Դավիթ Հարությունյանը՝ ընդդիմության կողքին

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ երեկ բավականին լարված մթնոլորտում փակ խորհրդակցություն է տեղի ունեցել: Հ. Աբրահամյանը խորհրդակցություն էր հրավիրել՝ պարզելու, թե ինչո՞ւ են ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին արգելել տեսակցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Շանթ Հարությունյանին ու մյուս կալանավորվածներին:

Հիշեցնենք, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48 հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորները կալանավայրեր անարգել մուտք և ելք կատարելու իրավունք ունեն, այդ թվում՝ կալանավորների խցեր:

Խորհրդակցությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ՀԱԿ պատգամավորներ Լևոն Զուրաբյանն ու Նիկոլ Փաշինյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ Կորյուն Նահապետյանն ու Վարդան Այվազյանը: Խորհրդակցությունը բավական հետաքրքիր զարգացումներ է ունեցել. պարզվել է՝ արդարադատության ներկա և նախկին ՀՀԿ-ական նախարարներ Դավիթ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանը լուրջ տարակարծություններ են ունեցել կոնկրետ հոդվածի մեկնաբանության առնչությամբ:

Մեր տեղեկություններով՝ Հ. Թովմասյանն ասել է, որ պատգամավորները, այդ թվում՝ Ն. Փաշինյանը, օրենքի համաձայն՝ ՔԿՀ-ներ ազատ ելքի ու մուտքի հնարավորություն ունեն, բայց ոչ` կալանավորներին տեսակցելու: Նրա հետ, բնականաբար, համամիտ չեն եղել Լ. Զուրաբյանն ու Ն. Փաշինյանը: Սակայն նրանց միացել է նաև Դավիթ Հարությունյանը, ըստ էության, հակադրվելով իր կուսակից նախարարին: Ըստ Դ. Հարությունյանի՝ ՔԿՀ մուտքի և ելքի իրավունքը ներառում է նաև կալանավորներին տեսակցելու հնարավորություն, սակայն Հ. Թովմասյանը հակառակն է պնդել:

Կարդացեք նաև

Երեկ Դ.Հարությունյանից փորձեցինք ճշտել՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են մեր տեղեկությունները, որ իր և Հրայր Թովմասյանի միջև բանավեճ է տեղի ունեցել օրենքի վերոնշյալ հոդվածի վերաբերյալ: Նա հրաժարվեց պատասխանել` պատճառաբանելով, որ խորհրդակցությունը փակ, գաղտնի է եղել: Իսկ հարցին, թե` համամի՞տ եք Հ. Թովմասյանի այն տեսակետի հետ, թե կալանավայրեր անարգել ելքի ու մուտքի իրավունքը միանգամայն տարբեր է կալանավորին տեսակցելու իրավունքից, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ոչ, համաձայն չեմ»:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Հ. Թովմասյանը նույնպես հայտարարեց, թե ՔԿՀ մուտքի ու ելքի, ինչպես նաև տեսակցելու իրավունքները տարբեր են: «Մուտքն ու ելքն ազատ են, և կան հստակ ընթացակարգեր. առաջին հերթին` նա պետք է համաձայն լինի, որ այդ անձինք իր հետ հանդիպեն, պետք է լինի համապատասխան դիմում, այդ անձն իր հետ ունենա համապատասխան փաստաթուղթ, և պետք է լինի ՔԿՀ պետի որոշումը:

Այսինքն` այս պարագայում մենք տեսնում ենք, որ եղել է քննիչի որոշում: Մնացածի դեպքում, երբ որ կարգելվի պատգամավորի մուտքն ու ելքը, տարածքում շրջելը, տարբեր տեղերում լինելը, ծանոթանալը՝ իմ կողմից համապատասխան միջոցներ կձեռնարկվեն»,- նշեց նախարարը` ավելացնելով, թե Ն. Փաշինյանը ցանկացել է տեսակցություն ունենալ մի անձի հետ, որի բոլոր տեսակցությունները քննիչի որոշմամբ սահմանափակված են եղել, այսինքն՝ արգելված է եղել Շանթ Հարությունյանին այցելել:

Ն. Փաշինյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, թե Հ. Աբրահամյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ իրեն ասել են, որ չեն կարող տեսակցելու հնարավորություն տալ, չեն կարող խցերի դռները բացել: Փաշինյանը մոտ մեկ ժամ տևած խորհրդակցությունը որակեց` «շատ բուռն». «Ես մասնակիցներին ասացի, որ առաջիկա օրերին նորից կայցելեմ քրեակատարողական հիմնարկ, որպեսզի վիզուալ տեսնեմ, թե ի՞նչ արդյունք ունեցավ էս խորհրդակցությունը: Բայց իմ հստակ դիրքորոշումն այն է, որ ԱԺ պատգամավորը քրեակատարողական հիմնարկում չի կարող հանդիպել սահմանափակման` որևէ դատապարտյալի, կալանավորի հետ շփվելու, նրա բողոքները լսելու, ՔԿՀ-ում տիրող վիճակն ուսումնասիրելու առումով»: Նա նաև հայտարարեց, թե լինելով պատգամավոր՝ մինչ օրս նման խոչընդոտի չի հանդիպել: Նաև նշեց, թե որպես կանոն՝ «փոքր ապօրինությունն արվում է ավելի մեծ ապօրինությունը կոծկելու համար»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լ. Զուրաբյանն էլ ասաց, թե խորհրդակցության ժամանակ Հրայր Թովմասյանն օրենքն այնպես է մեկնաբանել, որ հակասել է նույնիսկ Հայաստանի Սահմանադրությանը՝ չկարողանալով հիմնավորել իր տեսակետը. «Արդարադատության նախարարը հակասում է օրենքի տառին և ոգուն: Նա փորձում է սահմանափակել պատգամավորի իրավունքները, միաժամանակ, մենք հակված ենք այն մտքին, որ ՔԿՀ-ում իսկապես բռնության դեպքեր են կատարվում, հակառակ դեպքում՝ այսպիսի հակազդեցություն չէր լինի նախարարի կողմից»:

Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խորհրդակցությանը ներկա վարչապետ Տիգրան Սարգսյանը որևէ կարծիք չի հայտնել քննարկվող թեմայի առնչությամբ: Ասում են՝ նա ամբողջ ընթացքում լուռ հետևել է Հրայր Թովմասյան-Դավիթ Հարությունյան իրավագիտական բանավեճին:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս