Կորեական առակներ և լեգենդներ
Դատավոր արագիլը
Կիսան գավառում ապրում էր մի հարուստ մարդ, և նա ուներ մի ժլատ բարեկամ, ով մշտապես նրանից փող էր պոկում: Ի վերջո, հարուստին այս ամենն այնքան ձանձրացրեց, որ նա կարգադրեց ձերբակալել բարեկամին և նրան բերել Սեուլ, ուր նրանք պիտի դատի առաջ կանգնեին: Բայց բարեկամը դատավորին հարուստ նվեր մատուցեց, և նա դատը նրա օգտին լուծեց: Այդժամ հարուստը մի պատմություն պատմելու թույլտվություն խնդրեց:
– Խնդրեմ,- ասաց դատավորը,- թույլատրում եմ: Ես սիրում եմ պատմություններ լսել:
Եվ նա այսպիսի մի առակ պատմեց. «Մի անգամ երեք թռչուն վիճեցին, թե ով է նրանցից ավելի լավ երգում` կկո՞ւն, կեռնե՞խը, թե՞ կռունկը: Եկան նրանք արագիլի մոտ և խնդրեցին նրան դատավոր լինել: Բայց քանի որ կռունկն ինքը շատ լավ գիտեր, որ իր ճիչը սարսափելի է, նա դատից առաջ գնաց դեպի բրնձի դաշտը, այնտեղ գորտեր ու միջատներ որսաց և արագիլին նվեր բերեց: Վերջապես վրա հասավ օրը, երբ հարկ էր որոշել, թե ում երգն է լավագույնը: Դատավոր արագիլը հերթով ունկնդրեց բոլորին: Կեռնեխի երգը նա շատ թույլ համարեց, կկվի երգը` չափազանց միօրինակ, իսկ կռունկի երգը, ով ընդհանրապես սարսափելի ճչում էր, հիասքանչ գտավ, նույնիսկ` դյութական, և ասաց` այո, սա զորավարի ձայն է:
Լսելով այս առակը` դատավորը չզայրացավ ակնարկի համար և կարգադրեց դատապարտյալին ազատել և պատժել մեղավորին: Այսպես դատապարտյալ հարուստը համեմատեց դատավորին անխոհեմ արագիլի հետ, ով թույլ էր տվել, որ իրեն կաշառեն:
Թռչող եղնիկը
Գյուղում երկու պատանի վիճեցին: Մեկն ասում էր, որ եղնիկը թռչկոտում է: Ոչ, թռչում է. պնդում էր մյուսը: Վիճեցին նրանք, վիճեցին, ոչ մի կերպ չէին կարողանում միմյանց հետ լեզու գտնել, յուրաքանչյուրն իրենն էր պնդում: Վերջապես երկուսն էլ գնացին դատավորի մոտ և խնդրեցին, որ նա իրենց դատը տեսնի:
– Լավ,- ասաց դատավորն առաջին պատանուն,- դու ե՞րբ ես տեսել, որ եղնիկը թռչկոտում է:
– Մի անգամ գարնանը,- պատասխանեց նա:
– Ես գնում էի անտառով և տեսա, թե ինչպես եղնիկը սուրում և թռչկոտում է:
– Իսկ դու,- դիմեց դատավորը մյուսին,- դո՞ւ երբ ես տեսել, որ եղնիկը թռչում է:
– Մի անգամ տարվա յոթերորդ ամսին,- պատասխանեց նա,- մենք տոնում էինք աներոջս վաթսունամյակը: Բոլորը զվարթ էին և գինովցած: Երբ տուն դառնալիս, մենք անցնում էինք անտառեզրով, ես տեսա, թե ինչպես է եղնիկն ընթանում թփուտի վերնամասով, իսկ այն նույնիսկ չի շարժվում: Մի՞թե դա չի նշանակում, որ եղնիկը թռչում է: Դատավորը տեղնուտեղը հասկացավ, բայց ասաց, որ ուզում է տեղում տեսնել, թե ինչպես է ամեն ինչ եղել: Գնացին նրանք երեքով անտառեզրի կողմը և, իրոք, տեսան եղնիկին, որ արագ հեռանում էր թփուտներով պատված բլրի ստորոտով:
Որպեսզի վիճողներից ոչ մեկի հետ իր հարաբերությունները չփչացնի, խելացի դատավորն ասաց.
– Դուք երկուսդ էլ ճիշտ եք: Գարնանը եղնիկը ցատկոտում է, իսկ աշնանը` թռչում:
Նրանք երկուսն էլ գոհ էին այդպիսի որոշումից, վճարեցին դատավորին և բաժանվեցին` որպես լավ ընկերներ:
Տարօրինակ պաշտոնյան
Աստիճանավոր Խվանին մարդիկ հիշում են մինչև այսօր: Նա մեծ պաշտոններ էր գրավում տարբեր տիրակալների օրոք: Ամենահիանալին աստիճանավոր Խվանի մեջ այն էր, որ նա մարդկանց միշտ «այո» էր ասում: Նրա շուրթերն անկարող էին «ոչ» ասելու, եթե նույնիսկ դա ծայրաստիճան անհրաժեշտ էր: Թվում էր, թե ողջ տեղի ունեցողի հանդեպ նա անտարբեր էր: Նրա դեմքը երբեք մտահոգություն չէր արտահայտում: Մի անգամ նրա երկու ծառաներն ինչ-որ բանի պատճառով վիճեցին և ոչ մի կերպ չէին կարողանում համաձայնության գալ: Վերջապես նրանցից մեկը դիմեց իր տիրոջն ու ասաց.
– Ես վիճել եմ ընկերոջս հետ: Խնդրում եմ, մեր դատը տեսեք:
Եվ նա պատմեց նրան վեճի էությունը: Աստիճանավորը լսեց նրան ու պատասխանեց.
– Քո խոսքերը ճշմարիտ են: Դու ճիշտ ես:
Բայց հետո եկավ մյուս ծառան, պատմեց հենց նույն վեճի մասին և նույնպես խնդրեց աստիճանավորին դատել իրենց: Խվանը նրան ասաց.
– Քո խոսքերը ճշմարիտ են: Դու ճիշտ ես:
Պատահաբար այս ամենին ներկա էր նրա կինը: Նա ծիծաղեց ու ասաց.
– Օ,տեր իմ, ինչո՞ւ դուք պարզ լուծման չհանգեցիք: Չէ՞ որ դուք լսել էիք, որ ձեր երկու ծառաները վիճում էին միմյանց հետ: Մի՞թե ավելի պարզ չէր լինի մեկին ասել, որ նա ճիշտ է, իսկ մյուսին, որ սխալ է:
– Այո, ճիշտ է,- պատասխանեց նա,- դու ճիշտ ես:
Այս խոսքերը հասել են մեր օրերը: Եվ հիմա, երբ մարդիկ ուզում են ասել, որ ինչ-որ մեկը չի կարող վեճը լուծել, նրանք ասում են` դու դատում ես` ինչպես աստիճանավոր Խվանը:
Հարյուր կարկատանով ուսանողը
Հազար հինգ հարյուր տարի առաջ, Շիլա Չաբի դինաստիայի Կասրի տիրակալության ժամանակ, Կյոնջու ավանում կար-չկար մի առաքինի ուսանող: Նա բարի էր և ժուժկալ իր ցանկություններում, ինչպես նաև` խնայող, այդ պատճառով ամբողջությամբ կարկատաններով պատված հագուստ էր կրում: Լինում էին ժամանակներ, որ նրա շապիկի վրա կարելի էր հարյուրից ավելի կարկատան նկատել: Այդ պատճառով էլ նրան կոչում էին հարյուր կարկատանով ուսանող:
Ուսանողը երբեք չէր ամաչում իր աղքատությունից և երբեք չէր տրտնջում: Իսկ նրա կիրքը կոմունգո նվագելն էր` վեցլարանի երաժշտական գործիք, որը միշտ իր հետ տեղից տեղ էր տանում, ուր էլ գնար, և որի վրա հաճույքով նվագում էր ժողովրդի համար: Երբ նա նվագում էր, մարդիկ մոռանում էին իրենց վշտերի ու դժվարությունների մասին` ախորժանք ապրելով նրա հիասքանչ երաժշտությունից:
Մի անգամ, Նոր տարվա նախօրեին ողջ քաղաքը լցվել էր պատրաստվող բրնձի և բրնձակարկանդակների ձայներով ու բույրերով: Ուսանողի կինը, ունկ դնելով նախատոնական իրարանցմանը և տոնական ուտեստների բույրն առնելով` կամացուկ հոգոց հանեց:
– Մեր հարևաններն անընդհատ բրինձ են աղում տոնական ուտեստների համար,- կամացուկ նկատեց նա,- իսկ մենք հատիկ անգամ չունենք: Դե ինչպե՞ս ենք մենք Նոր տարին տոնելու:
Լսելով դա` ուսանողը ծիծաղեց:
– Թանկագինս,- ասաց նա կնոջը,- կյանքն ու մահը կախված են ճակատագրից, իսկ հարստությունն ու աղքատությունը` Երկնքից: Մեզ կարող է այցի գալ հարստությունը կամ աղքատությունը, և մենք չենք կարող դա կանխել, իսկ եթե նրանք քեզ լքեն, մենք չենք սկսի նրանց հետապնդել: Դե էլ ի՞նչ ասեմ: Ավելի լավ է ես փոքր-ինչ ուրախացնեմ քեզ իմ երաժշտությամբ: Հետո ուսանողը սկսեց նվագել իր կոմունգոյի վրա: Նրա երաժշտությունը հիասքանչ էր, մինչ այդ ոչ մեկը և երբեք դա չէր լսել: Դրանում լսելի էին առատ բերքահավաքից հետո բրինձ աղացող ջրաղացի ձայները: Ուսանողի կինը, լսելով երաժշտության զվարթ ու բերկրալի ձայները, հանգստացավ և մոռացավ իր բոլոր վշտերը: Երաժշտության կախարդական ձայներից դյութված, դեպի նրանց տուն շարժվեցին հարևանները, և նրանցից յուրաքանչյուրը տոնական հյուրասիրություն էր տանում ուսանողին և նրա կնոջը:
Այդ կենսուրախ մեղեդին, որ հորինել էր աղքատ ուսանողը, որը կոչվում է «Ջրաղացի երգը», հասել է մինչև մեր օրերը:
Կապիկի դատը
Մի անգամ աղվեսն ու շունը մի կտոր միս գտան և սկսեցին վիճել, թե ում պիտի այն պատկանի: Վիճեցին, վիճեցին և ոչ մի որոշման չեկան և դիմեցին կապիկին, ով կենդանիների մեջ ամենաիմաստունն էր համարվում, որպեսզի նա նրանց դատի: Կապիկն ուշադիր լսեց նրանց և ասաց.
– Քանի որ դուք երկուսդ էլ այդ մսակտորը միաժամանակ եք գտել, ես այն կբաժանեմ երկուսիդ միջև և յուրաքանչյուրիդ կտամ հավասար մասը:
Կապիկը նրանց աչքի առաջ միսը երկու մասի բաժանեց և դրանք դրեց կշեռքի վրա: Իհարկե, մի կտորը մյուսից ծանր դուրս եկավ: Կապիկը փոքր-ինչ դրանից կծեց և սկսեց նորից կշռել: Այժմ ավելի ծանր մյուս կտորն էր: Կապիկը փոքր-ինչ դրանից կծեց և սկսեց նորից կշռել: Դարձյալ առաջին կտորն ավելի ծանր դուրս եկավ, և կապիկը նորից դրանից փոքր-ինչ կծեց: Այդպես նա կտոր առ կտոր ամբողջ միսը կերավ, մինչև որ կշեռքի վրա ոչինչ չմնաց: Աղվեսն ու շունը դատարկաձեռն հեռացան:
Զարմանալի դատ
Մի ծեր մետաքսավաճառ մի անգամ թանկարժեք բեռուբարձով ուղևորվեց Փհենյանից դեպի հարավ: Նա ուզում էր Սարիվոնում երեսուներկու փաթեթ նրբահյուս շողշողուն մետաքս վաճառել: Ճանապարհին մութը վրա ընկավ: Ոչ գյուղ, ոչ հյուրանոց մոտակայքում չկար: Բարեբախտաբար, հենց ճամփեզրին վաճառականը մի ինչ-որ մեծահարուստի պարսպապատ գերեզմանոց տեսավ: Գերեզմանոցի բլրի աջ և ձախ կողմերից երկու մեծ քանդակներ էին կանգնած, որ պատկերում էին մինիստրների կամ գիտունների: Դրանց կողքին երկու նժույգ էին կանգնած: Այստեղ էլ վաճառականը որոշեց գիշերել: Նա իր բոլոր փաթեթներն իրար կապեց և գլխի տակ դրեց:
Շոգից և երկար ճանապարհից ուժասպառ` նա շատ շուտով ննջեց:
Երբ նա առավոտյան արթնացավ, մետաքսի կապոցն իր գլխատակին չէր, դրա փոխարեն` մի կոպիտ քար էր: Վաճառականը սարսափահար վեր թռավ, նրա բազմամյա աշխատանքի պտուղները, որ պիտի կերակրեին իրեն և իր ընտանիքին, ինչ-որ մեկն առևանգել էր: Նա տեղնուտեղը փութաց մանդարինի մոտ և նրան պատմեց իր դժբախտության մասին: Մանդարինն այդ հայտնի էր իր արդարությամբ առ աղքատներն ու հալածյալները, իսկ չարագործների հանդեպ նա անողոք էր: Այդ պատճառով ժողովուրդը նրան սիրում ու փառաբանում էր: Լսելով վաճառականին, մանդարին-դատավորը նրան հարցրեց.
– Արդյո՞ք նա գերեզմանոցի մոտակայքում ոչ մեկին չի տեսել:
– Ոչ մեկին, պարոն,- պատասխանեց վաճառականը,- բացի երկու մեծ քարարձանից, որ կեցած էին գերեզմանաբլրի երկու կողմում:
– Ուրեմն, ոչ մի կենդանի էա՞կ,- դարձյալ հարցրեց դատավորը:
– Ոչ, ես իրոք ոչ մի մարդու չեմ տեսել:
– Դե ինչ, ուրեմն ստիպված կլինենք այստեղ հասցնել այդ քարարձանները,- որոշեց մանդարինը,- թող նրանք վկա լինեն:
Մարդիկ շատ զարմացած էին, ինչո՞ւ քարուքանդ անել գերեզմանոցը և բերել մունջ քանդակները: Բայց դատավորն իրենն էր պնդում:
– Դատարանն ու արդարությունը պահանջում են դա,- ասաց նա: -Գողությունը մեծ չարագործություն է, այն զզվելի է նույնիսկ անբառ էակների համար:
Բնակիչներին շատ հետաքրքիր էր, թե ինչ կլինի հետո: Բոլորն ուզում էին ներկա գտնվել այդ զարմանալի դատին: Դատավորը սկզբում նրանց դա թույլ չէր տալիս, բայց ի վերջո համաձայնեց, որպեսզի տեղաբնակներից երեսուն հոգի ներկա գտնվեն այդ դատաքննությանը:
Դատը սկսվեց: Սկզբում ընթերցվեցին ինչ-որ հատվածներ դասական չինական գրքերից, իսկ հետո` մի քանի պարբերություն տեղային օրենսգրքից: Այդժամ դատավորը բարձր և հանդիսավոր հարցրեց քարարձանին, որ բերվել էր գերեզմանոցից դատարանի դահլիճ.
– Դո՞ւ ես գողացել մետաքսը:
Քանդակը լռում էր:
– Քանի որ նա չի ուզում խոսել, նրան մահակով մի վաթսուն անգամ հարվածեք,- ասաց դատավորը:
Ծառայողները վերցրին իրենց ծանր կաղնեփայտերը և սկսեցին քարը ծեծել: Այդտեղ մարդիկ չկարողացան իրենց ծիծաղը զսպել: Լսելով այդ` մանդարինը հանկարծ զայրացավ.
– Երբ ես իմ որոշումներն եմ կայացնում, ոչ մեկը ծիծաղելու իրավունք չունի,- բացականչեց նա,- դրա համար դուք բոլորդ կպատժվեք:
Մարդիկ սկսեցին ներողություն խնդրել, բայց մանդարինն անողոք էր:
– Ես ձեզ դատապարտում եմ տուգանքի,- ասաց նա: -Ձեզնից յուրաքանչյուրը պիտի գնի մի փաթեթ մետաքս և բերի այստեղ:
Երեսուն բնակիչները, որ ներկա էին դատավարությանը, փորձեցին վիճել, բայց ի վերջո ստիպված էին ենթարկվելու և, որպեսզի ավելի խիստ պատժի չարժանանան, լքեցին դատարանի դահլիճը: Որոշ ժամանակ անց նրանք վերադարձան: Նրանցից յուրաքանչյուրը թևատակին մի փաթեթ մետաքս էր կրում:
Վաճառականը հազիվ էր տեսել հյուսվածքը և մեկ էլ բացականչեց.
– Բայց սա հենց այն մետաքսն է, որ ինձնից գողացել էին:
Մանդարինը բոլորին հարցուփորձեց, թե ում մոտից էին այդ գործվածքը գնել: Վաճառողին դատարան բերեցին, իսկ շուտով գտան և գողին:
Այդպես երկու քարարձանն իսկապես մերկացրին հանցագործին և ապացուցեցին, որ նույնիսկ մունջ էակների համար գողությունը զազրելի է:
Արքայական կատակներ
ՊԻ դինաստիայի առաջին արքա Տխեժոն ուներ մի Մուն Խակ Տեսա անունով իմաստուն խորհրդական: Մի անգամ արքան որոշեց ի նշան նրա հանդեպ առանձնահատուկ հարգանքի` խնջույք կազմակերպել: Հավաքվեցին խնջույքի պալատական աստիճանավորները, հայտնի խորհրդականներն ու նախարարները: Ուտում, խմում, ուրախանում են: Գինին գետի պես հոսում էր: Գինովցան հյուրերը: Եվ արքան նույնպես: Եվ թագավորը Մուն Խակին այսպիսի խոսքերով դիմեց.
– Լսեք, ուսուցիչ, ինչո՞ւ դուք ինձ չեք դիմում` ինչպես հավասարը հավասարին: Չէ՞ որ դուք իմ լավագույն ընկերն եք: Եկեք կատակենք:
– Կատակներն արքաների հետ վատ են վերջանում, իսկ ինձ համար գլուխն իմ թանկ է,- թեթև խոնարհվելով` ասաց Մուն Խակը:
– Դուք, ուսուցիչ, խոզ եք,- պատասխանեց ժպտալով արքան: -Դե մի խելացի կատակ հորինեք:
Իսկ դուք, ձերդ գերազանցություն, նման եք բուլի (Բուլը` բուդդայական աստվածության բարձրագույն աստիճանն է, վանական, ով կատարելապես ճանաչել է Բուդդայի ուսմունքը):
– Այդ ի՞նչ եք ասում, ուսուցիչ: Ես հասարակ մահկանացու եմ, ինչպես և դուք: Մի ամաչեք, կատակեք ձեր թագավորի գլխին:
Եվ այդժամ Մուն Խակն ասաց.
– Խոզը, ձերդ գերազանցություն, իր առջև միայն խոզ է տեսնում, իսկ բուլի հայացքին հասանելի է նույնիսկ Ամենակարողը:
Օրինական և ապօրինի երեխաները
Նախկինում Կորեայում կային օրինական և ապօրինի երեխաներ, բայց ահա ինչ-որ ժամանակից ի վեր բոլոր երեխաները դարձան օրինական: Մինիստրներից մեկն օրինական զավակ չուներ և, սովորության համաձայն, նա պիտի որդեգրեր ինչ-որ մեկին իր օրինական ցեղից, որպեսզի նրան հանձներ իր իրավունքները և ունեցվածքը: Նրա ընտրությունը կանգ առավ իր զարմիկի վրա: Նշված օրը, երբ հավաքվեցին այդ ծիսակատարության համար մինիստրի տանը բոլոր հանրահայտ մարդիկ, և ժամանեց ինքը` կայսրը, հյուրերի մոտ ելավ տանտիրոջ տասնամյա տղան` իր ձեռքերի մեջ բռնած բազում սրածայր փայտիկներ: Հյուրերից յուրաքանչյուրին նա այդպիսի փայտիկ տվեց ու ասաց.
– Հանեք իմ աչքերը, եթե ես իմ հոր տղան չեմ:
– Դու որդին ես:
– Ուրեմն հանեք իմ աչքերը, եթե իմ զարմիկն իմ հոր որդին է:
– Բայց նա որդին չէ:
– Ուրեմն, ինչո՞ւ եք դուք զրկում ինձ` իմ հոր որդուն, իմ իրավունքներից:
– Այդպիսին է օրենքը,- պատասխանեցին նրան,- և ըստ օրենքի` դու ապօրինի ես:
– Իսկ գուցե ոչ թե ես, այլ օրենքն է անօրինական:
– Դե, ինչ ասես կարող է պատահել:
– Ո՞վ է օրենքները գրում,- հարցրեց տղան:
– Մարդիկ,- պատասխանեցին նրան:
– Դուք մարդի՞կ եք,- հարցրեց տղան:
– Մե՞նք,- հյուրերը միմյանց հետ խորհրդակցեցին ու պատասխանեցին,- Մարդիկ ենք:
– Ուրեմն, ձեզնից է կախված,- ասաց երեխան,- սխալ օրենքը փոխելը:
Այդժամ կայսրն ասաց.
– Բայց չէ՞ որ տղան այնքան էլ հիմար չէ, ինչքան թվում է, և իսկապես, ինչո՞ւ չփոխենք անարդարացի օրենքը:
Եվ օրենքը փոխեցին, և այդ ժամանակից ի վեր Կորեայում չկան ապօրինի երեխաներ:
Ինչպե՞ս հայտնվեցին մկները, և երբվանի՞ց դադարեցին ծերերին սպանել
Նախկինում ծերերին, երբ նրանք վաթսուն տարեկան էին դառնում, սպանում էին: Մի տղա շատ էր իր հորը սիրում, և, երբ նրա վաթսուն տարին լրացավ, նկուղում թաքցրեց նրան, ուր էլ որ տանում էր սնունդը: Մի անգամ դղյակի վրա ինչ-որ կովաչափ սարսափելի գազաններ հարձակվեցին` մոխրագույն, նեղ, երկար մռութներով, երկար-բարակ պոչերով: Բոլորը գլուխները կորցրին և չգիտեին, թե ինչ անեին:
Այդժամ ծեր այրն ասաց.
– Հարկ է գտնել ութ փութանոց մի կատվի:
Գտան յոթուկես փութանոց մի կատվի:
– Կերակրեք կատվին,- ասաց ծերունին,- մինչև որ նա ութ փութ դառնա: Երբ կատուն ութ փութ դարձավ, նրան բաց թողեցին այդ կենդանիների վրա: Եվ ահա թե ինչ պատահեց: Տեսնելով նրան` գազանները սկսեցին փոքրանալ, մինչև որ վերածվեցին սովորական մկների, որոնց էլ հենց բռնում են սովորական կատուները: Երբ կայսրը իմացավ, որ բոլորին դժբախտությունից փրկել է, ապա այդ պահից ի վեր թույլատրեց ծերերին ապրել այնքան, ինչքան կամենան:
Այդպես երկրի երեսին հայտնվեցին մկները` մեղավորներն այն բանի, որ ծերերին այլևս չեն սպանում:
Թե ինչպես Կորեայում ճերմակը դարձավ կյանքի գույնը
Պատմում են, որ հին ժամանակներում Կորեային տիրակալում էր մի բարի արքա: Միայն թե հիվանդությունը չի հարցնում, թե ով է բարի և ով` չար: Արքան տկարացավ: Հավաքվեցին իմաստուն ծերերն ու բժիշկները, մտորում-խորհրդածում են, թե ինչպես արքային բուժեն, մեկը մի դեղաբույս է առաջարկում, մյուսը` այլ մի բան: Այդժամ առաջ եկավ նրանցից ամենաիմաստունն ու ամենագետն ու ասաց.
– Արքան կաթի պես ճերմակ է դարձել: Կնշանակի, որ նրան հենց կաթով էլ պետք է բուժել:
Աղմուկ բարձրացավ.
Ավելի լավ է մեռնել քան օրենքը խախտել:
Նույնիսկ նորածնին կաթ չեն տալիս, երբ մայրականը կորչում է:
Այդժամ ասաց ամենաիմաստունն ու ամենագիտունը.
– Երկրի օրենքները գրում է արքան` Երկնքի կամոք: Երկինքը նայում է Երկրին իր աչքերով` աստղերով: Աստղերը թարթում են` զրուցում են մեզ հետ: Նրանց լեզուն հասկանում են միայն աստղագուշակները: Ահա և նրանք ինձ ասացին, որ Առավոտյան Թարմության Երկրում արքաներին թույլատրվում է կաթ խմել: Իմաստուններն այլևս չվիճեցին, խոնարհվեցին ամենագետի առաջ: Այն մասին, որ արքային թույլատրվում է կաթ խմել, ազդարարեցին ողջ երկրով մեկ, ինչպես մեր օրերում, երբ կարևոր լուրերը տպում են թերթերում: Միայն թե կաթն արքային չօգնեց: Նա մահացավ: Ինքը կաթից ճերմակ դարձավ: Եվ մարդիկ սգո ճերմակ հանդերձանքներ հագան, ողջ կյանքը երկրում կանգ առավ, արգելեցին զոհաբերությունները, հարսանիքներն ու դատերը, պատիժները, ծոմ պահեցին: Արդեն գահին բազմեց այլ մի արքա: Իսկ մարդիկ դեռ սգում են: Երեք տարի կրում էին սգո հանդերձանքները, իսկ երբ հանեցին, մյուս արքան ևս մահացավ: Դարձյալ սգո հանդերձներն էին կրում: Հանեցին` երրորդը մահացավ: Եվ դարձավ սպիտակ գույնը կյանքի գույնը` մինչ արքաները մահանում էին, շատ մարդիկ լույս աշխարհ եկան: Եվ մինչև այսօր էլ կորեացիները ճերմակ հագուստ են կրում:
Գիտենք
Ապրում էին մի ժամանակ մարդ ու կին, լավ մարդիկ, բայց միայն թե ոչ մեկին մինչև վերջ չէին լսում և միշտ գոռում էին` «Գիտենք, գիտենք»:
Մի անգամ նրանց մոտ եկավ մի մարդ և մի խալաթ բերեց:
– Եթե սա հագնեք և մի կոճակը կոճկեք,- ասաց մարդը,- ապա մի արշին երկրից վեր կբարձրանաք, իսկ եթե երկուսը կոճկեք` համարյա երկնքին կհասնեք, իսկ երեքը կոճկելիս` ընդհանրապես երկինքի մեջ կհայտնվեք:
Ամուսինը, փոխանակ հարցներ, թե ինչպես պիտի վերադառնար, գոռաց.
– Գիտենք:
Խալաթը հագավ, մեկեն բոլոր կոճակները կոճկեց և թռավ երկինք: Իսկ կինը նրա վազում էր ու գոռում.
– Տեսեք, տեսեք, ամուսինս թռչում է:
Այդպես վազում էր նա, մինչև որ ընկավ անդունդը, որը չէր տեսել, որովհետև անընդհատ երկնքին էր նայում: Անդունդի հատակին մի գետ էր հոսում: Ասում են` ամուսինը վերածվեց արծվի, իսկ կինը` ձկան: Եվ դա, իհարկե, դեռ շատ լավ է այնպիսի բերանբացների համար, ինչպիսին նրանք էին:
Ո՞ւմ նվերն է ավելի լավը
Հենց Արևելյան ծովի մոտ, վարդերի Հեռաստանում, Վոնսան քաղաքի մոտ կանգնած էր մի տուն: Այնտեղ ապրում էր գեղեցիկ և խելացի, արևային աղջիկ Ան Ռան Դյուն: Սիրեցին այդ աղջկան երեք պատանի, երեք ընկեր: Ան Ռան Դյուն երկար մտածում էր թե ո՞ւմ հետ ամուսնանա: Գնաց նա ծեր իմաստուն գուշակի մոտ, որ ապրում էր Սև վիշապի լեռնանցքում: Իմաստունը զարդատուփից երեք ոսկեդրամ հանեց, որպեսզի նա դրանք տա պատանիներին, թող նրանք նվերներ գնեն, և ումը ամենալավը լինի` նա էլ ընտրյալն է:
Աղջիկը վերադարձավ տուն և պատանիներին կանչեց իր մոտ;
Ան Ռան Դյուն յուրաքանչյուր պատանուն հանձնեց իր ոսկեդրամն ու ասաց.
– Գնեք ամուսնական նվերներ, ումն ամենաարժանավորը լինի` նրա հետ էլ կամուսնանամ: Մի տարի կսպասեմ: Դուք պիտի վերադառնաք միասին նույն օրը:
Նրանք երեքն էլ շատ հեռու գնացին: Մեծ Չինական պատից էլ անդին, մինչև մոնղոլական անապատներն ու տափաստանները, վիթխարի տարածությունների, հիասքանչ պարտեզների ու պարզկա արևի երկիրը: Արդեն ճանապարհին նրանցից մեկը Չինաստանում մի հայելի գնեց: Հայելին այդ հիասքանչ էր, եթե ցանկանաս մեկին տեսնել, ապա տեղնուտեղը կտեսնես և կիմանաս, թե ինչ է նրա հետ պատահել, և թե ինչ է նա անումգ Պատանին մտածում էր. «Միշտ կտեսնեմ Ան Ռան Դյուին, ուր էլ որ լինեմ, և հետո նա էլ միշտ կտեսնի ինձ, ուր էլ որ ես լինեմ:
Մյուս պատանին Մոնղոլիայում մի ուղտ գնեց, այնպիսի մի ուղտ, որ, եթե կամենաս մի տեղ լինել, նստիր այդ ուղտի վրա և մեկեն կլինես այնտեղ: Նա որոշեց, որ սերն ապացուցող դրանից լավ նվեր չի կարող լինել: Չէ՞ որ հենց կամենաս, կլինես գեղեցկուհի Ան Ռան Դյուի մոտ:
Իսկ երրորդ պատանին պարզկա արևի, վիթխարի տարածությունների և հիասքանչ պարտեզների երկրում մի խնձոր գնեց: Եթե մեկը հիվանդանա,, ապա նա պիտի ուտի այդ խնձորը և տեղնուտեղը կկազդուրվի: «Իսկ հանկարծ եթե Ան Ռան Դյուն հիվանդանա՞»,- մտածում էր պատանինգ
Հավաքվելով պայմանավորված տեղում, նրանք սկսեցին խոսել իրենց Ան Ռան Դյուի և նրա համար նախատեսված նվերների մասին:
Պատանիները կարոտել էին աղջկան (և հենց տարին լրացել էր այն պահից ի վեր, երբ նրանք տնից գնացել էին), որ միանգամից որոշեցին նայել հայելուն, տեսնել գեղեցկուհի Ան Ռան Դյուին և իմանալ, թե ինչ է նա անում:
Նայեցին և բոլորը դժգունեցին: Ան Ռան Դյուն մահանում էր:
Նրանք տեղնուտեղը նստեցին ուղտի վրա և հենց այդ պահին հայտնվեցին աղջկա տան մոտ: Իջնելով հիասքանչ ուղտից, նրանք տուն մտան և կանգնեցին Ան Ռան Դյուի անկողնու մոտ: Ան Ռա Դյուն հանգչում էր, բայց տեսնելով պատանիներին` նրանց գլխով արեց, ասես հրաժեշտ տալով, և արցունքները նրա աչքերից վար հոսեցին:
– Նվերները բերեցի՞ք, բայց ո՞ւմ են դրանք պետք:
Սակայն երրորդ պատանին խնձորը մեկնեց նրան և աղջկան ասաց, որպեսզի նա արագ այն ուտի: Ան Ռան Դյուն կերավ խնձորը և մեկեն շառագունեց, զվարթացավ, ժպտաց պատանիներին, ինչպես նախկինում, և բոլորի սրտերում լույս իջավ: Ան Ռան Դյուն ելավ, մոտեցավ բաց պատուհանին, նայեց բարձր լեռնակատարներին, ծաղկած խնձորենիներին, ծովի շողշողացող հայելուն և, շրջվելով դեպի պատանիները` խնդրեց նրանցից յուրաքանչյուրին պատմել իր և իր նվերի մասին, չէ՞ որ մի տարին անցել էր:
Լսելով պատմությունները` Ան Ռան Դյուն պատանիներին հարցրեց.
– Դե, ո՞ւմ հետ ես ամուսնանամ:
Բայց ընկերները չկարողացան պատասխանել: Այդժամ Ան Ռան Դյուն, հոգոց հանելով, նրանց ասաց.
– Ինքներդ որոշեք: Դուք բոլորդ ինձ օգնեցիք ձեր նվերներով:
Երեք օր ու երեք գիշեր, ծովի ափին, խարույկի մոտ նստած, պատանիները մտածում էինգ Եվ չէին կարողանում որոշել` եթե չլիներ խնձորը, ինչպե՞ս նրանք կփրկեին աղջկա կյանքը, բայց եթե չլիներ հայելին, ինչպե՞ս նրանք կիմանային Ան Ռան Դյուի սարսափելի հիվանդության մասին, իսկ եթե չլիներ արագավազ ուղտը, ինչպե՞ս նրանք ժամանակին տեղ կհասնեինգ Դե, ուրեմն, երեքից ո՞ւմ գերապատվություն տալ:
Այդժամ Ան Ռան Դյուն կանչեց նրանց:
– Եթե ես ընտրությունը ճիշտ կատարեմ,- ասաց նա,- թող որ հինավուրց զանգը, որ միշտ հնչեցրել են, երբ հարկ էր բարդ ու դժվար մի խնդիր լուծել, թող ինքը հնչի: Դուք իսկական ընկերներ ու բարեկամներ եք, դուք դա ապացուցեցիք ձեր նվերներով, և լոկ միասին դուք, շնորհիվ ընկերության, կարողացաք ինձ օգնություն ցուցաբերել ծանր պահին: Բայց ես կամուսնանամ նրա հետ, ով ինձ նվիրեց խնձորը: Ձեր մոտ մնացին ձեր նվերները, դուք, նվերներն ընտրելիս, մտածում էիք ձեր մասին, իսկ հիասքանչ խնձորի տիրոջը խնձորից ոչինչ չմնաց, դե, նա նույնիսկ չէր էլ մտածում իր մասին, այլ միայն իմ մասին: Ես կամուսնանամ նրա հետ:
Այդ պահին օդում ծավալվեց հինավուրց զանգի զնգոցը: Եվ արևային Ան Ռան Դյուն ամուսնացավ այն պատանու հետ, ով իրեն խնձոր էր նվիրել: Չէ՞ որ նա մտածում էր աղջկա մասին, նրա կյանքի մասին, և ոչ միայն այն մասին, որպեսզի փութանակի նրան տեսնի, որպեսզի ժամ առաջ նրա կողքին լինի:
Ռուսերենից թարգմանեց ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ