
ՌԴ ԱԳՆ-ը Կիևի համար չափազանց ոչ շահավետ գործարք է համարում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ը կարծում է, որ Ուկրաինան, ստորագրելով ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, էականորեն կսահմանափակի Մաքսային միության անդամ երկրների հետ համագործակցելու հարցում իր հնարավորությունները, և դա Կիևի համար լինի չափազանց ոչ շահավետ գործարք:
ՌԴ ԱԳՆ-ի՝ համաեվրոպական դեպարտամենտի փոխտնօրեն Իգոր Կապիրինը հայտարարել է, որ Ուկրաինայի ու ԵՄ-ի երկրների միջև փոխադարձ առևտրի ազատականացման դեպքում Կիևը երկարատև ժամկետով ստանձնելու է ԵՄ-ի պարտականություններն ու հրահանգները՝ հնարավորություն չունենալով մասնակցել դրանց մշակմանը:
Կապիրինը ՌԴ Դաշնային խորհրդում տեղի ունեցած «կլոր սեղանի» ժամանակ հայտարարել է, որ Կիևը դրանով իսկ էականորեն կսահմանափակի Մաքսային միության երկրների հետ առևտրա-տնտեսական համագործակցության իր հնարավորությունները:
Բացի այդ, Կապիրինն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ ԵՄ-ը «Արևելյան գործընկերության» մասնակիցների հանդեպ իր ջանքերն ակտիվացրել է Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի կողմից Մաքսային միություն և Միասնական տնտեսական տիրույթ ստեղծելուց հետո: Կապիրինն ընդգծել է, որ այդ կառույցները ստեղծվել են՝ 2015 թվականին Եվրասիական տնտեսական միություն ձևավորելու հեռանկարով: