Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը հոգեկան ծանր ապրումներ ունի

Նոյեմբերյանի զորամասերից մեկում շարքային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտական փուլում է: Ըստ Դատախազության հաղորդագրության՝ մայիսի 18-ին Դավիթ Խաչատրյանին՝ հարուցված քրեական գործի շրջանակներում, մեղադրանք էր առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Գործում որպես մեղադրյալ ներգրավված Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ քրեական գործի նյութերը ծանոթացման համար ներկայացվել են իրենց:

Erem Sargsyan03«Գործի նյութերին ծանոթացել ենք: Նյութերից ակնհայտ է, որ միակողմանի քննություն է արվել: Դավիթ Խաչատրյանի արարքը ճիշտ չի որակված: Եվ հենց այդ առումով էլ, քանի որ միակողմանի քննություն կա, մենք ձեռնպահ մնացինք այդ խնդիրները բարձրաձայնելուց, քանի որ հասկանալի էր, որ ինչ միջնորդություն էլ ներկայացնենք, այդ նույն տրամաբանությամբ մերժվելու էր: Ավելին, նախաքննական մարմինն արդեն տեղյակ էր լինելու մեր պաշտպանական մարտավարությունից, հետևաբար՝ ձեռնպահ մնացինք այդ առումով որևէ միջնորդություն ներկայացնելուց»,- մեզ հետ զրույցում ասաց Երեմ Սարգսյանը:

Նա նշեց, որ  միջնորդություն են ներկայացրել միայն Դավիթ Խաչատրյանի  տեսակցությունների արգելքը հանելու համար. մինչ օրս քրեական գործով մեղադրյալը ոչ մի կերպ չէր կարող տեսակցել հարազատների հետ: «Կարծում ենք, որ պետք է բավարարվի, քանի որ նախաքննությունն  ավարտվել է, և այլևս որևէ շահ չկա տեսակցությունների արգելքը պահպանելու համար: Պատասխանը դեռ չենք ստացել: Միջնորդությունը բավարարելուց կամ քննարկելուց հետո, իմ կարծիքով՝ գործը կուղարկվի դատարան»,-  ասաց Երեմ Սարգսյանը: Նրա խոսքով՝ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Կարդացեք նաև

Դավիթ Խաչատրյանին կալանավորելուց հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն այցելել էին նրան: 168.am-ի հետ զրույցում ՄԻՊ խոսնակ Նաիրա Կարմիրշալյանն ասել էր, որ ՄԻՊ խորհրդական Երանուհի Թումանցյանի հետ հանդիպման ընթացքում Դավիթ Խաչատրյանը շատ բան չի պատմել: Նաիրա Կարմիրշալյանն ասել էր, որ ամեն անգամ դեպքը հիշելիս՝ Դ. Խաչատրյանը լաց է եղել:

Երեմ Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է Դավիթ Խաչատրյանի առողջական վիճակը: «Առողջական վիճակն, ըստ էության, բավարար է, բայց հոգեկան ծանր ապրումներ ունի, քանի որ նա որևէ դիտավորություն և նպատակ չի ունեցել իր համածառայակից ընկերներին նման վնաս պատճառելու, հատկապես՝ սպանելու: Բավական ծանր է տանում: Եթե անգամ դիտենք այդ քննչական փորձարարության տեսագրությունը, նա մի քանի անգամ կարծեք թե ուշաթափվում է, և բժշկական միջամտության կարիք է լինում. նրա արտաքին տեսքից էլ հասկանալի է, որ նա շատ ծանր ապրումներ է ունենում՝ այդ դրվագները հիշելով և պատմելով»,- ի պատասխան՝ ասաց փաստաբանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս