
Նոյեմբերյանում զինվորի սպանության գործով շարքային Դավիթ Խաչատրյանը կներգրավվի որպես մեղադրյալ

Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ՀՀ զինվորական դատախազությունը տեղեկացնում է, որ ըստ նախաքննության տվյալների՝ 15.05.2013թ՝ ժամը 15:30-ի սահմաններում թիվ N զորամասի 1-ին պահակախմբի մուտքի դիտորդ, նույն զորամասի ԿՍ-19 ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանը վիճաբանության մեջ է մտել պահակախմբում ընդգրկված ԿՍ-19 ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի հետ, որի ժամանակ շարքային Դ.Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել է շարքային Լ.Ստեփանյանի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ նույն ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոց:
Փաստի առթիվ 15.05.2013թ-ին ՀՀ ՊՆ ՔԾ 6-րդ կայազորային քննչական բաժնում` ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբի:
15.05.2013թ.-ին Դավիթ Խաչատրյանը ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել և որպես կասկածյալ հարցաքննվել է:
Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննում և այլ անհետաձգելի քննչական ու դատավարական գործողություններ, հետազոտման համար վերցվել են նմուշներ, նշանակվել է դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ, ինչպես նաև հարցաքննվել են պահակախմբի՝ դեպքի պահին պահակակետում գտնված բոլոր զինծառայողները:
Այսօր՝ 18.05.2013թ որոշում է կայացվել Դավիթ Խաչատրյանին ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով և ՀՀ քր. օր-ի 112 հոդ-ի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ինչպես նաև որոշում է կայացվել Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն դատարան ներկայացնելու մասին:
Դավիթ Խաչատրյանը պահվում է ՀՀ ՊՆ Վանաձորի ՌՈ բաժնի մեկուսարանում: