«Ցուցմունքներ տվել է խոշտանգումների, ծեծի, սպառնալիքի արդյունքում». Երեմ Սարգսյան

Ավազակային հարձակման փաստի առթիվ հարուցված քրեական գործի նկատմամբ անլուրջ, անփույթ վերաբերմունք է դրսևորվել` սկսած ոստիկանություն Վաղարշապատի բաժնից, շարունակվել 1 Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այժմ դեռևս դատաքննությունը չսկսած շարունակվում է քրեական վերաքննիչ դատարանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գործով ամբաստանյալ, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճռով մեղավոր ճանաչված Գուրգեն Գասպարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: «Այդ ամենը բոլոր փուլերում եղել է դատախազության ակտիվ մասնակցությամբ»:

Հիշեցնենք, որ Գուրգեն Գասպարյանին 2012թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նրան մեղադրում են 2009թ. նոյեմբերի 3-ին մի խումբ անձանց հետ ավազակային հարձակում կատարելու մեջ. ըստ մեղադրանքի՝ նրանք զինված մուտք են գործել բնակարան, բնակարանի տերերի նկատմամբ բռնություն են գործադրել, հափշտակել 1600 եվրո գումար և հեռախոս:

Երեմ Սարգսյանը, սակայն, հայտարարեց, որ Գուրգեն Գասպարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը բացարձակապես անհիմն է: Ըստ նրա՝ նախաքննական մարմինը գործել է հակառակ տրամաբանությամբ. նախ մեղադրանք է առաջադրել Գուրգեն Գասպարյանին, հետո միայն սկսել է ապացույցներ ձեռք բերել.

«Նախաքննության և ամբողջ դատաքննության ընթացքում որևէ հիմնավոր ապացույց ձեռք չի բերվել, որը կհաստատեր այս մեղադրանքի հիմնավոր լինելը: Ավելին՝ հենց դատաքննության ընթացքում հստակ, անառարկելիորեն հիմնավորվեց, որ Գուրգեն Գասպարյանը այս հանցագործությունը չի կատարել, սակայն դատավորը՝ առանց գործում եղած ապացույցներին ուշադրություն դարձնելու, օրենքի կոպտագույն խախտումներով նրան մեղավոր ճանաչեց և դատապարտեց 10 տարի ժամկետով ազատազրկման»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Փաստաբանը մատնանշեց քրեական գործում առկա մի շարք խախտումներ: Ըստ նրա՝ գործի նյութերից ակնհայտ է, որ Գուրգեն Գասպարյանը հատուկ է ներքաշվել այս քրեական գործում:

Երեմ Սարգսյանի խոսքով՝ դեռ այն ժամանակ, երբ քրեական գործում որևէ տեղեկություն չկար Գ. Գասպարյանի մասին, քննիչը որոշում է կայացրել Գ. Գասպարյանի բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար միջնորդություն ներկայացնել դատարան:

«Այդ որոշման մեջ նշում է. Ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Գուրգեն Գասպարյանը Մանուկ Մանուկյանի հետ միասին մասնակցել է այդ ավազակային հարձակմանը: Ամբողջ քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ այդ փաստաթուղթը, գրությունը, հաղորդումը որևէ մեկը չի կարող գտնել քրեական գործում: Չկա նման փաստաթուղթ, որ նման տեղեկություն է ստացվել»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ դատարանում քրեական գործի նյութերի ուսումնասիրության ընթացքում պարզ է դարձել, որ գործում հղում է կատարված կոնկրետ փաստաթղթերի, սակայն դրանք առեղծվածային պայմաններում անհետացել են գործից:

Երեմ Սարգսյանը նշեց, որ այս հանգամանքի մասին ինքը մի քանի անգամ հայտարարել է դատարանում, սակայն դատավորն ու դատախազն այնպիսի «անտարբերություն» են ցուցաբերել, կարծես թե նախապես տեղյակ են եղել՝ ինչ հանգամանքներում են այդ փաստաթղթերը անհետացել, կամ էլ՝ դա իրենց համար սովորական երևույթ է:

Երեմ Սարգսյանի խոսքով՝ այս քրեական գործից անջատված մասը քննած դատավորը 2011-ին հեռակա կարգով Գուրգեն Գասպարյանին մեղավոր էր ճանաչել. «Դատավորը հաստատված հանգամանքների շարքում նշում է, որ Ռոման Բարսեղյանը, Անուշավան Գրիգորյանը ավազակային հարձակումը կատարել են հենց Գուրգեն Գասպարյանի հետ միասին»:

Դա, ըստ փաստաբանի, անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտում է:

Երեմ Սարգսյանի հավաստմամբ՝ ամբողջ դատաքննությունը նույնպես ընթացել է օրենքի կոպտագույն խախտումներով. դատավորն, ըստ նրա՝ չի փորձել որևէ ապացույց օբյեկտիվորեն գնահատել: Նրա փոխանցմամբ՝ դատարանը օրենքի խախտմամբ՝ փորձել է հրապարակել ամբաստանյալ Ռոման Բարսեղյանի ցուցմունքը. եթե անձը դատաքննության ընթացքում չի հարցաքննվել, քրեական դատավարության օրենսգիրքը թույլ չի տալիս հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները: Դատարանն իր վճռով՝ Գուրգեն Գասպարյանին դատապարտել է 10 տարի ազատազրկման և ապացույցների շարքում ներառել այնպիսիները, որոնք դատաքննության ընթացքում, նրա խոսքով՝ չեն հետազոտվել:

Դատաքննության ընթացքում, ըստ փաստաբան Երեմ Սարգսյանի, Գ. Գասպարյանի կինը ցուցմունք է տվել, որ Գորգեն Գասպարյանը հանցագործության կատարման ժամանակ գտնվել է հարևանի տանը: Դրանից հետո, Երեմ Սարգսյանի ներկայացմամբ՝ դատավորը ասել է. «Բոլոր դեպքերում նորմալ մարդը, թեկուզ և հարևանը ժամը 12-ին մեկը մյուսի տուն չի գնա, թեկուզ և հրավիրեն ու ստիպեն, որովհետև էդ այն ժամն է, երբ մարդիկ տներում հանգստանում են»:

Դատարանում Երեմ Սարգսյանը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, որը մերժվել է:

Գուրգեն Գասպարյանի մեղքի գերապացույցը, փաստաբանի խոսքով, գործով դատապարտված Ռոման Բարսեղյանի նախաքննական ցուցմունքն է: Հետագայում, սակայն, դատարանում Ռ. Բարսեղյանը հայտնել է, որ նախաքննական ցուցմունքներ տվել է  խոշտանգումների, ծեծի սպառնալիքի արդյունքում:

Ըստ փաստաբանի՝ Ռոման Բարսեղյանի նախաքննական ցուցմունքն ուղղորդված է եղել: Դատարանում նա հայտնել է, որ իր նախաքննական ցուցմունքում այնպիսի տվյալներ է նշել, որոնց մասին դեպքից 7 ամիս անց չէր կարող  հիշել. նա առաջին անգամ հարցաքննվել է 7 ամիս հետո:

Որպես օրինակ Երեմ Սարգսյանը նշեց, որ իր նախաքննական ցուցմունքում Ռոման Բարսեղյանն ասել է, թե 2012թ. նոյեմբերի 2-ին ժամը 18:10-ի սահմաններում հեռախոսով խոսել է Գուրգեն Գասպարյանի հետ: Նրա փոխանցմամբ՝ իրականում զանգը եղել է 18:09-ին, նույնը օրը, ըստ Ռ. Բարսեղյանի ցուցմունքի, ժամը 23:25-ի սահմաններում զանգահարել է Գուրգեն Գասպարյանին. ելքային զանգն, ըստ Ե. Սարգսյանի՝ իրականում եղել է 23:25-ին: Բացի այդ, փաստաբանի տեղեկացմամբ՝ Ռոման Բարսեղյանը քրեակատարողական հիմնարկից դիմում է գրել Արմավիրի մարզի դատախազին և քննչական բաժնի պետին ու հայտնել, որ լրացուցիչ ցուցմունքներ է ցանկանում տալ, ցանկանում է նոր հանգամանքներ հայտնել: Նրա դիմումը, սակայն, անպատասխան է մնացել: Մեկ այլ դիմում Ռոման Բարսեղյանը գրել է «Հրազդան» ՔԿՀ-ից:

«Դիմում է գրել քննիչին և նշել, որ այդ ավազակային հարձակման մեջ չգիտակցելով, անհիմն մեղադրել է Գուրգեն Գասպարյանին: Այդ դիմումը կրկին քրեական գործում չկա»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Այժմ Երեմ Սարգսյանը առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել է վերաքննիչ քրեական դատարան: Դատարանը որոշում է կայացրել բողոքը վարույթ ընդունելու մասին. վերաքննիչ բողոքը քննության է առնվելու միայն դատավճռի մասով, իսկ ինքնաբացարկի մասին որոշումը մերժելու մասով թողել է առանց քննության. ըստ դատարանի՝ այն ենթակա չէ բողոքրման վերաքննիչ դատարան: Միևնույն ժամանակ վերաքննիչ դատարանն իր նւոյւն որոշման վերջին մասում գրել է. «Որոշումը ենթակա է բողոքարկման»: Փաստաբանի խոսքով՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը դեռևս օրինական ուժի մեջ չմտած՝ դատախազությունը հեռուստահաղորդում է պատրաստել, որտեղ Գուրգեն Գասպարյանին ներկայացրել է որպես հանցագործության կազմակերպիչ. նման հանգամանք չկա նույնիսկ դատավճռում:

«Քաջ հասկանալով, որ որևէ ապացույց չկա քրեական գործում, չկարողանալով կոնկրետ ապացույցի հղում անել՝ այդ տեսանյությում հղում է կատարել այնպիսի ապացույցների, որոնք բացարձակապես չկան քրեական գործում»,- ասաց փաստաբանը: Նրա խոսքով՝ դատախազությունը ևս խախտել է իր պաշտպանյալի անմեղության կանխավարկածը:

Տեսանյութեր

Լրահոս