Շարմազանովը՝ բյուջեով ծնելիությունը խթանելու և ընդդիմության՝ լուսանցքում հայտնվելու պատճառների մասին
ԱԺ-ում 2014թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արտահերթ ձայնի իրավունք խնդրեց և հայտարարելուհամար, թե բնական է, երբ հիմնական քաղաքական փաստաթղթի՝ պետական բյուջեի, քննարկման ժամանակ քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց կարծիքը: Շարմազանովը հավաստիացրեց, թե ինքը՝ որպես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ, դրական է գնահատում քաղաքական բազմակարծությունը, որը ժողովրդավարության զարգացման լոկոմոտիվն է:
Այնուամենայնիվ, ԱԺ փոխնախագահն ասաց, թե իր համար անհասկանալի է, երբ մարդիկ խոսում են քաղաքական մերժողականության լեզվով և ոչ թե հստակ քննադատության ենթարկում բյուջեի նախագիծը. «Քննարկելու իրավունք ունենք և ես չեմ բացառում, որ կան թերություններ, բայց ամեն ինչ տեսնում եք սև ակնոցներով ու խոսում ինչ-որ հուսահատության մասին: Ձեզ որևէ մեկդ հարց չե՞ք տալիս՝ էդ հուսահատության համար քաղաքական ընդդիմության մեղքը չկա՞, որ 5 հոգով 15 երգ երգ եք երգում, թե՞ ձեզ նյարդայնացնում է այն հանգամանքը, որ հայտնվել եք քաղաքական ու քաղաքացիական պրոցեսների լուսանցքում ու այս ամբիոնն ուզում եք օգտագործել նոր դաշինքների համախմբման համար: Ի սեր Աստծո, ինչքան ուզում եք համախմբվեք, ինչքան ուզում եք միացեք: Ես դրան կողմ եմ, բայց եթե դրանք գաղափարական չեն, ապա ձախողված են»:
Նա անդրադարձավ ընդդիմության կողմից աղքատության ու անվտանգության վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին՝ ասելով. «Իհարկե, մեր պետության համար կան լուրջ մարտահրավերներ՝ անվտանգության համակագի ամրապնդում, աղքատության նվազում, ծնելիության մեծացում: Այս բյուջեի նախագծում կա՞ն այս հարցերի պատասխանները: Կան, իհարկե, կան: Այլ հարց է, որ դրանք բավարա՞ր են, թե՞ ոչ, մեր ցանկությունների բյուջե՞ն է, թե՞ չէ: Իհարկե, սա մեր երազանքների, ցանկությունների բյուջեն չէ, բայց անընդունելի եմ համարում, որ շուրջ 230.000 մարդու աշխատավարձի բարձրացման մասին բան չեք խոսում»:
Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա Շարմազանովն ասաց, թե իր կարծիքով, Հայաստանում թիվ մեկ խնդիրը ոչ թե արտագաղթն է, այլ՝ ցածր ծնելիության մակարդակը: Նա նկատեց. «Մեր բյուջեի նախագծով խթանվո՞ւմ է ծնելիությունը: Իհարկե, այո, բացեմ՝ նայեք: Բյուջեն, քաղաքական իշխանությունն այնքան խոցելի թևեր ունենք, որ բերեք անկեղծ լինենք՝ այո, մենք ունենք բազում թերություններ, բայց ամեն ինչ ներակայացնել սև ակնոցներով, այն, ինչ գոյություն չունի, չի բխում հենց ձեր շահերից, որովհետև նման գործողությունների արդյունքում եք դուք հայտնվել քաղաքական պրոցեսների լուսանցքում»: