Լյուքս Ստեփանյանի սպանության գործով ձերբակալված Դավիթ Խաչատրյանը շատ բաներ չի պատմել ՄԻՊ աշխատակցին, նա անընդհատ լաց է եղել
ՄԻՊ մամուլի խոսնակ Նաիրա Կարմիշարլյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՄԻՊ գրասենյակը մշտապես կապ է պահպանում Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին հնչած կրակոցի հետևանքով հրազենային վնասվածք ստացած զինծառայող Հրաչյա Սարգսյանին բուժող բժիշկների հետ:
«Բժշկի տեղեկացմամբ՝ 7 օր էր անհրաժեշտ, որպեսզի որևիցե տեղեկություն տային՝ արդյոք վիճակը կայունանալո՞ւ է, ինչպե՞ս է լինելու վիճակը, դրակա՞ն է զարգանալու, թե՞ ոչ: Այս շաբաթվա վերջում 7 օրը լրանում է, և մենք այս շաբաթվա ավարտին կրկին այցելելու ենք, որ տեսնենք` հետագա զարգացումն ինչպե՞ս է լինելու»,- ասաց Նաիրա Կարմիշարլյանը:
ՄԻՊ խոսնակը նշեց նաև, որ հնարավոր է՝ ՄԻՊ գրասենյակից նորից այցելեն գործով մեղադրյալ Դավիթ Խաչատրյանին: Նաիրա Կարմիշարլյանի խոսքով՝ մայիսի 18-ին Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների հարցերով փորձագետ Երանուհի Թումանյանցի և Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզի գրասենյակի իրավաբան Արամայիս Մելքոնյանի հետ հանդիպման ընթացքում Դավիթ Խաչատրյանը շատ բաներ չի պատմել. «Նա շատ հուզված էր, իր վիճակն էլ այնպիսին չէր, որ մանրամասն պատմեր: Հիմնականում ասում էր՝ չեմ հիշում՝ ինչպես է տեղի ունեցել այդ դեպքը»:
Նաիրա Կարմիշարլյանն ասաց նաև, որ հանդիման ընթացքում ամեն անգամ դեպքը հիշելիս Դավիթ Խաչատրյանը լաց է եղել:
Նշենք, որ ըստ նախաքննության տվյալների՝ մայիսի 15-ին ժամը 15:30-ի սահմաններում թիվ N զորամասի 1-ին պահակախմբի մուտքի դիտորդ, նույն զորամասի ԿՍ-19 ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանը վիճաբանության մեջ է մտել պահակախմբում ընդգրկված ԿՍ-19 ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի հետ, որի ժամանակ շարքային Դ.Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել է շարքային Լյուքս Ստեփանյանի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ նույն ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոց:
Մայիսի 18-ին որոշում է կայացվել Դավիթ Խաչատրյանին ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով և ՀՀ քր. օր-ի 112 հոդ-ի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ինչպես նաև որոշում է կայացվել Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն դատարան ներկայացնելու մասին: