ լիարժեք բուժման դեպքում, երբ հիվանդությունը հաճախակի սրանում է, մինչև 6 ամսական երեխաների 13.6%-ի մոտ այն ձեռք է բերում ձգձգվող ընթացք: Ուշ ախտորոշման, ինչպես նաև՝ ոչ ճիշտ բուժման հետևանքով՝ մինչև մեկ տարեկանների 2/3-ի մոտ կարող է վերածվել քրոնիկականի: Դրանից ելնելով՝ անհրաժեշտ է որքան կարելի է շուտ դիմել բժշկական օգնության:

Հիվանդության թեթև ձևերի դեպքում բուժումը կարելի է կազմակերպել տնային պայմաններում, իսկ միջին ծանրության և ծանր ձևերով հիվանդներինը՝ միայն հիվանդանոցում:

Վարակը կանխելու նպատակով անհրաժեշտ է միսը, ձուն, ձուկը, կաթը, ջուրը և ջերմային մշակման ենթարկվող այլ սննդատեսակները երեխային տալ միայն եռացնելուց հետո: Ձուն սառնարանում պետք է տեղավորել հոսող ջրի տակ լավ լվանալուց և չորացնելուց հետո: Արգելվում է օգտագործել ջերմային մշակման չենթարկված ճաշատեսակները: Ձեռքերը և մանկանը պատկանող պարագաները, ինչպես նաև՝ մրգերն ու բանջարեղենն անհրաժեշտ է լվանալ խնամքով: Ծնողները, խնամողները պարտավոր են պահպանել ինչպես՝ իրենց, այնպես էլ՝ մանուկների հիգիենայի կանոնները:

Սալմոնելաների մի խումբ ախտածին է՝ միայն մարդկանց, մյուսը՝ կենդանիների, իսկ երրորդը՝ թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների համար:

Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս